Բագրատ Ասատրյան. «Օրենքները գրված են, բայց դրանց հետևող չկա»
«Հայաստանում արագ է հնարավոր գրանցել ցանկացած բիզնես, սակայն այդ բիզնեսը հարկավոր է ապագայում աշխատեցնել»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
«Ակնհայտ է, որ զարգացում կա: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե զարգացում է, այլ առաջադիմություն: Օրինակ՝ փաստաթղթաշրջանառության առավել համակարգված աշխատանքում կա առաջադիմություն: Կամ՝ հենց նույն բիզնեսի գրանցման ոլորտում: Տեսեք՝ Հայաստանում ինչքան արագ է հնարավոր գրանցել ցանկացած բիզնես, սակայն այդ բիզնեսը հարկավոր է ապագայում աշխատեցնել: Ինչը Հայաստանում բավականին դժվար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի գնահատականների մասին։
Բ. Ասատրյանն իրական մրցունակությունը պայմանավորում է օրենքների կիրառմամբ:
«Օրենքները շատ ճիշտ գրված են, սակայն դրանց պրակտիկան ու գործածությունը չկա»,- ասում է նա։ Ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահի՝ օրենքները Հայաստանում շատ լավն են, ուղղակի դրանց հետևող չկա, և «արդյունքում էլ ստացվում է այն, ինչ ստացվում է»: «Հայաստանում նման մտածելակերպ կա՝ կան իշխանավորներ, որոնք օրենքները հարմարեցնում են իրենց և ոչ թե՝ իրենց գործունեությունն են հարմարեցնում այս կամ այն օրենքին»,- եզրափակում է տնտեսագետը։