Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը մեր՝ պետական մակարդակով անգործության արդյունքն է. Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան (թարմացվում է)
Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին վերադարձրել են Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, համաձայն իր որոշման, ներման է արժանացրել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 22-րդ մասի 109-րդ հոդվածով` երկրի նախագահն այսօր ստորագրել է 2006թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտում ցմահ ազատազրկված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին (1977թ. ծնված) ներման արժանացնելու մասին որոշումը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել հունգարական կողմի հետ համագործակցությունն ադրբեջանցի սպային հայրենիք վերադարձնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սաֆարովի արտահանձնման հարցերով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը:
Այս լուրի հավաստիությունն ու մանրամասները ճշտելու համար 168.am-ը զրուցեց Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան Նազելի Վարդանյանի հետ:
Նա ասաց, որ ըստ ամենայնի՝ այս լուրը համապատասխանում է իրականությանը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը զանգահարել է Հունգարիա՝ ճշտելու լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
«Իրենց լռությունը տարօրինակ էր: Այս անգամ փաստորեն նրանք շատ խորամանկ գտնվեցին, և իրենց լռությամբ իրենց վերջնական գործն արեցին»,- ասում է նա:
Նազելի Վարդանյանը նշում է, որ նման արդյունքի հանգեցրեց հայկական կողմի պասիվությունը: Ըստ նրա՝ այս գործին պետական միջամտություն է անհրաժեշտ: «Փաստաբաններն այստեղ արդեն անելիք չունեն: Ես չէի կարող զանգել կամ նամակ գրել Հունգարիայի արդարադատության նախարարին և ինչ-որ բան ասել: Դա պետք է պետական մակարդակով արվեր: Ես պարզապես իմ կատարած գործն եմ ափսոսում, և ամենակարևորը, որ այս որոշումը վիրավորական է մեր ազգի համար», նշեց Նազելի Վարդանյանը:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք արտահանձնման գործընթացը 1 օրվա լուծելի հարց է, փաստաբանն ասաց.
«Ինչու 1 օրվա: Ադրբեջանը այս վերջին 4 տարում անընդհատ աշխատում էր այդ ուղղությամբ՝ նաև պետական ամենաբարձր մակարդակով: Եղավ երկու երկրների նախագահների հանդիպում: Եղել են նաձ շփումներ արտգործնախարարների մակարդակով: Վերջինը սեպտեմբերի 5-ին փոխարտգործնախարարն էր ասում որ դա հնարավոր է:
168.am-ի այն հարցին, թե արտահանձնումը կատարվում է Հունգարիայի նախագահի՞ հրամանագրով, Ն. Վարդանյանը պատասխանեց, որ ոչ: Նման որոշման համար նախ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը պետք է խնդրագիր ուղարկած լիներ Հունգարիայի արդարադատության նախարարին, բացի այդ երկու երկրների ԱԳՆ-ները պետք է կնքած լինեին արտահանձնման մասին համապատասխան համաձայնագիր: նախ անհրաժեշտ էր ունենալ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր: «Այսինքն՝ մենք որ այս հարցը բարձրացնում էինք, իրենք արդեն մի քանի փուլ անցել էին, հասկանո՞ւմ եք»,-նշեց փաստաբանը:
Իսկ այն հարցին, թե այս որոշումը սպասելի էր, Նազելի Վարդանյանն ասաց, որ քանի դեռ հանցագործը կենդանի է և բանտում է, նման վտանգ միշտ կար: Ինքն անձամբ հանցագործի արտահանձնման մասին յուրաքանչյուր հրապարակումից հետո զանգել կամ նամակ է գրել Բուդապեշտ, զգուշացրել որ նման քայլ կատարելն անթույլատրելի է, սակայն ի պաշտոնե ինքն ավելին անել չէր կարող: