Ամերիկյան դատարանի վճռով՝ Վարդան Այվազյանից պետք է բռնագանձվի 37,5 մլն դոլար
Ինչպես նշվում է hetq.am-ը իր այսօրվա հրապարակման մեջ, Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի դեմ` հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի։
Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման եւ այդ որոշումը (թիվ. 12,1260), առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02):
Ըստ վճռում եղած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։
Ընկերությունը ներգրավել էր միջազգային եւ տեղի իրավաբանների՝ դուստր ընկերության դեմ ուղղված ապօրինի եւ կոռումպացված գործընթացների հիման վրա պատասխանատվության ենթարկելու համար։ 2006 թ. նոյեմբերի 7-ին ընկերությունը սահմանել է 30-օրյա բարի կամքի ժամկետ՝ բանակցությունների համար (որը նախապայման էր 2003 թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պետք է տեղի ունենար երեք հայտնի վաճառողների/բաժնետերերի, նախկինում ծպտյալ բաժնետեր եւ մյուս բաժնետերերին ուղղորդող Այվազյանի հետ։
Միջազգային առեւտրի պալատի(«ՄԱՊ») կանոնների համաձայն՝ ընկերությունը 2006թ-ի դեկտեմբերի 29-ին դիմել է Փարիզում տեղակայված արբիտրաժ։ 2008 թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող ներկայանալ ՄԱՊ-ի արբիտրաժ։
2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն։ Այնուհետեւ՝ 2011 թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով:
2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա եւ/կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալը նախադեպերին։
Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա ԳԳՄ-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։
Ընկերությունը ծանուցել է ՄԱՊ-ին առ այն, որ մնացած երեք բաժնետերերի նկատմամբ ընթացող արբիտրաժը պետք է դադարեցվի վիճարկելի լինելու հիմքով՝ հաշվի առնելով Այվազյանի հանդեպ կայացրած որոշումը։
Hetq.am-ը հիշեցնում է, որ որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև այդ ոլորտում համաձայնագիր առայսօր չի ստորագրվել, և Նյու Յորքի դաշնային դատարանի կայացրած վճիռը Վարդան Այվազյանի նկատմամբ դժվար թե որևէ իրավական հետևանք ունենա։ Ընկերության իրավաբանը «Հետքին» տեղեկացրել է նաև, որ վճիռը եւ կատարողական թերթը ուղարկվել են Վարդան Այվազյանի երկու հասցեներով՝ Երեւան եւ Չարենցավան: