Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ձեռք չի տալիս շատերին
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված «Կուտակային կենասաթոշակների բարեփոխումների մասին» նախագծին՝ ասաց, որ դա ընդունելու դեպքում ՀՀ աշխատաշուկայում ակտիվություն չի լինելու:
«Գործատուները չեն ստեղծելու նոր աշխատատեղեր, որովհետև այս համակարգը մեկ աշխատատեղի հաշվարկով բերում է գործատուների համար ավելի մեծ ինքնարժեքի՝ գործատուները չեն գնալու այդ քայլին, և չեն ստեղծելու նոր աշխատատեղեր: Երկրորդ խնդիրն էլ չի լուծվում՝ փոխհատուցման հարաբերակցության խնդիրը, որովհետև որևէ երաշխիք չկա, որ կենսաթոշակառուն նույնիսկ 23 տարի հետո:
Եվ ոչ միայն չկա այդ երաշխիքը, այլ նաև դինամիկ զարգացող աշխարհում, երբ եկամուտները փոփոխվում են, ինֆլյացիան անընդհատ կատարում է իր դերը, իր խնդիրը կատարում է, 2014թ. կատարած վճարումները լրիվ ուրիշ վճարումներ են համարվելու: Եվ երրորդ խնդիրն էլ չի լուծվում՝ կայունության խնդիրը, որովհետև այս համակարգի ներդրման արդյունքում ոչ թե կենսաթոշակային համակարգն է զարգանալու, ոչ թե կենսաթոշակառուների բարեկեցությունն է բարձրանալու, այլ բացառապես ֆինանսական շուկաների վիճակն է դրականի գնալու: Այլ կերպ ասած՝ այս բարեփոխումները ֆինանսական հատվածին՝ բանկերին և վարկային կազմակերպություններին լրացուցիչ սնուցմանն ուղղված գործողություններ են»,- նշեց Ա. Մինասյանը:
Վերջինիս խոսքով՝ այս բարեփոխումենրի ընդունումն առաջացնելու է դեմոգրաֆիական խնդիր: «Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ձեռք չի տալիս շատերին, և այդ շատերի թվում, ցավոք, մարդիկ ու կառույցներ են, որոնք խրախուսում են Հայաստանի կապիտալի արտահանումը դուրս: Մեր առջև կանգնում է նոր ժողովրդագրական մարտահրավեր՝ աշխատաշուկայի այսպիսի անմխիթար պայմաններում էլ, եթե հայ կանայք էլ որոշեն երեխա ունենալու իրենց ցանկությունը հետաձգել՝ սա բերելու է նոր ժողովրդագրական բացասական իրավիճակի առաջացմանը»,- հայտարարեց Ա. Մինասյանը: