Ինչպես է վերադարձվում սոցիալիզմը
«Եկամտային հարկի» մասին չարաբաստիկ օրենքի թեմայով վերջին օրերին այնքան է խոսվել, որ դրա հիշատակումն արդեն կասկածի տակ է դնում նյութի՝ ընթերցելի լինելու հավանականությունը։
Լրատվամիջոցները մեկը մյուսի հետ մրցակցելով՝ այս թեմայի շուրջ խոսեցրեցին բոլոր հնարավոր բանախոսներին։ Առանց մանրամասների մեջ խորանալու՝ նշենք, որ կարծիքների հարցում մի հետաքրքիր միտում նկատվեց. կոշտից՝փափուկ։ Սկզբնական շրջանում բոլորը խոսում էին, որ օրենքը կրճատելու է վարձու աշխատողների աշխատավարձի իրական չափը։ Հետևաբար՝ սկսեցին խոսել ստվերի ծավալների ավելացման մասին։ Հետո պարզվեց, որ տուժում են ոչ թե աշխատողները, այլ գործատուները։ Մեկնաբանություններն ու հրապարակումներն այնքան շատ էին, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասուլիս հրավիրեցին՝ հատուկ այդ թեման մեկընդմիշտ փակելու նպատակով։
Վաչե Գաբրիելյանն անգամ հաշվարկի օրինակ ներկայացրեց, որպեսզի լրագրողներն ու մյուսները համոզվեն, որ ոչ ոք չի տուժում։ Ըստ այդ հաշվարկի, եթե, օրինակ, անձը ստանում է 100000 դրամ անվանական աշխատավարձ, ապա գործող օրենսդրությամբ նրա «մաքուր» եկամուտը կազմում է 90550 դրամ։ Այսինքն` անվանական աշխատավարձից պահվում է 9450 դրամ (3000 դրամ սոցվճար, 6450 եկամտահարկ)։ Եվս 19000 դրամ պարտադիր սոցիալական վճար վճարվում է գործատուի կողմից։ Կարճ ասած, ընդհանուր առմամբ՝ պետբյուջե է գնում 28450 դրամ։
Ըստ նախարարի, օրենքի կիրառումից հետո անվանական աշխատավարձը 100 հազարից դառնալու է 119775 դրամ, որից պահվելու է 24.4%։ Արդյունքում՝ աշխատողի մաքուր աշխատավարձը մնում է անփոփոխ՝ 90550 դրամ, իսկ բյուջե մտնող գումարն ավելանում է ընդամենը 775 դրամով։ Փաստորեն, գործատուն փոքր-ինչ տուժում է։ Սակայն կա շատ ավելի կարևոր հարց, որն անտեսվում է՝ ինչպե՞ս է մասնավոր ընկերությունում աշխատող վարձու աշխատողի աշխատավարձը 100 հազարից դառնում 119 հազար դրամ։
Վաչե Գաբրիելյանը վերը նշված ասուլիսում անուղղակիորեն նշել է,որ գործատուներին հրահանգվելու է բարձրացնել անվանական աշխատավարձը։
Ամենասկզբունքային հարցը հենց սա է՝ ի՞նչ իրավունք ունի պետությունն ուղղակի կամ անուղղակի կերպով ստիպել մասնավոր գործատուին՝ աշխատավարձ սահմանել։ Խոսքը չի վերաբերում նվազագույն աշխատավարձին։ Խոսքը վերաբերում է նվազագույն աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող վարձատրությանը։ Տրամաբանությունը պարզ է. պետությունը ցանկանում է այնպես անել, որ հասարակ աշխատողը չտուժի։ Սակայն արդյունքում տուժում են սկզբունքները, և աղավաղվում է շուկայական տնտեսության գաղափարը։ Ամենաշատը, թերևս, պետք է քննարկվեր հենց այս հարցը, սակայն այն շատ սահուն անցավ, և զարմանալիորեն ուշադրության չարժանացավ անգամ ընդդիմադիր փորձագետների կողմից։
Մտահոգություններն էլ, ի դեպ, կապված են հենց այս հանգամանքի հետ։ Եթե պետությունն այսօր կարող է հրահանգել անվանական աշխատավարձ բարձրացնել, ապա կարելի՞ է արդյոք բացառել, որ ընդամենը մի քանի ամիս անց լրացուցիչ փոփոխություններ չեն կատարվի, և չեն որոշի ավելացած աշխատավարձը հարկել ավելի բարձր դրույքաչափով։ Այսինքն, ըստ էության, խնդիրը հանգում է ոչ թե 500 կամ հազար դրամ կորցնելուն, այլ վստահության բացակայությանը։
Հ. Գ. Ի դեպ, եթե թվում է, թե պետությունն այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում ոչինչ չի շահում (հաշվի առնելով, որ պետբյուջե մտնող գումարները չեն ավելանում), ապա միայն՝ առաջին հայացքից։ Թե ինչ է շահում պետությունը կամ, ավելի ճիշտ, գործող իշխանությունը, կարդացեք «168 Ժամի»` օգոստոսի 30-ի տպագիր համարում: