Դեպրեսիան կհայտնվի հիվանդությունների ցանկի առաջին հորիզոնականում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ամենատարածված հիվանդությունը դեպրեսիան է, որը հիվանդությունների ցանկում շուտով կգերազանցի քաղցկեղային հիվանդություններին: Թեև, ըստ ԱՀԿ-ի, ներկայումս աշխարհի յուրաքանչյուր չորրորդ մարդը նյարդային անհավասարակշիռ վիճակում է, այդուհանդերձ, գիտնականները կանխատեսում են, որ մինչև 2020թ. Երկիր մոլորակի բոլոր երկրներում դեպրեսիան հիվանդությունների ցուցակում կհայտնվի առաջին տեղում: ԱՀԿ-ի մասնագետների դիտարկմամբ և կատարված հետազոտությունների արդյունքներով` մարդկանց մոտ դեպրեսիա կամ նյարդային խանգարումներ առաջանում են հիմնականում սոցիալական վիճակից, ոչ բարենպաստ կենցաղից, անաշխատունակությունից և կյանքի անբավարարվածությունից, որոնք կարող են հանգեցնել մինչև անգամ հոգեկան հիվանդությունների որակական աճի: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն դեպրեսիա հիվանդության մասին լայնածավալ զեկույց հրապարակելուց զատ՝ նաև նշում է, որ բոլոր երկրների առողջապահական համակարգերը փորձում են իրավիճակն այնպես կառավարել, որ ցանկացած նյարդային խնդիր ունեցող քաղաքացի չմեկուսանա հանրությունից, լիարժեք բուժում ստանա և հասարակության կողմից ընկալվի որպես հասարակության լիիրավ անդամ: Հայաստանում, պարզվում է` գոյություն չունի վիճակագրություն, որով կարելի է պատկերացում կազմել, թե մեր ազգաբնակչության քանի տոկոսն է տառապում դեպրեսիայով կամ նյարդային համակարգի խանգարումներով: Սակայն մեր հասարակական կյանքի մասնագիտական իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ, ինչպես դեպրեսիայով, այնպես էլ՝ հոգեկան խանգարումներով մարդկանց թիվը տարեցտարի աճում է: Ընդ որում` մեծ թափով: