Բաժիններ՝

Չինաստանի դեսպանը գյուղնախարարից հետաքրքրվել է համագործակցության հնարավորությունների մասին

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, վերջինիս խնդրանքով:

 

Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն: «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու  շատ բան ունենք:  Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջև փոխշահավետ կապերը դեռևս հեռու են լիարժեք լինելուց»,-նշեց նա:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը  նախ գոհունակությամբ  նշեց, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության  համար, և դա նկատելի է, այնուհետև խնդրեց  որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների և ոլորտների  մասին:

 

Նախարար Սերգո Կարապետյանը` որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների և գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու  հնարավորության ուսումնասիրությունը,  ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների և հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության , պտղաբուծության, անասնաբուծության և շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի  համատեղումը , ինչպես նաև  գյուղացիական կոպերատիվների և ապահովագրական համակարգերի ստեղծման, և հատկապես, գյուղքատնտեսական հողատեսքերի  արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը:

 

Դեսպան Չանչունը պատրաստակամություն հայտնեց բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը և փոխանցեց ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով  Չինաստան այցելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս