Բիշարյանը չի ուզում իջնել Մակեյանի մակարդակին
168.am-ը ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն դիտարկմանը, թե Շիրակի մարզի Փանիկ գյուղական համայնքի ընտրություններում ՕԵԿ-ի թեկնածուն «ալկաշ, բանակից փախած» մեկն է, ով գյուղապետի պաշտոնում ընտրվել է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետի և տեղի ոստիկանական ուժերի քրեական սադրանքների միջոցով:
«Ես պետք է ասեմ, որ Պետրոս Մակեյանին բոլորն են ճանաչում, և այդ ամպագոռգոռ խոսակցություններն առաջին անգամ չէ, որ լսում ենք: Ուղղակի պարտությունն էլ պետք է արժանապատիվ տանել, որովհետև իր եղբայրն է մասնակցել: Գործող գյուղապետը, որ ՕԵԿ անդամ է եղել, նորից վերահաստատվել է իր գյուղացիների կողմից: Իրենք թող ցավագին չտանեն, որ իրենք իրենց գյուղում էլ այնքան վստահություն չունեն, որ իրենց եղբայրը դառնա գյուղապետ: Իսկ ինչ վերաբերում է իր արտահայտություններին, նրան բոլորն են ճանաչում և շատ լավ գիտեն, որ այդ գյուղապետը ոչ ալկաշ է, ոչ անգրագետ է, բավականին լավ ընտանիքի մարդ է, նրա եղբայրները դասախոսներ են, և այլն: Չի կարելի պարզապես ասելու համար՝ բան ասել, առավել ևս, որ մենք իրենց մասին ավելի շատ բան ունենք ասելու»,- ասաց Հ. Բիշարյանը՝ հավելելով, որ ինքը չի ուզում իջնել Պ. Մակեյանի մակարդակին: