Բաժիններ՝

Գալով Արցախ` մենք նրա մասն ենք դառնում. Ֆրանչեսկո Ռովիելլո

Ֆրանչեսկո Ռովիելլոն Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է: Նա Լեռնային Ղարաբաղ էր եկել` մասնակցելու Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումին: Ըստ նրա` երբ ստացավ Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի` սիմպոզիումին մասնակցելու հրավերը, անմիջապես ընդունեց այն:

– Սիմպոզիումին մասնակցելու ամենամեծ պատճառներից մեկն այն էր, որ ինձ հետաքրքիր էր գալ Հայաստան: Ես երբևիցե չեմ եղել Հայաստանում: Իսկ իմ գալու երկրորդ պատճառը պայմանավորված էր իմ գործընկերներով: Իհարկե, այս երկու պատճառները շատ պարզ են, բայց դրանք այն իրական հիմքերն են, որոնք ինձ դրդեցին գալ Հայաստան: Քանի որ արվեստն ինչ-որ բանի արտահայտում է, հետևաբար` հետաքրքիր էր ինչ-որ բան արտահայտելն ու նվեր թողնելը Հայաստանին: Շատ տպավորված եմ հայկական հյուրասիրությամբ:
– Եվ ի՞նչ բացահայտեցիք Շուշիում Ձեզ համար:
– Ամենահետաքրքիր հանգամանքը, որ առկա էր և՛ առաջին, և՛ երկրորդ սիմպոզիումներին, այն էր, որ այս սիմպոզիումը դուրս էր որևէ ձևից: Սիմպոզիումները սովորաբար ունենում են որոշակի ձևեր, բայց այս մեկը խիստ տարբերվում է մյուսներից: Այս սիմպիոզիումին արվեստագետը հնարավորություն է ստանում հնարավորինս արտահայտել իր անհատականությունը, և սիմպոզիումի մթնոլորտն էլ բավական ջերմ է: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Շուշին վերականգնման փուլում է, և մենք ստեղծում ենք այնպիսի քանդակներ, որոնք բխում են ոչ թե քաղաքի կոլորիտից, ձևից, այլ այդ քանդակներն են ստեղծում քաղաքի կոլորիտը: Եվ ստացվում է այնպես, որ մենք ոչ թե ինչ-որ բան ենք ներդնում Շուշիում, այլ ստեղծում ենք քաղաքը մեր ձեռքերով: Մենք, կարծես, դառնում ենք նոր վերածնվող քաղաքի հիմնադիրներից, և դա կատարում ենք մեր քանդակների միջոցով:
– Իսկ ինչպիսի՞ն է Շուշիի կերպարը Ձեզ համար:
– Թույլ տվեք Շուշին նկարագրել մեկ բառով` քարից քաղաք, որտեղ փողոցները, շենքերը կառուցված են քարից: Շուշին դեռ վերածնման փուլում է: Այն դեռ վերածնունդ է ապրելու իր հին տեսքով, և վերականգնվելու են այն հին շենքերը, որոնք քաղաքին հաղորդում են յուրօրինակ տեսք: Թերևս, ամենակարևորը դա է: Որևէ ֆանտաստիկ բան պետք չէ անել քաղաքում, բավական է վերականգնել հինը: Իսկ այդ ժամանակ կվերածնվի Շուշին:
– Նախորդ տարի ևս մասնակցում էիք Շուշիում տեղի ունեցած սիմպոզիումին: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Շուշին Ձեր արվեստում:
– Երբ գալիս ես Շուշի, կենտրոնանում ես քո անելիքի վրա: Ինձ համար կարևոր էր այն, որ թողնեի քարե հիշատակ քաղաքին: Իհարկե, ցանկացած նորություն ինչ-որ բան փոխում է մեր մեջ: Իսկ եթե ասեմ, թե արմատապես փոխվել են իմ մոտեցումներն արվեստի նկատմամբ, ապա բարձրահունչ կլինի դա: Եվրոպան շատ տարբեր է, որն անընդհատ զարգացման փուլում է: 1970-ական թթ. մինչ օրս շատ մեծ հետաքրքրություն կա դեպի տարատեսակ արվեստի ճյուղերը: Այդ տարիներին սկսեց զարգանալ նաև նորաձևությունը, որը նաև արտադրության մի մաս դարձավ: Անցյալ տարի սիմվոլիկ քանդակ արեցի Շուշիում` քանդակիս վրա կարող էիք գտնել աստղ և խաղաղության խորհրդանիշը: Այս տարի ևս նման սիմվոլիկ քանդակ եմ արել, և կարևորն այն է, որ քարն ամբողջությամբ օգտագործել եմ` չցանկանալով դրա որևէ հատվածը փչացնել: Հիմնական միտքն այն է, որ նոր մոդել կառուցենք բնական քարի վրա, այսինքն` հնի վրա կառուցենք նորը` չքանդելով հինը, չփչացնելով գույնը: Այսինքն` դա նույնն է, որ հնի վրա կառուցենք նորը: Այդ դեպքում էլ լինում է իրական համադրությունը:
– Իսկ նախքան Արցախ գալը տեղյա՞կ էիք, որ գալիս եք հրադադարի ռեժիմի տակ գտնվող երկիր: Եվ այդ հանգամանքը չվախեցրե՞ց Ձեզ:
– Մինչ Արցախ գալը տեղյակ էինք այդ մասին, կարդացել էինք նաև պատմությունը, բայց մենք ցանկանում էինք գալ և ինչ-որ կերպով ընդգրկվել համաշխարհային հարցերում: Մենք, իհարկե, հերոսներ չենք, բայց միևնույն ժամանակ` ուզում ենք, ինչպես նշեցի, ընդգրկվել համաշխարհային հարցերում: Եվ, ինչպես նախորդ տարի սիմպոզիումի մասնակիցներից մեկը` Ռոբերտո Ջովանելին էր ասել` պատերազմը բաժանում է, իսկ արվեստը` միացնում է: Նա անընդհատ կրկնում էր այս խոսքը, և հասկանալի է, որ այս սիմպոզիումի նպատակը հենց դա է: Թեև մենք երրորդ կողմ ենք, բայց գալով Արցախ` մենք նրա մասն ենք դառնում:
Հարցազրույցը`
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս