Բաժիններ՝

Ընտրությունները խանգարում են ներդրումներին

Երեկ ՀՀ Վիճակագրական ծառայությունը ներկայացրեց 2012 հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական հրատապ տվյալները, ըստ որի՝ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալները նվազել են 2011թ.  նույն ժամանակաշրջանի համեմատ 39.4%-ով։ Այդ թվում, ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 59.7%-ով: 168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման հանգամանքը, և ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Ըստ էության, դեռևս ապրիլ ամսին մենք կանխատեսել էինք նման նվազեցում: Այդ ամենը պայմանավորված է նախընտրական տարով: Որպես կանոն՝  նախընտրական տարում ներդրումային աշխուժություն որևէ երկրում չի լինում՝ ոչ զարգացած, ոչ զարգացող երկրներում»:

Ըստ Մանասերյանի, Հայաստանը բացառություն չէ, և այս տարի նման աշխուժություն չի կարող գրանցվել: «Անցյալ տարի եղել է ճգնաժամից «ապաքինման» տարի, և բնական է, որ անցյալ տարի ներդրումային գործընթացները պետք է լինեին ավելի աշխույժ և բարձր: Նաև պետք է հաշվի առնել այն, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում եղան խորհրդարանական ընտրություններ, սակայն եկող տարի  դեռևս պետք է տեղի ունենա նախագահական ընտրությունները, և, այդուհանդերձ, ներդրումային ոլորտն առավել պասիվ է լինելու»,- ասել է Թ.Մանասերյանը:

Նա նաև նշել է, որ ավելի ռեալ ներդրումային քաղաքականության ակտիվություն կարող ենք ակնկալել միայն ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու պարագայում՝ եթե գրավիչ լինի տնտեսական դաշտը: «Միմիայն 2013թ. երկրորդ կիսամյակում կարող ենք ակնկալել գործարար աշխուժություն, ինչի արդյունքում՝ կարող ենք ակտիվացնել ներդրումային դաշտը»,- ասել է Մանասերյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս