«Եթե 2013 թ. չհաջողվի իրավիճակ փոխել, ՀԱԿ-ն այլևս դժվար թե անելիք ունենա». Պետրոս Մակեյան

– Ի՞նչ վիճակում է Ձեր գրասենյակի հարցը:

– Հիմա փաստն արձանագրված է, որ այդ տարածքն առգրավվել է: Մենք ինֆորմացիա ունենք, որ այն հետաքրքրում է մեկին, ով հետագայում տնօրինելու է այդ տարածքը, գիտենք, թե նա ով է, բայց հիմա չենք հրապարակի անունը: Սակայն կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել դատարան, և պրոցեսն ընթանում է, հաջորդ նիստը, կարծեմ, նշանակված է սեպտեմբերի 27-ին, և փորձում ենք պարտադրել վերակնքելու մեր պայմանագիրը:

– «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը որոշե՞լ է իր անելիքները քաղաքական դաշտում մոտակա ամիսներին:

– «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, փաստորեն, 15 տարվա կենսագրություն ունի ու միշտ պայքարի բովում է եղել` մշտապես պահպանելով իր սկզբունքները և իր գիծը: Եվ, բնականաբար, դրա պատճառով անընդհատ ստացել է հարվածներ, սակայն դրանից ոչ թե թուլացել է, այլ, բարեբախտաբար, ավելի է  համախմբվել և ուժեղացել: Անելիքների վերաբերյալ` ԺՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի կազմում է և հանդիսանում է նրա հիմնադիրներից մեկը և փորձում հնարավորինս օգտագործել 2013թ.՝ իրավիճակը, այսինքն՝ այն, ինչ կատարվեց անցած չորս տարիների ընթացքում և, հատկապես, «մայիսի 6-ի ընտրություններ» կոչված միջոցառման ժամանակ,  փոխելու համար: Հիմա մենք ուզում ենք փրկել իրավիճակը: Սա է խնդիրը: Այսպիսով, անելիքների առումով, մենք մտածում ենք 2013թ. մասին:

– Նախորդ հարցազրույցում Դուք ասացիք, որ ՀԱԿ-ից դուրս գալը լինելու է վերջին քայլը, և դեռևս ներկայացնում եք Ձեր առաջարկությունները Կոնգրեսի քաղխորհդի նիստերին:

– ՀԱԿ-ից դուրս գալու հարց մեր կուսակցության օրակարգում չկա: Մենք ՀԱԿ-ի միջոցով փորձելու ենք 2013 թ. իրավիճակ փոխել, եթե իրավիճակը չի փոխվում, ՀԱԿ-ը այլևս դժվար թե անելիք ունենա: Այսինքն` դուրս գալ կամ դուրս չգալը դա տեխնիկական խնդիր է, մենք ՀԱԿ-ը հիմնադրել ենք և փորձելու ենք այդ կառույցն օգտագործել երկրում իրավիճակ փոխելու և սահմանադրական կարգը հաստատելու նպատակով: Եթե չստացվի, կարծում եմ` ՀԱԿ-ն այլևս  հնարավորություն չի ունենա երկրորդ, երրորդ անգամ պատմությունը կրկնելու: Այսինքն` տեխնիկապես այդ հարցը լուծվում է` 2013 թվականի հնարավորությունից չօգտվելու դեպքում:

Մենք միշտ Կոնգրեսի քաղխորհրդի նիստերում ակտիվ առաջարկություններով հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ` փորձելով, ինչպես արդեն նշեցի, 2013 թվականը Հայաստանի համար դարձնել հանգուցային: Բայց պետք է խոստովանեմ, որ առայսօր դրա արդյունքը չեմ տեսնում:

– Իսկ կնշե՞ք, թե կոնկրետ որ հարցերին են վերաբերում Ձեր առաջարկությունները:

Քանի որ պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, ես չեմ ուզում ներքին, խոհանոցային հարցերը հանել հանրային քննարկման: Ես փորձել եմ քաղխորհրդում որոշակի գնահատականներ տալ, իհարկե, հիմա չեմ ասի, թե ինչ եմ այնտեղ հայտարարել, բայց հստակ գնահատականներ եղել են Կոնգրեսի անցած ճանապարհի, թույլ տրված սխալների, վրիպումների և թերացումների և նաև՝ հետևությունների վերաբերյալ:

Մեր կուսակցությունը մի գիծ ունի` փորձում է ամենափոքրիկ հնարավորությունն օգտագործել դրական արդյունք ստանալու համար: Կա նաև հարթության երկրորդ կողմը. եթե այս ընթացքում մենք տեսնենք, որ քաղաքական դաշտում կա այլընտրանքային` երկրորդ ուժի կենտրոնը, որն ավելի մեծ հնարավորություն ունի իրավիճակ փոխելու, մենք կոմպլեքսներ չունենք, Կոնգրեսում կդնենք հարց, որ ՀԱԿ-ը պետք է միանա այդ նոր ուժային կենտրոնին: Բայց, ցավոք, այսօր մենք այդ նոր ուժային կենտրոնը չենք տեսնում, այդ պատճառով այս փուլում փորձում ենք Կոնգրեսին ակտիվացնել և Կոնգրեսին դարձնել այդ ուժային կենտրոնը: Թեև պետք է ասեմ, որ բավական բարդ է դա անելը. մայիսի 6-ի աճուրդային, վարչախմբի կողմից թելադրված «ընտրություն» կոչվածից հետո շատ բարդ է:

– Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը, որը եղել է համաժողովրդական շարժման առաջատարը, կարծես թե գնալով թուլանում է, և անընդհատ ուժեր են դուրս գալիս նրա կազմից: Այս առումով` Կոնգրեսն, ըստ Ձեզ, ինչպիսի՞ քաղաքականություն պետք է որդեգրի Ձեր նշած իրավիճակը փոխելու համար:

– Կոնգրեսից դուրս եկած ուժերը մեր ընկերներն են, մեր քաղաքական գործընկերն են, և ես վստահ եմ, որ եթե Կոնգրեսն ընկալելի մեսիջներ ուղարկի հասարակությանը, որ ինքն իրոք նախաձեռնում է 2013 թվականին պրոցես փոխելու քայլերը, ՀԱԿ-ից դուրս եկած քաղաքական միավորները համագործակցեն, ինչով կձևավորվի մեր ասած ուժային կենտրոնը, որի շուրջ կարող են համախմբել Կոնգրեսի կազմում գտնվող, Կոնգրեսի հետ համագործակցող և Կոնգրեսից դուրս եկած ուժերը: Այսինքն` հանրությունը պետք է ընկալի այն մեսիջները, որ քաղաքական դաշտի բոլոր մտահոգ ուժերը` քաղաքական միավորներն ու գործիչները, համախմբվում են և ձևավորում են նոր ուժային կենտրոն: Թեկնածուն այնքան էլ էական չէ: Չնայած թեկնածուն հայկական մենթալիտետում էական է, սակայն, եթե հիշենք 96 թվականի նախագահական ընտրությունները, դրանցից երկու շաբաթ առաջ այսքան քաղաքականապես հասունացած ընդդիմություն էլ չկար. ընդդիմությունը բզկտված էր, ավելի թույլ էր, բայց այդ գործընթացը լուրջ էֆեկտ տվեց ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ: Ունենալով նման նախադեպ` ես համոզված եմ, որ եթե Կոնգրեսը և նրա առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, իրոք ցանկանա, այդ հնարավորությունը կա այսօր:  Պարզապես մենք պետք է կարողանանք ճիշտ քայլեր կատարել: Նույնիսկ այս պարագայում` անտարբեր, անորոշ ու անհույս վիճակում, եթե իշխանությունները նորմալ, արդար ընտրություններ անցկացնեն, իշխանական թեկնածուն որևէ շանս չունի ընտրվելու: Այս պարագայում էլ պետք է փող ծախսեն, ընտրակաշառք բաժանեն, լրացուցիչ ցուցակներով մարդկանց ֆռռցնեն, էլի նույն բանն է լինելու: Հակառակ դեպքում՝ իրենք չեն կարող հաղթել: Խորհրդարանական ընտրություններից հետո ես շատ եմ շփվում մարդկանց հետ, և երբ ինձ հարցնում են` ի՞նչ է լինելու մեր վիճակը, ես պատասխանում եմ` ոչ մի բան, դուք Ձեր անելիքը պետք է անեք ընտրության օրը, տասը հազարով տրվել եք, ուրեմն բարի եղեք հանդուրժել ամեն ինչ: Ես գիտեմ մարդկանց, ովքեր ապահովված են, սոցիալական միջին մակարդակից բարձր վիճակում են, սակայն նրանք համատարած վերցրեցին այդ կաշառքը: Այսինքն` խնդիրը ոչ թե հացի խնդրի մեջ է, այլ դա կարծես պարզապես դարձել է սովորական նորմա: Եթե առաջ գաղտնի էին գնում վերցնում կամ չէին վերցնում, մտածեին, թե ամոթ է, և այլն, հիմա այդ ամոթն էլ չկա. գազելը կանգնում է` իր պատասխանատուով, հասցեները ասում են, լցնում, տանում են ընտրությունների: Սակայն այստեղ հարցի երկրորդ կողմն էլ կա. եթե քաղաքական ընդդիմությունը կարողանար հստակ ցույց տալ քաղաքական այլընտրանքը, հնարավոր է այդ տասը հազար վերցնողը դա չաներ, այլ գնար այդ այլընտրանքի ուղղությամբ: Ժողովուրդը կարող էր չտրվել այդ տասը հազար դրամին, եթե քաղաքական ընդդիմությունը ճիշտ վարքագիծ դրսևորեր: Ասենք թե՝ ոչինչ չի փոխվում, և այս մեռած վիճակով վաղը փետրվարյան ընտրության օրն է, ընդդիմությունը բաժան-բաժան է եղած, իշխանությունն ավելի նախընտրելի վիճակում է, բայց այս պայմաններում էլ նրանք պետք է լցոնում անեն, երկրից դուրս եկած 700 հազար մարդկանց օգտագործեն, տեղի ֆեոդալները պետք է ակտիվ գործեն և իրենց դրսի տերերին էլ ցույց տան, թե՝ տեսեք, մենք բարեփոխիչ ենք, ինչպես Տիգրան Սարգսյանը` վարչապետ կոչեցյալն է փորձում այդ դեմքով հանդես գալ, բայց երկրի ամբողջ տնտեսությունն ու արժեհամակարգը փչացնողն է:

– Պարոն Մակեյան, Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այդքան շատ շրջանառվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը` որպես նախագահի հավանական թեկնածու, ում հնարավոր առաջադրումը, չնայած, կապվում է կոնկրետ քաղաքական ուժի հետ: Քոչարյանի գործոնի շրջանառումն արդյոք ուղղված չէ՞ իրական ընդդիմությանը չեզոքացնելուն:

– Դա քաղաքական գործելաոճ է, տեխնոլոգիաներ են, երբ ազդանշաններ են ուղարկում` հասկանալու, թե Քոչարյան կոչեցյալի վերադարձն ինչպես կարող է հասարակությունն ընկալել: Եվ ոչ մի պատահականություն չկա. Քոչարյանի տեսակը  չի կարող՝ թալանած փողերով բավարարված, նստի ու վայելի:  Նա պետք է կանգնի պատասխանատվության առաջ, բայց նա, միևնույն է, մտածում է իշխանությունը վերադարձնելու մասին, քանի որ այդ որակի մարդն առանց իշխանության չի կարող:

– Հաշվի առնելով Կոնգրեսի ներկայիս վիճակը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Ձեզ, կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ Կոնգրեսը կառաջարկի մեկ այլ թեկնածուի:

– Ես առիթ ունեցել եմ նախկինում ասելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին իր սկսած գործը պետք է ավարտին հասցնի: Դա  իր դեմքո՞վ կանի, թե՞ մեկ այլ դեմքի միջոցով, կարևոր չէ, բայց պետք է լինի իրական ուժային կենտրոն, որպեսզի հասարակությունն ընկալի դա: Թեկնածուն կարող է լինել կոնգրեսական կամ ոչ կոնգրեսական, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն այդ պրոցեսին պետք է հստակ մասնակցություն ունենա: Ես կարծում եմ` նրա թեկնածությունը լավագույնն է այդ գործընթացը գլխավորելու համար, բայց միայն՝ որոշակի քայլեր անելուց հետո: Սակայն, եթե հասարակությունը դա չընկալի, կապ չունի, թե ով կլինի թեկնածուն, ով՝ով, բայց Տեր-Պետրոսյանը երևի մեզնից շատ ավելի լավ է հասկանում, որ կստացվի ԱԺ ընտրությունների ավելի վատ տարբերակը. եթե մայիսի 6-ին նկարեցին 7 տոկոս, այս դեպքում կնկարեն 5-6 տոկոս:

– ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, ըստ էության, ակնարկել էր, եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, կարող է ինքն առաջադրել իր թեկնածությունը:

Ես շատ լավ եմ վերաբերվում Հրանտ Բագրատյանին: Նա եղել է վարչապետ, ես եղել եմ փոխմարզպետ, գործկոմի նախագահ, նաև պատգամավոր եմ եղել, և նրա կատարած աշխատանքը դրական եմ գնահատում: Բայց խնդիրը հետևյալն է. եթե Հրանտ Բագրատյան թեկնածուն, կամ ով էլ լինի` X կամ Y, լինում է այն ուժային կենտրոնը, որն իր շուրջը համախմբում է ընդդիմությանը, նորմալ է: Ժողովրդի մեծ մասը կարող է գնալ ընտրության՝ ոչ հանուն Կոնգրեսի կամ ընդդիմության թեկնածուի, այլ՝ ընդդեմ այս վարչախմբի:  2008-ին աշխատեց այդ «ընդդեմ» մեխանիզմը. բոլորը Լևոն Տեր-Պետրոսյանին սիրելով՝ չգնացին նրան ձայն տալու, այլ գնացին իշխանության դեմ քվեարկելու: Այս մեխանիզմն այսօր շատ լուրջ գործոն է, որովհետև թվում է, թե ամեն ինչ հարթ է և խաղաղ, բայց այն կարող է վարչախմբի խաղաքարտերը շատ լուրջ ձևով խառնել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս