Բաժիններ՝

Խաղողը մթերվում է 140-400 դրամով

Արմավիրի ՄԱՊ կոնյակի-գինու գործարանը 10-15 օր առաջ արդեն սկսել էր խաղողի մթերման աշխատանքները: Այս մասին 168.am-ը տեղեկացավ ՄԱՊ ընկերության ֆինանսական գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանից:

Ըստ Ա. Խաչատրյանի, ՄԱՊ կոնյակի-գինու գործարանն ունի արտադրական մեծ հնարավորություններ, և, ըստ դրա, մթերելու է մեծ քանակությամբ խաղող: «Արդեն մթերում ենք կարմիր խաղողը: Մթերման գինը 150 դրամ է, որն այսօրվա մթերման գնի տվյալներով՝  ամենաբարձր գինն է: Արդեն մթերել ենք 300 տոննա խաղող: Նախապատրաստվում ենք մթերելու սպիտակ խաղողը՝ 140 դրամով»,- ասաց նա:

Հարցին, թե  ի՞նչ ծավալների արտադրանք կարող է գործարանը մթերել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր արտադրական հնարավորությունները մեզ մեծ քանակի մթերումներ են թույլ տալիս: Բացի դա, ունենք գյուղացիների հետ կնքած շուրջ 100 խաղողի մթերման պայմանագրեր: Բացի այդ պայմանագրերից, ունենք նաև համագործակցություններ խոշոր ֆերմերների հետ, որոնց հետ ամեն տարի համագործակցում ենք: Նրանց հետ պայմանագիր չունենք: Որքան էլ որ լինի այս տարվա խաղողի քանակը, մեր արտադրական հնարավորություններից ելնելով, Արմավիրի մարզի և ոչ մի ֆերմերի չենք նեղացնի»:

168.am-ի հարցին, թե նախորդ տարի ՄԱՊ-ն ի՞նչ գնով է խաղող մթերել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Անցած տարի մթերման գինը եղել է 130-150 դրամ: Միջին գինն, այնուամենայնիվ, եղել է 140 դրամը»:

Խոշոր վերամշակող «Արմենիա Վայն« ՍՊԸ-ն այս տարի ևս խաղողի մթերման ծավալները կորոշի գնվելիք հումքի որակից: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ընկերությունից: Մեր` խաղողի մթերվող քանակի և որակի մասին արված հարցմանն ի պատասխան, ընկերությունից փոխանցեցին, որ օգոստոսի 16-ից ընկերությունը սկսել է խաղողի մթերման գործընթացները: «Խաղողը մեր կողմից գնվում է հետևյալ գներով. սպիտակ տեսակները՝ կիլոգրամը 140-180 դրամ, կարմիր տեսակները՝ մինչև 220 դրամ, իսկ Արենի տեսակի առանձին խմբաքանակները՝ 400 դրամ»,- ասվում է ընկերության գրավոր պատասխանում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ մթերվող խաղողի գինը չպետք է ցածր լինի 140 դրամից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս