
Ուրիխանյանը «Nouvelles d’Armenie»-ի հարցազրույցում Գագիկ Ծառուկյանի անունը չի տեսե՞լ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցը մեկնաբանելու որևէ ցանկություն չունի, քանի որ այնտեղ Գագիկ Ծառուկյանի անունը չի տեսել:
«Այդ ի՞նչ ասեմ՝ հայտարարությու՞ն, թե հարցազրույց կոչվածի վերաբերյալ իմ ասելիքն ասել եմ. մեր առաջնորդի անուն-ազգանունը ես այնտեղ չեմ տեսել, լսել և հետևաբար, որևէ մեղադրանք կամ քննադատություն մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասել է նա:
«ԲՀԿ-ի հասցեին ասվածի վերաբերյալ արդեն ասել եմ, որ դրանք անհիմն արտահայտություններ են: Եթե եղել է, (Ռ. Հայրապետյանի հարցազրույցը:- Tert.am), եթե չի եղել…»,- ավելացրել է ԲՀԿ մամուլի քարտուղարը` ի պատասխան այն հարցի, թե նշված հարցազրույցը վարած Սեդա Մավյանի՝ մամուլին տված պարզաբանումից հետո այն մասին, որ Ռ. Հայրապետյանը նման բան ասել է, ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ դիրքրորոշումը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցի՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող հատվածից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը կապվել է Ռուբեն Հայրապետյանի հետ և վերջինս հավաստիացրել է, որ նման բան չի հայտնել:
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ հարցազրույցը վարած Սեդա Մավյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած և հրապարակված ցանկացած միտք և արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից: