Ռուսաստանցիների համար վիզան հեշտացվեց, հայերի աչքը լույս
Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս քայլը «պատմական» է անվանել։
ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմող ՌԴ քաղաքացիներից այսուհետ չեն պահանջի ներկայացնել պաշտոնական հրավեր։ Նոր համաձայնագրով՝ մուլտիվիզայի ժամկետը 2 տարուց երկարաձգվել է 3 տարու։ Կրճատվել է նաև արտոնագիր ստանալու ժամկետը՝ դիմում ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 15 օր։ Եվ, վերջապես, վիզա ստանալու համար կատարվող վճարումները նվազեցվել են 80 դոլարով՝ 260-ից դառնալով 180 ԱՄՆ դոլար։
Վիզային ռեժիմի պարզեցման համաձայնությունը ձեռք էր բերվել 2011թ. մայիսի 26-ին՝ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի միջև։
Սակայն սա դեռ ամենը չէ։ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծված առանց վիզայի ռեժիմի համար։ Իր հերթին, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նույնպես ձգտում է վիզային ռեժիմի վերացմանը։
Ի՞նչ կապ ունի սա հայերի հետ։ Բանն այն է, որ Ռուսաստանն այսպիսով դառնում է հարմար «տրանզիտ»՝ ԱՄՆ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների համար։ Նախկինում արդեն գրել ենք, որ ՌԴ-ի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» պետական միգրացիոն ծրագրի շրջանակներում վերջին 3-4 տարիների ընթացքում ՌԴ են մեկնել-տասնյակ հազարավոր հայեր (հիմնականում՝ երիտասարդներ), որոնց հեռահար նպատակը ՌԴ քաղաքացիություն ստանալն ու ԱՄՆ մեկնելն է։ Այնպես որ, ինչ-որ առումով, վիզային ռեժիմի հեշտացումը Հայաստանից արտագաղթին նպաստող լրացուցիչ գործոն է։