Անասնակերի և գյուղնախարարի մասին
Հայաստանում անասնակերի պակաս, այնուամենայնիվ, կա: ՀՀ գյուղնախարարությունն անընդմեջ հայտարարում է, որ անասնակերի պակաս չլինելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկել են և պատրաստ են օգնել և աջակցել ցանկացած գյուղացիական տնտեսության, ովքեր կդիմեն Գյուղնախարարությանը՝ անասնակերի խնդիրը լուծելու համար: Այսօր համացանցում կրկին քննարկվում էր անասնակերի դեֆիցիտի խնդիրը:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանն այսօր հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի` գյուղացիական տնտեսություններն իրենց անասուններին պահելու լուրջ խնդրի առջև են կանգնած: «Երկրում առկա է անասնակերի մեծ դեֆիցիտ` այն չի բավականացնում: Գյուղացիները, ստիպված, համապատասխան գյուղտեխնիկան տեղափոխել են լեռնային և նախալեռնային տարածքներ և դժվարությամբ հնձում, հավաքում և տեղափոխում են նաև տեղի խոտհարքների և արոտավայրերի խոտը, որոշ գյուղացիներ էլ փորձում են խոտ հավաքել անտառային տարածքներից: Սակայն ոչ բոլոր գյուղացիներն են ի վիճակի օգտվելու արոտավայրերից, խոտհարքներից կամ անտառից»,- գրում է Սարգիս Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ի նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք անասնակերի թանկացումների խնդրին, զրուցել էինք նաև ՀՀ գյուղնախարարության որոշ աշխատակիցների հետ, ովքեր պնդում էին, թե գյուղացին անասնակերի խնդիր չի ունենալու: Անգամ գյուղնախարարը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ նշեց, որ խիստ հրահանգ է տրվել հացահատիկ մշակող բոլոր տնտեսություններին՝ չթափել հունձից հետո առաջացած ծղոտը՝ ձմռան ամիսներին կենդանիներին դրանով կերակրելու համար:
Թեև ՀՀ գյուղնախարարությունը հայտարարում է, որ իրենք բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են գյուղացիական տնտեսություններին անասնակերով ապահովելու համար, սակայն իրավիճակը բոլորովին այլ է: Այս ընթացքում` խոտի սակավության պատճառով, թանկացել է խոտի գինը` 1 հակն այսօր վաճառվում է 1200-1600 դրամով: Օրինակ, եթե նախկինում 1 հորթը վաճառվում էր մոտ 150 հազար դրամով, այժմ այն կարելի է գնել մոտ 100 հազար դրամով, քանի որ շատ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք անասնակերի բացակայության պատճառով վաճառում են անասունները:
Մտավախություն կա, որ առաջիկայում կարող է սկսվել անասնագլխաքանակի անկում` զանգվածային մորթի պատճառով: Անգամ կանխատեսումներ կան, որ մինչև տարեվերջ անասնագլխաքանակը կարող է կիսով չափ նվազել: Այս մտավախություններին ի պատասխան` ՀՀ գյուղնախարարությունից 168.am-ին ասել էին, թե ամեն ինչ արվում է անասնակերի քանակն ապահովելու համար, և, որ նախարարությունը նույնիսկ «գյուղացիների համար» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անասնակեր ձեռք բերելու թույլտվություն է ստացել: Հարց է առաջանում. եթե գյուղացին նույնիսկ գումար չունի՝ անասնակեր գնելու համար, ինչպե՞ս կարող է հոգալ ԼՂՀ գնալու և այնտեղից անասնակեր ձեռք բերելու ծախսերը: Ի դեպ, ՀՀ գյուղնախարարությունն այսօր իր կայքէջում նյութ է հրապարակել՝ Սարգիս Սեդրակյանի` անասնակերի սակավության խնդրին վերաբերող հոդվածին ի պատասխան:
Ըստ Գյուղնախարարության` «Կերի սակավության ու դրանով պայմանավորված դժվարությունների թեման արհեստականորեն և պարբերաբար չարաշահվում է առանձին լրատվամիջոցների կողմից, որոնց ի պատասխան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված կերի կուտակման դժվարություններ ունեն հանրապետության առանձին համայնքներ: Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում , ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում, խոտն առատ է, և, տեղական պահանջները բավարարելուց բացի, հնարավոր է դրա վաճառքը հարևան համայնքներին: Առաջին անգամ ամբողջությամբ հավաքվում է հնձված արտերի ծղոտը:
Գյուղացիական տնտեսությունները թույլտվություն են ստացել՝ առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար հավաքել անտառային տարածքների խոտը: Հանրապետությունն ամբողջությամբ ապահովված է կերով, իսկ կերի գները վերջին շաբաթվա ընթացքում նույնիսկ նվազել են: Ելնելով վերոգրյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վստահաբար հայտնում է, որ կերի սակավության հետ կապվող անասնագլխաքանակի կտրուկ անկման, հարկադիր մորթի, անասնաբուծության մեջ ձեռք բերված ցուցանիշների նվազման, Հայաստանից խոտի արտահանման, ինչպես նաև՝ կերի գնի կտրուկ աճի մասին տարածվող լուրերն անհիմն ապատեղեկատվություններ են:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին` գյուղոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները փնտրել Գյուղատնտեսության նախարարության մասնագիտական վերլուծությունների, հրապարակումների և տեղեկատվությունների մեջ` զերծ մնալով կասկածելի, ապակողմնորոշող, երբեմն՝ նույնիսկ միտումնավոր հրապարակումներից»,- նշված է Գյուղնախարարության պաշտոնական կայքէջում:
168.am Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որևէ խնդիր բարձրացնելուց հետո նախարարության պաշտոնական կայքէջում նման պատասխան է հրապարակվում: Կամ պարզապես հերքում են, թե նման բան չկա, կամ` խնդիրը պայմանավորում եղանակային պայմաններով: Իհարկե, շատ հաճախ էլ ուղղակի մեղադրում են հենց գյուղացուն: Սա ՀՀ գյուղնախարարության, մասնավորապես` Սերգո Կարապետյանի գործելաոճն է: Ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ ՀՀ կառավարության պահանջով հրավիրված ասուլիսից հետո նախարարը «հարձակվել» է 168.am-ի լրագրողի վրա: Լրագրողը, ով մշտապես անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, գյուղացուն հուզող հարցերին, պարզապես ցանկանում էր ասուլիսից հետո իր հարցերն ուղղել նախարարին: Վերջինս կշտամբել և անձնական վիրավորանք է հասցրել լրագրողին` ասելով «Թունավոր մարդ ես, թունոտ ես գրում, էդքան թույն քո մեջ որտեղի՞ց…»: Սերգո Կարապետյանին մնում է պատասխանել իր տրամաբանության և բարեկրթության մակարդակով: «Անշնորհք մարդ ես, անշնորհք ես քեզ պահում, էդքան բռիություն քո մեջ որտեղի՞ց…»:
Ակնկալում ենք, որ Գյուղնախարարությունը համապատասխան հերքում կհրապարակի` պայմանով, որ բառացի կմեջբերվի ՕԵԿ-ական սույն պաշտոնյայի` նախարարին վայել արտահայտությունը: