
ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները մեկնարկեցին

Հայաստանում սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները, որոնք անցկացվում են «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: ՀԱՊԿ ԱԱՀՈւ հավաքական ուժերի հրամանատարը գեներալ-մայոր Կամո Քոչունցն է:
Զորավարժություններին կմասնակցի մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Ի պատիվ զորավարժությունների բացման` դեսանտայինները զորավարժարանի վրանային ճամբարի տարածքում պաշտոնական բացման արարողության տրիբունայի առջեւ պարաշյուտիստների դասակի ցուցադրական վայրէջք կիրականացնեն` պարաշյուտային ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:
Սեպտեմբերի 15-19-ը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստորաբաժանումները կյուրացնեն Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի կիրառման հարցերը: Այսպես, սեպտեմբերի 15-17-ը զորավարժությունների ղեկավարությունն ու ԱԱՀՈՒ կառավարման մարմինները կմշակեն եւ կծրագրավորեն համատեղ գործողությունները: Սեպտեմբերի 17 –ին գլխավոր փոձարկումների ընթացքում կիրականացվի ԱԱՀՈՒ հրամանատարության փոխգործակցության մակարդակի եւ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոնտինգենտի ստորաբաժանումների կարգավորվածության ստուգում:
Ուսումնամարտական առաջադրանքի կատարման պրակտիկ գործողությունների փուլը կանցկացվի սեպտեմբերի 19-ին: Պայմանական հակառակորդի ագրեսիան ետ մեղելու պրակտիկ գործողություններն աչքի կընկնեն բարձր ինտենսիվությամբ եւ մանյովրներով ու կանցկացվեն ավիացիայի եւ հրետանու աջակցությամբ, այդ թվում` կիրառելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ավարտական փուլում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման եւ արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման հատուկ գործողությունների զորավարժություններ կանցկացնեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարմինների (ՆԳՆ, ԱԻՆ, փրկարար ծառայություններ) ստորաբաժանումները` ռազմական հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ: Զորավարժություններին մասնակցում են նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները: