Բաժիններ՝

Ինչպիսի շքեղության հարսանիք են նախընտրում նոր հայերը

Վերջին տարիներին հայ հասարակության մեջ լայն տարածում գտած նորաձև հարսանեկան արարողությունները բավական թանկ հաճույք են: Հին հայկական ավանդական տաշի-տուշիով արարողություններն արդեն մնացել են կամ անցյալում, կամ էլ` հեռավոր գյուղերում:

Երիտասարդներն այսօր իրենց կյանքի ամենահիշարժան օրն առավել շքեղ և գեղեցիկ տոնելու համար օգտագործում են տեղեկատվական և տեխնիկական բոլոր հնարավորությունները: Դեռևս մեկ տարի առաջ «թեմատիկ հարսանիք» արտահայտությունը շատերի համար խորթ էր, իսկ այսօր առանց թեմատիկ մանրամասն  ճշգրտումների՝ գրեթե ոչ մի հարսանեկան արարողություն տեղի չի ունենում:

Պարզելու համար, թե այսօր երիտասարդ զույգերն ինչպիսի՞ հարսանեկան արարողություն են ցանկանում կազմակերպել, և արդյո՞ք դեռևս կան մարդիկ, որոնց համար հինն ու ավանդականը կարևոր է` 168.am-ը զրուցեց երևանյան մի քանի հարսանյաց սրահների դիզայներների հետ:

«Անահիտ» հարսանյաց սրահի դիզայներ Լուսինա Բաղդասարյանի խոսքով` այսօր երիտասարդներն առավել ճաշակով, առավել նորաձև և օրիգինալ հարսանեկան արարողություններ են կազմակերպում: «Զույգի համար ավելի կարևոր են դարձել արարողության ընթացքում կազմակերպվող շոուն, պարերը, քան սեղանի պարունակությունն ու ճաշատեսակների զանազանությունը: Մարդիկ գալիս են արդեն պլանավորած հարսանեկան ծրագրով, ցանկանում են այդ ծրագրին համահունչ զգեստ կամ աքսեսուարներ վերցնել, ծաղիկներ ձևավորել, անգամ առավել մանրակրկիտ են վերաբերվում հարսանեկան տորթի ընտրությանը»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Հարսնացուի հագուստի ընտրության հարցը, բնականաբար, շատ ավելի լուրջ է: Ըստ մասնագետների` եթե նախկինում աղջիկները ծանոթ-բարեկամից կամ հարսանյաց սրահից վարձույթով հագուստ էին վերցնում, ապա այսօր նրանք դիմում են համացանցի օգնությանն ու դրա միջոցով աշխարհի տարբեր երկրներից հագուստ են պատվիրում:

Երիտասարդ աղջիկները ցանկանում են խորանի առաջ կանգնել միանգամայն նորաոճ հագուստով:

Այսօր Հայաստանում նորաձև է դարձել նաև դերձակների և մոդելավորողների մոտ հարսանյաց հագուստ պատվիրելը: Դերձակների և մոդելավորողների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ այսօր երիտասարդները ցանկանում են իրենց ամենահիշարժան օրվա համար ծախսել ավելին, միայն թե ունենան եզակի հարսանյաց զգեստ՝ իրենց հարսանեկան արարողության թեմատիկային համահունչ:

Մոդելավորող Աննա Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատվիրվող հագուստների գները կայուն չեն: «Հագուստի արժեքը կախված է կտորի որակից, հագուստի ձևվածքից, ժամկետից, աքսեսուարների քանակից և որակից: Ըստ այդմ էլ` որոշվում է հագուստի գինը: Կոնկրետ թիվ չկա: Բայց եղել են դեպքեր, երբ հագուստ կարել եմ 50.000 դրամով: Դա չափազանց ցածր գին է հարսանյաց զգեստի համար, որովհետև, եթե ամենավատ որակի կտոր էլ գնես` այդ գինը չի գա: Դա նվեր էր մեր կողմից հարսնացուին»,- ասաց Աննան:

Հագուստի գնից, հարսի աքսեսուարներից բացի, բավական լուրջ քննարկվում է նաև հարսանյաց սրահի և եկեղեցու ձևավորման թեման: «Ոմանք նախընտրում են ժամանակակից հարսանիք, ծաղիկների ժամանակակից և օրիգինալ լուծումներ, ոմանք  դասական ոճն են նախընտրում: Ըստ հարսանիքի թեմատիկայի, ընտրվում է հարսնացուի զգեստը, ձևավորվում են հարսանյաց և եկեղեցու սրահների ծաղկեփնջերը, պատվիրվում է հարսանեկան տորթը»,- ասում է «De Lux» հարսանյաց խանութ-սրահի դիզայներ Անահիտ Ղուլյանը:

Ըստ Անահիտի, հաճախ խանութի հաճախորդներն իրենց հետ բերում են զգեստն ու խորհրդատվություն խնդրում խանութի դիզայներներից: «Լինում են նաև դեպքեր, երբ հարսի շորն ու ընտրված այլ աքսեսուարները չեն համապատասխանում  միջոցառման թեմատիկային: Բայց մեծամասամբ, արարողության տերերը համաձայնում են դիզայների հետ»,- ասում է Անահիտը:

Շատ հաճախ թամադայի, հարսանյաց սրահի, սնունդի և հարսի պարագաների հետ մեկտեղ, հարսանքավորներն օգտվում են նաև հատուկ հարսանյաց հանդեսի ծրագիր կազմողների, սրահը ձևավորողների  ծառայություններից:

Որոշ հարսանյաց սրահներում անցկացրած մեր հարցումներից պարզեցինք, որ ծրագիր առաջարկող անհատները, կամ երբեմն էլ՝ հարսանյաց հագուստի սրահները պատվիրատուին առաջարկում են ծրագրեր 50.000-150.000 դրամի սահմաններում: Թե այդ գնի դիմաց որքա՞ն շքեղ և յուրօրինակ կարող է լինել առաջարկված ծրագիրը` հայտնի չէ, բայց փաստ է, որ շքեղություն սիրող հայերը նման բաների վրա գումար չեն խնայում: Նույնիսկ, եթե դրանից հետո նորապսակները ստիպված լինեն մի քանի տարի շարունակ  տոկոսով վերցրած գումարները մարել:

Լուսանկարը` երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և Վարդան Պետրոսյանի հարսանեկան արարողությունից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս