«Շատացել և ծանրացել են տրավմաներով դեպքերը»
«Սուրբ Աստվածամայր» (մանկական) բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում շատացել է ծանր տրավմաներով երեխաներին հիվանդանոց տեղափոխելու դեպքերը:
Նա ծնողներին զգոնության կոչ է անում` հավաստիացնելով, որ երեխաները ծանր վիճակում տեղափոխվում են հիվանդանոց՝ շատ դեպքերում ծնողների անփութության հետևանքով: Օրինակ` վերջերս երեխայի գլխին ընկել էր թույլ ամրացված հեռուստացույցը, որի պատճառով մասնագետները երկարատև վիրահատություններից հետո անգամ չէին կարողացել փրկել երեխայի կյանքը:
«Այսինքն` երեխան նույնիսկ իր համար ամենապաշտպանված օջախում` ընտանիքում, ծնողների անուշադրության, անփութության արդյունքում կարող է հաշմանդամ դառնալ կամ զրկվել կյանքից: Մեր բուժկենտրոնում տրավմաներով դեպքերը շատացել են, ավելին` ծանրացել է դեպքերի բնույթը, տրավմայի ստրուկտուրան: Այսինքն` զուգակցված տրավմաներ, ծանր իրավիճակներ են»,- տեղեկացնում է Ն. Դալլաքյանը` հավելելով, որ շատացել են վթարներից տուժածները, բարձրությունից վայր ընկնելու դեպքերը:
Նրա խոսքով՝ նույնիսկ կենցաղային գործոնները կարող են մահվան ելքով ավարտվել: «Արտասահմանում գոյություն ունի «Երեխայի հետ վտանգավոր վարվելու համախտանիշ» հասկացողությունը, որի մեջ ոչ միայն մտնում է ծնողի բարկությունը, ծեծը, այլև` նրա անփութությունը, ասենք` 1 տարեկան երեխայի ձեռքը խեցգետին, մոզաիկա կամ տարիքային հակացուցված խաղալիքներ տալը: Պատահում է` տատիկի կամ պապիկի դեղորայքը երեխային հասանելի տեղում են պահում, որի արդյունքում երեխան խմում, թունավորվում է: Կամ՝ երեխային դնում են պատուհանի տակ, իսկ ծնողները քնում են, որի արդյունքում՝ երեխան 8-րդ հարկից ցած է նետվում: Այս բոլորը երեխայի հետ ոչ ճիշտ վարվելաձևի արդյունք է: Մեզ մոտ ամեն օր դեպքեր են լինում, համաձայն որոնց` ծնողներն են իրենց երեխայի կյանքը վտանգում: Էլ չեմ ասում, որ վնասում են նաև հասարակությանը` առողջ սերնդին հաշմանդամ դարձնելով»,- ասում է Ն. Դալլաքյանը` նշելով, որ չգիտես ինչու՝ ծնողներից շատերը պատասխանատվության զգացումից «թույլ» են և միայն կարեկցում են, երբ դեպքը պատահում է:
«Զարմանալի է, որ անգամ լրատվամիջոցները սթափության կոչ չեն անում, որ մարդիկ իրենց ստեղծած երեխաների նկատմամբ ուշադիր լինեն: Սա արդեն մասսայական բնույթ է կրում, և տարբեր սեզոններին մենք ունենում ենք տարբեր ծանրության դեպքեր, ընդ որում` կրկնվող»:
Հիշելով վերջին դեպքը՝ Ն. Դալլաքյանը մատնանշում է հինգերորդ հարկից ընկած երեխային. ստիպված են եղել մի քանի վիրահատություն կատարելով՝ նրա մարմինը «հավաքել»: Այդուհանդերձ, գիտակցելով, որ երևույթն անընդհատ կրկնվում և շատանում է, Ն. Դալլաքյանը կարծում է, որ անհրաժեշտ է տրավմատիզմի նվազեցման միջոցներ ձեռնարկել. «Ի վերջո, այդ երեխաների մեծ մասը հաշմանդամ է դառնում: Սա նաև անվտանգության խնդիր է»: