Հոգեկան առողջության ծառայությունները Հայաստանում մատչելի չեն

Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների թվի մասին վիճակագրական տվյալները շատ հեռու են միջազգային տվյալներից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

«Բազմաթիվ երկրներում, նույնիսկ ԱՄՆ-ում, ազգաբնակչության 7-15%-ը հոգեբանական խնդիրներ ունեն: Մեզ մոտ, եթե չեմ սխալվում, հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը կազմում է ամբողջ ազգաբնակչության 1%-ը: Սա ոչ թե նշանակում է, որ մենք հոգեպես ավելի առողջ ազգ ենք, այլ, որ ներկայացված թվերը իրականությունը չեն արտացոլում»,- նշում է հոգեբանը:

Ըստ նրա` վիճակագրության` իրականությանը չհամապատասխանելու պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում Հայաստանի մարզերի բնակիչները չեն դիմում մասնագետի. «Սրա պատճառը մի կողմից՝ այն է, որ դա խարանի հարց է, հասարակության մեջ ընդունված է, որ հոգեկան հիվանդներին պետք է թաքցնել, մեկուսացնել նրանց, մյուս կողմից՝ հոգեկան առողջության ծառայությունները մատչելի չեն: Կան շատ կլինիկաներ, որտեղ նույնիսկ հոգեբույժ չկա, նյարդաբանի վրա են դրված հոգեբույժի պարտականությունները`առանց հաշվի առնելու, որ նյարդաբանն ու հոգեբույժը տարբեր մասնագիտություններ են»:

2006-2011թթ. հիվանդացությունը հոգեկան խանգարումներով (առանց ալկոհոլային փսիխոզների, ալկոհոլիզմի, թունամոլության), ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ունեցել է հետևյալ պատկերը.

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

Ըստ հոգեբանի՝ հոգեկան խանգարումների թվի աճը պայմանավորված է մի շարք գործոններով: «Մի դեպքում՝ սոցիալական իրավիճակներն են ազդեցություն ունենում, մյուս դեպքում՝ տնտեսական գործոնները, հասարակությունում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, որոնք մարդուն փոխանցում են արդարության կամ անարդարության զգացում, ընտանեկան վեճերը ևս կարող են նպաստել դրանց աճին, պակաս կարևոր չէ նաև ներանձնային խնդիրների դերը»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանը նշում է, որ INTRA կենտրոն դիմողների շրջանում հատկապես լայն տարածում ունեն կպչուն, սևեռուն խանգարումները. «Մի դեպքում՝ մարդիկ ունենում են սևեռուն մտքեր, չեն կարող այլ բաների վրա կենտրոնանալ, մյուս դեպքում՝ կարող են լինել կպչուն գործողություններ, օրինակ`քայլելու ժամանակ մարդն աշխատում է տրորել գծերը կամ ընդհանրապես չտրորել»: Հոգեբանը նշում է, որ INTRA կենտրոն ավելի շատ դիմում են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ բարձր տարիքային խմբերում գերակշռում է կին հիվանդների թիվը. «Ստացվում է, որ մեր տվյալների համաձայն, բարձր տարիքի կանայք ու տղա երեխաները հոգեբանորեն ավելի խոցելի են»:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է, որ առողջապահության բյուջեում պետք է առանձնացվեն նաև հոգեբանական ծառայությունները. «Հոգեբանական առողջության բյուջեն Հայաստանում ամբողջությամբ ծախսվում է հոգեբուժական ծառայության վրա, այն էլ՝ հիվանդանոցային ծառայության վրա է: Աշխարհն այսօր համոզվել է, որ հիվանդանոցային ծառայության միջոցով բոլոր հոգեբանական խնդիրները չես լուծի: Ավելի լավ է`այդ բյուջեի 50%-ն ուղղել արտահիվանդանոցային ծառայությունների զարգացմանը»: Ըստ նրա`եթե Հայաստանում ստեղծվեն արտահիվանդանոցային ծառայություններ, համայնքային կենտրոններ, ապա կկանխվի հոգեբանական խնդիրների առաջացումը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս