«Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ, ինչո՞ւ քանի՞ տոկոսով»

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց` կապված ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման հետ:  Սակայն նրա փոխարեն հարցին պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հ. Բագրատյանն, ի դեպ, նշեց, որ թեպետ ինքը ՀՀ կառավարության կողմից ստացել է գրավոր պատասխան, սակայն այն իրեն չի բավարարել:

«Ստացել եմ պատասխան, որ 74 մլդ դրամով ֆինանսավորվել է ֆինանսաբանկային համակարգը և ՓՄՁ–ները վարկավորելու համար։ Պատասխանն ինձ չի գոհացնում։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ, ինչո՞ւ քանի՞ տոկոսով»,- ասաց Բագրատյանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պատասխան, ասաց, որ բանկային կառույցներն արդեն այդ գումարները փոխանցել են իրական կառույցներին: «Տրամաբանությունն այնն է, որ վերցնում է կառավարությունը, տալիս է սուբյեկտներին, որ նրանք տան վարկ: Կենտրոնական բանկը սահմանում է չափանիշները, և արդեն բանկը  որոշում է կայացնում, թե ում պետք է տա, և ինչ պայմաններով»,- պատասխանեց Վաչե Գաբրիելյանը:

Հ. Բագրատյանի դիտարկմանը. թե այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ ճգնաժամային տարիներին վարկեր են ներդրվել տնտեսության մեջ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե այդ վարկերն օգնել են 2009-2010 թվականներին տնտեսության աշխուժացում ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս