Կին-ղեկավարների մասնաբաժինը կհասցվի 40%-ի
Եվրամիությունը որոշել է հետևել մասնագետների խորհրդին և կրճատել կազմակերպությունների ղեկավարման ոլորտում գենդերային անհավասարությունը: Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է նախագիծ, որի համաձայն՝ եվրոպական կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում կին-ղեկավարների թիվը կհասցնեն 40%-ի: Հակառակ պարագայում՝ կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:
Ինչպես գրում է «Financial Times»-ը, այժմ եվրոպական բիզնեսների ոլորտում կանանց մասնաբաժինը տնօրենների խորհուրդներում կազմում է 13,7%: Իտալիայում և Պորտուգալիայում այդ ցուցանիշը տատանվում է 6%-ի սահմանում, այնինչ սկանդինավյան երկրների կազմակերպություններում թոփ-մենեջերների մեկ քառորդը կանայք են:
ԵՄ մի շարք երկրներում արդեն իսկ իրականացվել են կանանց դերի մեծացմանն ուղղված փոփոխություններ։ Ֆրանսիայում 2011թ. հունվարից կին-ղեկավարների մասնաբաժինը 10%-ից հասցվել է 22%-ի։ Իտալիայում հունիսին հայտարարվեց, որ կին թոփ-մենեջերների թիվը մինչև 2015թ. կհասնի 33%-ի: Սակայն կառավարման ոլորտի նմանատիպ փոփոխությունները ոչ բոլոր երկրներում են ընդունվում ոգևորությամբ: Օրինակ՝ Շվեդիայում և Բրիտանիայում: Եվրահանձնաժողովն այդ փոփոխությունը նախատեսել է այն կազմակերպությունների համար, որոնց աշխատակիցների թվաքանակը հասնում է 250 հոգու, և տարեկան եկամտաբերությունը գերազանցում է 50մլն եվրոն: Այդ կազմակերպությունները պարտավորվում են տարեկան հաշվետվություն ներկայացնել տնօրենների խորհրդում գենդերային բաշխվածության վերաբերյալ: Օրենքի խախտման պարագայում նախատեսվում են լուրջ տուգանքներ, ինչպես նաև՝ պետական մրցույթների մասնակցության արգելում:
Բիզնես ոլորտում կին-գործարարների դերի բարձրացման թեմայով վերջերս խոսում են նաև Հայաստանում։ Ճիշտ է, տնօրենների խորհրդում նվազագույն շեմ չի հաստատվել, սակայն նախատեսվում են այլ քայլեր։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը մոտ 10 օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ՝ նմանատիպ նախաձեռնություն է քննարկվում. «Իրականում Ասիական զարգացման բանկի մեր գործընկերների կարծիքով՝ հայ կանայք ավելի նախաձեռնող և ստեղծագործ են: Ես կիսում եմ այդ կարծիքը: Կին-ձեռներեցները, որոնք ներգրավված են լինելու փոքր և միջին բիզնեսում, դրա կազմակերպման մեջ, սկսած գրավի (երաշխիքների) տրամադրման ինստիտուտից՝ մինչև կրթություն կամ բիզնես-նախագիծ, նախագծի խումբը կանգնած է լինելու նրանց կողքին՝ պարզելու համար նրանց խնդիրները և փորձելու լուծումներ տալ ծառացած խնդիրներին, օժանդակություն և աջակցություն ցուցաբերել»: Նշենք նաև, որ այսօր 168.am-ին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախագիծ է իրականացվում, որի միջոցով էժան ռեսուրսներ են ներգրավվելու Հայաստան և այդ ռեսուրսները Հայաստանում գործող առևտրային բանկերի միջոցով ուղղվելու են մասնավոր հատվածի այն ընկերություններին, որոնց ղեկավարները կանայք են: «Այդ ամբողջական նախագիծն արվում է, որպեսզի խրախուսվի ձեռներեց կանանց գործունեությունը և օժանդակվի նրանց ձեռներեց նախաձեռնությունները»,- տեղեկացրին Ֆինանսների նախարարությունից՝ ավելացնելով, որ այդ ամենը դեռևս բանակցային փուլում է գտնվում: