Բաժիններ՝

«Հայերն ունեն աշխարհը փրկելու հնարավորություն»

Ասում է Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը

– Հաճախ եք այցելում Հայաստան, և, բնականաբար, որոշակի պատկերացում կունենաք մեր երկրում տարվող մշակութային քաղաքականության մասին: Ի՞նչ միտումներ, ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանի մշակութային կյանքում:

– Ես ուզում եմ խոսել երկու Մշակույթի նախարարությունների` Ստեփանակերտի և Երևանի (չեմ ուզում ասել` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության): Վերջին շրջանում ես ավելի հաճախ շփվում եմ Ստեփանակերտի, քան Երևանի մշակույթի նախարարության հետ: Այս համատեքստում շատ հետաքրքիր տարբերություններ կան` առողջ մտածելակերպ և մոտեցում Արցախում, հիվանդագին և կիսասովետական նախարարություններ` Երևանում: Երևանի բոլոր նախարարությունները` Մշակույթի նախարարությունից մինչև Պաշտպանության նախարարություն, աշխատում և մտածում են սովետական լճացած մոդելով, և եթե առաջիկայում այդ աշխատաոճը չփոխեն, ապա իրավիճակն, այսպես ասած` կատաստրոֆայի կհասնի: Դրանք արդեն վերջացած նախարարություններ են` իրենց մտքով, հոգով և ավյունով: Հայաստանի պես փոքրիկ պետության համար կարևոր է նախարարությունը, քանի որ ամբողջ քաղաքականությունը կենտրոնացված է նախարարությունների վրա: Մեծ երկրներում կան խոշոր ընկերություններ, որոնք ստանձնում են նախարարությունների պարտականությունների որոշ մասը: Մինչդեռ Հայաստանում անհնար է դա, քանի որ Հայաստանը փոքր է:

– Մեր երկրի մշակութային կյանքում լճացում նկատո՞ւմ եք:

Կարդացեք նաև

– Երբ պաշտոնյան աշխատում է ավելի քան մեկ տարի, այդ դեպքում նրա հարաբերությունները վերածվում են ընտանեկան հարաբերությունների: Կարծում եմ` նման պաշտոններում երկու տարուց ավելի անթույլատրելի է աշխատել, քանի որ սկսում են ձևավորվել «կաստաներ»: Տվյալ պարագայում` ամբողջ նախարարությունը սկսում է աշխատել այնպես, ինչպես ձեռնտու է այդ «կաստային»:

– Եվ այդ «կաստաների» ձևավորման հետևանքո՞վ է, որ արվեստագետներից շատերը թողնում-հեռանում են Հայաստանից:

– Ճիշտ եք, Մշակույթի նախարարությունն արվեստագետների համար պետք է ստեղծի պայմաններ: Մշակույթի նախարարությունը պետք է հասնի նրան, որ մշակույթին վերաբերող բարձրագույն ուսումնական հաստատությունները` Կոնսերվատորիան և Գեղարվեստի ակադեմիան, Թատերական ինստիտուտը ֆինանսավորվեն պետության կողմից, որովհետև վաղվա մեր մշակութային գործիչները պետք է կարողանան կրթություն ստանալ այսօր: Մասնավորապես ապագա նկարիչները, ովքեր գյուղերի աղքատ ընտանիքների երեխաներ են. նրանց տաղանդը շատ կարևոր է մեզ համար, բայց նրանք չեն գալիս Երևան, որովհետև Երևանը նրանց նախ` չի տալիս հանրակացարան, երկրորդ` ամեն բան բավական թանկ է այստեղ, և երրորդ` ինչպե՞ս կարելի է թույլատրել, որ արվեստի օջախները վճարովի լինեն: Մենք արդեն կանգնել ենք արվեստագետների նոր սերնդի ճգնաժամի առջև: Նախկինում պատկերն այլ էր` արվեստագետների մի սերունդը դեռ չհեռացած` նոր սերունդն արդեն մարտահրավեր էր նետում: Այսօր, ցավոք, չկան այն երիտասարդները, ովքեր մարտահրավեր կնետեն իմ սերնդին:

– Հայաստանի մշակութային կյանքի վերածնունդ տեսնո՞ւմ եք:

– Դժբախտաբար, մեր երկրում մշակութային շատ ամուր հիմքերի վրա են ձևականությունները: Կան ֆոնդեր, որոնք ձևականորեն պետք է ծախսվեն մշակութային ծրագրերի իրականացման համար, որտեղ ներառվում են նաև այն ցուցահանդեսները, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է ֆինանսավորվեն: Իսկ ո՞ր պետությունն ունի նման ֆոնդեր, որոնք պետք է ձևականորեն ծախսեր կատարեն մշակույթի համար: Այդ ֆոնդերի գումարը կարելի է ներդնել մշակութային բարձրագույն կրթական հաստատություններն անվճար դարձնելու համար: Կատաստրոֆա է, որ նկարիչը պետք է վճարի իր կրթության համար: Պետությունը պետք է խնդրի երիտասարդին, որպեսզի նա իր կյանքը նվիրի արվեստին: Վաղվա մեր պետությունն ո՞վ է ներկայացնելու: Եթե այդ երիտասարդները սովորելու հնարավորություն չստանան, ապա ի՞նչ է սպասվում նրանց վաղը` գուցե գնան Ռուսաստա՞ն, այսպես ասած` խոպան, բանվորական աշխատանքով զբաղվեն, շքեղ, VIP բնակարաններ կառուցեն ռուսների համար:

– Հայ արվեստագետներից շատերն էլ այսօր տոնավաճառներում են կանգնում:

– Նրանք արվեստագետներ չեն: Գիտեք` եթե արվեստագետը վստահ չէ իր արվեստի վրա, ապա սկսում է վստահել իր արհեստին: Մեր երկրին պետք են արհեստավորներ:

– Իսկ եթե արվեստագետն ունի հացի խնդի՞ր:

– Դա հացի խնդիրը չէ, որովհետև արվեստագետը չի նայում հացի խնդրին: Արվեստագետը ստեղծում է արվեստ, իսկ այդ դեպքում հացի խնդիրը չի կարող ազդել արվեստի վրա:

– Եթե մշտապես բնակվեիք Հայաստանում, Ձեզ ինչպե՞ս կզգայիք, ի՞նչ կփոխեիք մեր երկրի կյանքում:

– Հայաստանն այնքան պարարտ հող է, որտեղ հնարավոր է անել ամեն ինչ: Իսկ արվեստագետը նա է, ով ունի երևակայություն, պատկերացում: Մարդիկ կարող են մեծ հաջողությունների հասնել երևակայությամբ, պատկերացումներով: Շատ հնարավոր է, որ ես դառնայի նախարար կամ նախագահ: Հայաստանում ուժեղ, պատկերացում ունեցող հայը հնարավորություն ունի ամեն ինչի. բոլոր ճանապարհները, որոնք թվում են` փակ են, իրականում բաց են: Ես տեսնում եմ հնարավորություններ:

– Եվ որո՞նք են այդ հնարավորությունները:

– Համարձակություն է անհրաժեշտ: Մեզ պետք են ուժեղ, համարձակ հայեր: Իսկ հնարավորությունն ու պարարտ հողը կա: Պետք է չվախենալ պայքարելուց: Ե՛վ արվեստում, և՛ արհեստում, և՛ կյանքի մյուս ոլորտներում ամեն ինչ հաջողվում է անել պայքարի միջոցով:

– Հայաստանում համարձակ արվեստագետներ տեսնո՞ւմ եք:

– Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հին սերունդը բացել է դաշտը, և նոր սերունդը չի կարողանում գրավել այն: Իսկ դրա պատճառն այն է, որ հայտնվել է միջանկյալ մի ուժ, որը բարդացնում է այդ դաշտ մուտք գործելը: Այն նվիրյալները, ովքեր պատրաստ էին մտնել ստեղծագործական աշխարհ, ցավոք, մեկնեցին երկրից: Տաղանդավոր հայերի մի մասը մեկնել է ԱՄՆ, որտեղ, դժբախտաբար, չի կարողանում հասնել հաջողությունների: ԱՄՆ-ում շատ հանճարեղ արվեստագետներ կան, ովքեր կորցնում են իրենց արվեստը, իրենց, իսկ Հայաստանում ապրելու դեպքում նրանք կհասնեին մեծ հաջողությունների:

– Մեր հարցազրույցներից մեկում Դուք անդրադարձել էիք համաշխարհայնացման, գլոբալիզացիոն երևույթի հետևանքներին` նշելով, թե դրա ազդեցությունն արվեստի վրա բավական ուժեղ է: Ասում էիք, թե գալու է մի ժամանակ, երբ ռոբոտներին արվեստ պետք չի լինելու: Արդյո՞ք նկատում եք գլոբալիզացիային ներգրավվածության տենդենցը նաև Հայաստանի դեպքում: Եվ արդյո՞ք դրա հետևանքն է, որ այսօր մենք մշակույթը դիտարկում ենք որպես նորաձևություն:

– Ամեն ազգ, ամեն ժողովուրդ ունի իր նշանակությունը, դերը մարդկության մեջ: Կարծում եմ` հայն այն ազգն է, որը պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Այսինքն` հոգու անմահության խնդիրը դրված է հայերի վրա: Հայերը հոգու պահապաններն են, հետևաբար` արվեստն առաջին միջոցն է, որով սնվում է հոգին: Վերջերս համացանցում տեսա մի լուսանկար, որն արվել էր 1634թ. Անգլիայում, Նոր կտակարանի համար: Այդ լուսանկարում գրված էր` Հայաստան, Արարատ, որից ծնունդ էր առնում ամբողջ մարդկությունը` Աֆրիկա, Ասիա, Եվրոպա: Այսինքն` Հայաստանը մարդու վերածննդի երկիր է: Դրա հետ որևէ առնչություն չունեն իշխանությունները, որոնք ծառայում են մեծ ու ավելի մեծ պետություններին: Իշխանությունների գործը մարդկանց մեջ հայ լինելու գաղափարը սպանելն է, և ստիպելը, որ առավելագույնն օգտագործել այն էներգիան, որ ունի հայը: Քաղաքական գործիչները նրա համար են, որպեսզի արգելակեն որոշ երևույթներ, իսկ ժողովրդի ուժը նրա համար է, որ ճեղքի այդ արգելակները:

– Իտալիայում Ձեզ օգնո՞ւմ է հայ լինելու հանգամանքը:

– Հայ լինելը մեծ պատիվ է անձամբ ինձ համար: Ես ավելին չէի ուզի Աստծուց, քան հայ լինելը: Մարդու հոգին օծում են` որպես հայ: Դա հոգևոր և բնության մի մեծ կենտրոնացում է մարդու մեջ: Հայ ծնվելը մարդու ամենաարտոնյալ ձևն է: Մեզ տրված է ամեն ինչ` ամեն հարստություն, ամեն գաղտնիք: Մենք ունենք աշխարհը փրկելու հնարավորություն:

– Ինքներդ ի՞նչ քաղաքականություն եք իրականացնում քարի միջոցով:

– Կարող եմ պատմել մի քանի կոնկրետ դեպքեր: Օրինակ, Ֆլորենցիայում մասնակցեցի ամերիկացի արվեստագետների մի ցուցահանդեսի, որտեղից դուրս գալուց հետո ինձ զգում էի դատարկված: Ընդհանրապես արվեստը, ցուցահանդեսն այն բանի համար է, որ զգացմունքներով լցվես, մաքրվես: Եվ SENTIMENTO («Զգացմունք») քանդակը ստեղծեցի ընդդեմ այդ ցուցահանդեսի, որտեղ բացակայում է զգացմունքը: Արվեստը գեղեցիկ զգացմունքների միջոցով պահպանում կամ հիշեցնում է հոգու մաքրության մասին, այսինքն` եթե արվեստագետը զգացմունք տա իր արվեստով, ապա նրա արվեստն իմաստավորված կլինի: Իսկ այսօր գնալով պակասում են զգացմունքները արվեստի մեջ:

– Ինչո՞ւ:

– Մարդիկ սկսել են վախենալ զգացմունքներից, մեկը մյուսին ավելի քիչ է վստահում: Մարդիկ վախենում են սիրուց, սիրելուց: Նախկինում սիրո մասին շատ ֆիլմեր էին նկարահանվում, իսկ այսօր մեկ կամ երկու ֆիլմ հազիվ է ծնվում Հոլիվուդում:

– Ինչո՞ւ: Արդյո՞ք նյութապաշտությունն է պատճառը, որ մարդկանց ստիպում է ներփակել իրենց զգացմունքները:

– Ոչ թե նյութապաշտությունն է պատճառը, այլ` ագրեսիան: Ես ուրախ կլինեի, որ պատճառը նյութապաշտությունը լիներ, որովհետև նյութին պաշտելով ևս զգացմունքներ են ծնվում: Մինչդեռ հակառակն է` ագրեսիան դրսևորվում է անգամ այդ նյութերի դեմ: Քայքայման ընթացք է, որը դեմ է բնությանը: Կարծես, այսօրվա ֆիլմերը միայն տառապանքի մասին են, իսկ արվեստը պետք է խոսի սիրո և զգացմունքների մասին:

– Մարդիկ վախենո՞ւմ են բարձրաձայնել, որ սիրում են:

– Գիտեք` նույնիսկ չեն էլ մտածում, թե վախենում են: Մարդիկ մոռացել են այդ ամենը:

– Մարդը փոխվե՞լ է:

– Կարծում եմ` Հայաստանում դեռ կան այն ուժերը, որոնք կարող են փրկել:

– Այսպես ասած` արվեստը դեռ կորած չէ:

– Արվեստը երբեք չի կորչում, արվեստագետներն են հեռանում, ովքեր թուլանում են:

– Ինչի՞ց եք ամենաշատը հոգնում:

– Միապաղաղությունից: Միապաղաղությունը խրտնեցնում է ինձ: Միապաղաղ վիճակի դեպքում որևէ զարգացում չի լինի, իսկ դա հոգնեցնում է ինձ: Թերևս դա է պատճառը, որ չեմ կարողանում որևէ տեղ երկար ապրել:

– Այսինքն` ե՞լք եք փնտրում:

– Այսինքն` ես փնտրում եմ վիճակներ, որտեղ առավելագույնն օգտակար կլինեմ:

– Ձեր հայտնի քանդակները գտնվում են Իտալիայում: Մտադիր չե՞ք որևէ աշխատանք անել Հայաստանի համար:

– Վերջերս առաջարկ ստացա հուշարձան կառուցել Երևանի համար:

– Այս անգամ ի՞նչ զգացմունքներով եք մեկնում Հայաստանից` հաշվի առնելով, որ հուլիսին Շուշիում տեղի ունեցավ «Հակոբ Գյուրջյան» քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումը, որի նախագահը Դուք էիք:

– Ճիշտն ասած, այս անգամ հպարտության զգացում ունեմ: Մեկ-մեկ ես էլ եմ հպարտանում (Ժպտում է.- Մ.Մ.), երբ անհնար թվացող բաները դառնում են հնարավոր: Հիմա գնում եմ Իտալիա, որպեսզի օգնեմ շարունակությանը: Իտալիայի տարբեր քաղաքների ղեկավարներ ցանկություն են հայտնել համագործակցել Արցախի հետ: Առաջիկայում պետք է կազմակերպեմ Արցախի մշակույթի նախարարի այցը Իտալիա: Սա այն ուրախալի պահն է, որի համար ուրախանում եմ: Այն սերմը, որ ընկավ ճիշտ հողի մեջ, սկսեց ծիլեր տալ: Ես հպարտանում եմ այն ծառով, որի ծննդյան համար ես ևս ներդրում ունեմ, և որն այսօր տալիս է իր ծաղիկները:

– Տպավորություն է, որ այս անգամ կարոտով եք հեռանում:

– Այս անգամ կուզեի փոքր-ինչ երկար մնալ Հայաստանում, քանի որ զգում եմ, որ կարողանում եմ օգտակար լինել Հայաստանին, իմ հողին, բայց ամեն դեպքում Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումի աշխատանքները սկսվել են, որը հովանավորելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Առաջիկայում պատրաստելու ենք նաև սիմպոզիումի կատալոգը: Մի խոսքով` սա այն ընթացքն է, որ երկու տարի առաջ ծնվեց Արցախում, և որի արձագանքները տեսանելի են Իտալիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս