«Reuters». «Եթե Կովկասում պատերազմ բռնկվի, այն կարող է տարածվել»

Անգլիական հայտնի «Reuters» լրատվական գործակալությունը սեպտեմբերի 11-ին հոդված է հրապարակել` «Եթե Կովկասում պատերազմ բռնկվի, այն կարող է տարածվել» վերնագրով, որտեղ անդրադարձ է կատարվում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հայտնի դեպքին և հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Հոդվածը սկսվում է սահմանային հայ զինծառայողի խոսքով. «Եթե Ձեր գլուխը բարձրացնեք խրամատից վեր, նրանք կկրակեն Ձեզ վրա»:

«Փոխհրաձգությունները շատացել են էթնիկ հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շփման գծում 1990-ականների պատերազմից հետո, որը 30 հազար հոգու կյանք խլեց: Ադրբեջանի որոշումը՝ հերոսացնելու ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարելու համար դատապարտված մարդասպանին, մեծացրեց պատերազմի հավանականությունը, որի մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշված է հոդվածում:

«Երբ ԼՂ-ի հայ մեծամասնությունը Խորհրդային Միության փլուզումից հետո հռչակեց անկախություն, և գրավեց ադրբեջանական տարածքներ շրջանի սահմաններից դուրս, քրիստոնեական Հայաստանը և մուսուլմանական Ադրբեջանը պատերազմ սկսեցին միմյանց դեմ»,- գրում է գործակալությունը` ավելացնելով, թե Ադրբեջանն այժմ ավելի հզոր հրթիռներ ունի, քան 20 տարի առաջ, և եթե Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա գնացող ադրբեջանական նավթամուղներն ու գազամուղները կամ Հայաստանի ատոմակայանը վտանգվեն, պատերազմը կարող է տարածվել: «Reuters»-ը նաև հիշեցնում է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության մասին պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, մինչդեռ Ադրբեջանը պայմանագիր ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Հոդվածում նշվում են քաղաքական և ռազմական տարբեր վերլուծաբանների կարծիքներ, ըստ որոնց՝ պատերազմն անխուսափելի է, և տարածաշրջանային պատերազմի վտանգն է միայն, որ ծառայում է՝ որպես դրա զսպման միջոց: «Սակայն նրանք (վերլուծաբանները.- Ա.Ս.) գնալով ավելի շատ են քննարկում, թե ինչպես կարող է վերսկսվել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Որպես պատերազմի ամենահավանական ձգան՝ դիտարկվում են մահացու բախումները հատկապես Լեռնային Ղարաբաղի  կողմից վերահսկվող տարածքների և մնացյալ Ադրբեջանի  շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին: 9 հոգի զոհվեցին հունիսին տեղի ունեցած բախումների ժամանակ: Եթե պատերազմը սկսվի, Ադրբեջանը հավանաբար կփորձի պաշարել Լեռնային Ղարաբաղը»,- գրում է «Reuters»-ը և մեջբերում ամերիկյան նախկին դիվանագետ և Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում կովկասյան տարածաշրջանի փորձագետ Ուեյն Մերրիի խոսքերը. «Գլխավոր գործոնը ռելիեֆն է, որի հիման վրա է ԼՂ-ն կառուցել իր պաշտպանությունը»:

«Ադրբեջանցիները կարող են հարձակվել նաև դեպի հարավ և հարավ-արևելք` Ջաբրայիլ և Ֆիզուլի քաղաքների վրա, որոնք մինչև 1991-94 թթ.պատերազմը դուրս էին անկլավից (տարածք` շրջապատված օտար հողերով, այսինքն`նկատի է առնվում ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը.- Ա.Ս.)»,- ավելացնում է  «Reuters»-ը:

«Կարգնեգի հիմնադրամում Կովկասի փորձագետ Թոմաս դե Վաալն ասել է, որ պատերազմն այսօր շատ ավելի կործանարար կլինի, քան 1990-ականների ցածր տեխնոլոգիական պատերազմը»,- գրում է գործակալությունը:

««Մենք կարծում ենք, որ եթե պատերազմական գործողությունները սկսվեն, դրանք չեն սահմանափակվի տեղական կամ տարածաշրջանային շրջանակներում: Կարծում եմ` դրանք ավելի լայն աշխարհագրական տարածում կունենան»,- հարցազրույցի ժամանակ ասել է Բակո Սահակյանը` Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված նախագահը»,- գրում է «Reuters»-ը: Այս համատեքստում առավել հետաքրքրական է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որը մեջբերել է «Reuters»-ը:

«Ադրբեջանցիներն այսօր չեն կարող վերագրավել Ղարաբաղը: Նրանք ռազմական տեսանկյունից անկարող են դա անելու,- ասել է Բրայզան` ավելացնելով,- ես չեմ կարծում, որ նրանք կարող են դուրս մղել հայկական զորքերին բարձունքներից, քանի որ դա չափազանց դժվար է»:

Հոդվածի վերջում «Reuters»-ը մեջբերում է «ադրբեջանցի ռազմական փորձագետ և պատերազմի վետերան Յուսիֆ Աղաևի» տեսակետը պատերազմի վերսկսման վերաբերյալ: «Մեր զինված ուժերը (Ադրբեջանի.- Ա.Ս.) կարող են պայքարել մեկ կամ երկու ամիս: Եթե այն ավելի երկար տևի,ապա դա կդառնա պատերազմ, որին ստիպված կլինի մասնակցել ոչ միայն բանակը, այլ նաև  հասարակությունը: Ես չեմ կարծում, որ իմ երկրի հասարակությունը պատրաստ է պատերազմի»,- ասել է Աղաևը:

 Պատրաստեց ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս