«ՕԵԿ»-ի «փչացած շերտի ալկաշ թեկնածուն անցավ Ոստիկանության սադրանքներով»
ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` Շիրակի մարզի Փանիկ գյուղի մասին, ասաց.
«Փանիկ գյուղում ընտրություններն անցել են ուղիղ երևանյան ընտրություններին բնորոշ ոճով: Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը` «Օրինաց Երկիր» կուսակցության քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմինալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել: Երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը՝ ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչն այսօր գործում էր Արթիկի տարածաշրջանում: Էդ ելույթները մեզ պետք չեն, ժողովրդին պետք չեն: Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»:
Իսկ հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է բողոքարկել ընտրությունների արդյունքները, կամ արդյոք վերահաշվարկի պահանջով դիմե՞լ են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Պ. Մակեյանը պատասխանեց. «Բողոքարկումը վերահաշվարկի համար տրված է, և արդեն դիմել են, իսկ թե արդյունքներն ի՞նչ կլինեն, վաղը բացելու են: 7 ձայնի տարբերությամբ իշխանության, «Օրինաց Երկրի» փչացած շերտը, որ այդտեղ տարածված է… էդ Արթուր Բաղդասարյանը փաստացի էդ կողմերից է: Ընդ որում` երեք թեկնածու է եղել. Երկուսը՝ բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով: Հաղթող «Օրինաց Երկրինը» կրթություն չունի, պրոֆեսիոնալ ալկաշ և պատերազմի ժամանակ էլ փախած է եղել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղական համայնքի ընտրություններում առաջադրվել էին երեք թեկնածուներ` ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Մակեյանը (Պ. Մակեյանի եղբայրը), «Օրինաց Երկիր» կուսակցությունից` Հրաչիկ Սալնազարյանը և անկուսակցական Հովակիմ Բոյաջյանը: Նախնական արդյունքներով` վերջինս ստացել է 124 ձայն, Վ. Մակեյանը` 561, իսկ Հ. Սալնազարյանը` 568 ձայն: 2154 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1280 ը, իսկ անվավեր է ճանաչվել 27 քվեաթերթիկ: