Աշոտյանը չի հավատում Հովիկ Աբրահամյանին

«Կարևոր է, որ մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և, որպես տնտեսական արդյունք, ի վերջո, վերադառնում գործատուին»,- այսօր Երևանում «Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց:

Իրականում Արմեն Աշոտյանը խոսել է շատ կարևոր խնդրի մասին, որը, սակայն, վերաբերելով կրթական համակարգին, իրականում քաղաքական խնդիր է: Հայաստանի, եթե ոչ՝ 1000, ապա գոնե՝ 100 խոշոր հարկատուների մեծ մասն իրականում այն գործարարներն են, որոնց ընդունված է անվանել օլիգարխներ: Այդ խոշոր գործարարները համարվում են իշխանության հիմնական հենարանը և, բացի իրենց գերշահույթներից, ապահովում են իշխանության վերարտադրությունը: Ընտրությունից ընտրություն այդ գործարարները ծախսում են հսկայական ֆինանսական, մարդկային ռեսուրսներ` իշխանական կուսակցության կամ իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Այսինքն` այդ գործարարներն իրականում իշխանության մի մասն են, ինչի շնորհիվ էլ ապահովում են  իրենց գերշահույթները: Այսինքն` ի սկբանե, նրանք գործում են ոչ թե կամ ոչ այնքան բիզնեսի դասական կանոններով, այլ՝ իշխանությանը «մուծվելու» կամ սպասարկելու սկզբունքով: Մինչդեռ Արմեն Աշոտյանի վկայակոչած մեխանիզմը` կրթական համակարգում երկարաժամկետ ներդրումներ կատարելու և, որպես արդյունք` որակյալ աշխատուժ ստանալու մասին, վերաբերում են այն բիզնես միջավայրին, որում գործում են ոչ թե «իշխանական», այլ տնտեսական կանոնները:

Դիցուք, Հայաստանում որևէ հաջողակ գործարար երկարաժամկետ ներդրումներ է կատարում կրթական համակարգում` ակնկալելով, որ 10-15 տարի հետո որակյալ աշխատուժի տեսքով կվերադարձնի իր ներդրումը: Սակայն պատկերացնենք նաև, որ  այդ գործարարն ունի իշխանությունից տարբերվող քաղաքական հայացքներ, կամ պարզապես ընտրությունների ժամանակ իր աշխատակիցներին ընտրատեղամասեր ուղղորդելու, սափրագլուխների բանդաներ պահելու և ընտրողներին վախեցնելու, ընտրակաշառք բաժանելու ցանկություն չունի: Ի՞նչ կլինի այդ գործարարի հետ մի քանի տարի հետո: Նա կամ՝ ստիպված կլինի համալրել իշխող կուսակցության շարքերը, կամ` կապիտալն արտահանել երկրից: Եթե, իհարկե, հասցնի:

Եթե նա անդամագրվում է իշխող կուսակցությանը, այսինքն` համաձայնում է իր բիզնեսը ծառայեցնել իշխանության շահերին, նրա համար անիմաստ է դառնում կատարել այնպիսի երկարաժամկետ ներդրումներ, որոնց անհրաժեշտության մասին իրավացիորեն խոսում է Կրթության և գիտության նախարարը: Որակյալ մասնագետներն ապահովում են տնտեսական արդյունավետություն` այդպիսով  հնարավորություն են տալիս դիմակայել մրցակցությանը: Այդ կատեգորիաները, սակայն, գոնե առաջին 100 խոշոր հարկատուների դեպքում, բացակայում են: «Ներդրումները», որոնք այդ գործարարների մեծ մասը կատարում է ընտրությունների ժամանակ, ապահովում են մրցակցության բացակայություն, ինչի դեպքում կորում է նաև տնտեսական արդյունավետության մոտիվացիան:

Կարդացեք նաև

Ի դեպ, Արմեն Աշոտյանն՝ ինքն, անուղղակիորեն հաստատում է այդ երևույթի մասին` գործարարներին կոչ անելով կրթության ոլորտում կատարվող ներդրումներին չվերաբերվել՝ որպես բարեգործության: Իհարկե, ասվածի մեջ կա նաև թաքնված ակնարկ, ուղղված, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն, ինչպես հայտնի է, համանուն հիմնադրամի միջոցով տարբեր ծրագրեր է իրականացնում` հիմնականում ուսանողների վարձավճարների տրամադրման կամ, ասենք, անվճար ուղևորափոխադրումների տեսքով:

Դրանք, իհարկե, այն ներդրումները չեն, որոնց մասին խոսում է Աշոտյանը: Դրանք շատ որոշակի քաղաքական ակնկալիք ենթադրող ծախսեր են, որոնք փոխհատուցվում են ոչ թե որակյալ աշխատուժի, այլ ընտրությունների ժամանակ ստացված ձայների միջոցով: Արմեն Աշոտյանի ներկայացրած կուսակցությունը` ՀՀԿ-ն ևս կրթության ոլորտին վերաբերվում է նույն մղումներից ելնելով: Չկա գրեթե որևէ կրթական հաստատություն` սկսած մանկապարտեզներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց ղեկավարությունը բաղկացած չլինի ՀՀԿ-ականներից: Նույն դրդապատճառներն ունեն նաև  զանազան թռչունների անուններով կազմակերպվող ուսանողական բանակումները:
Ի դեպ, պարոն Աշոտյանի նշած 1000 խոշոր հարկատուների գերակշիռ մասը կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ ԲՀԿ-ի անդամներ են: Այսինքն` նրա արդարացի վրդովմունքն իրականում ուղղված է նաև սեփական կուսակիցների նկատմամբ:

Սակայն հազիվ թե նա այդ վրդովմունքը հնչեցնի նաև ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերում: Որովհետև Ա. Աշոտյանը, թերևս, նույնպես գիտի, որ կուսակցական գործարարները ներդրումներ են անում ոչ թե կրթական համակարգում, այլ «ընտրական օբշյակում»: Բացի այդ, հանրապետության և Հանրապետական կուսակցության երկրորդ դեմքը` Հովիկ Աբրահամյանը, դեռևս երկրորդ անգամ այդ բարձր պաշտոնը զբաղեցնելուց առաջ հայտարարել է, որ հաջողության հասնելու համար շատ մեծ խելք պետք չէ: Ու կարելի է պատկերացնել, թե ինչ պատասխաններ կարող է ստանալ Արմեն Աշոտյանը, ասենք, ՀՀԿ նիստում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկ ներկայացնելիս: Արմեն Աշոտյանի ասածի իմաստը, վերջին հաշվով, այն է, որ գիտելիքը փող է:

Սակայն ոչ թե վերը նշված գործոններն են նսեմացնում Արմեն Աշոտյանի բարձրացրած խնդրի կարևորությունը, այլ իր իսկ կողմից արված մեկ այլ հայտարարություն: «Մոնոպոլացման աստիճանի նվազմանը զուգահեռ՝  տնտեսության իրական հատվածում պետք է ավելանա որակյալ աշխատուժի պատրաստման նկատմամբ շահագրգռությունը»,- նույն միջացառման ժամանակ հայտարարել է Ա. Աշոտյանը` չմասնավորեցնելով, թե ե՞րբ, ինչպե՞ս և որքանո՞վ է Հայաստանում նվազել մոնոպոլացման աստիճանը: Սա արդեն քարոզչություն է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս