Կոնստանտին Զատուլին. Ռուսաստանն առանձնացնում է հարաբերությունները Հայաստանի հետ` որպես Կովկասի իր գործընկերոջ

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և այն ամրապնդելու պատրատսակամությունը: Հանդիպումից ռուս քաղաքական վերլուծաբանների դիրքորոշումը պարզելու համար «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Արդարացվա՞ծ են արդյոք ռազմավարական գործընկեր պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ քաղաքական շրջանակներում ձևավորվող սպասումները:

– Հանդիպումն, իմ կարծիքով, անչափ կարևոր էր, թեև ընդամենը ժամեր տևեց: Միևնույն ժամանակ` նրանով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև վերահաստատվեց բարեկամական, վստահելի հարաբերությունների ավանդույթը: Որքան ինձ հայտնի է, քննարկվում է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին ՌԴ նախագահի ներկայության հարցը: Քաղաքական, անգամ ոչ քաղաքական տեսանկյունից սա չափազանց կարևոր է, քանի որ տեղի է ունենում հենց այն պահին, երբ ավելի քան երբևէ անհրաժեշտ է ցուցադրել գործընկերային հարաբերությունները: Մենք գիտենք` որքան լարված է դրությունը Մերձավոր և Միջին Արևելքում, գիտենք նաև, որ Իսրայելում, ԱՄՆ-ում կան «տաքգլուխներ», ովքեր դեռ չեն հրաժարվել Իրանին դաս տալու մտքից: Այստեղ որոշակի դեր ունի Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը, որը վերջին շրջանում ակնհայտ է:

Այս ամենից ելնելով` անհրաժեշտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն բավական ամուր, ազդեցություն ունենան տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում: Կարծում եմ` բացի այդ էական հանգամանքից, կարևոր է և հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի, տնտեսական, էներգետիկ թեմաների քննարկման շարունակությունը: Ինձ հայտնի է, որ նախագահները քննարկել են թեմաների լայն շրջանակ` ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև ընդհանուր իրավիճակը, և իրերի դասավորության շուրջ հայացքները բավական մոտ են: Այս հանդիպումը շատ կարևոր էր: Այն, փաստորեն, տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո:

Հանդիպման ականատեսներն ասում են, որ նախագահների զրույցից տպավորություն էր ստեղծվում, թե նրանք ընդամենը երեկ էին բաժանվել: Կասկած չկա, որ վերջին շրջանում ռուս պետական-հասարակական գործիչների` Հայաստան կատարած այցելությունների հերթականությունը, ապա երկու երկրների նախագահների միջև բանակցությունները հաստատում են` հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

– Ինչպե՞ս կգնահատեիք հանդիպման արդյունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով:

– Լեռնային Ղարաբաղի թեման, կարծում եմ (այս դեպքում միայն կարող եմ ենթադրել), քննարկվել է: Այստեղ, ինձ թվում է, նույն սկզբունքներն են: Խոսվում է խաղաղ գործընթացի պահպանման և այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը շահագրգիռ չեն զինված հակամարտության վերականգնման և սրացման հարցում: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ձգտում է, որ երկու երկրների միջև բանակցությունները խաղաղ ընթացք ունենան: Կարծում եմ` եթե դրա հետ համաձայն են Բաքվում, ապա խնդիրներ չպիտի լինեն: Մենք գիտենք, որ վերջին շրջանում լարվածությունը ԼՂ-ի շուրջ ավելանում էր, այն մեկ անգամ չէ, որ դուրս էր գալիս խաղաղ-բանակցային ընթացքից` հրադադարի ռեժիմի խախտմամբ: Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք ունեն սեփական տրամաբանությունը, սեփական պատճառները, այդուհանդերձ, տպավորություն կգործեն ոչ միայն Հայաստանի, այլև սահմանակից այլ պետությունների վրա:

–   Ի՞նչ կտա այս հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կարելի՞ է պնդել, որ սա քայլ առաջ է:

– Սա աշխատանքային հանդիպում էր, այն չէր ենթադրում ինչ-որ կարևոր փաստաթղթերի ստորագրում, որ սովորաբար տեղի է ունենում պաշտոնական այցելությունների ժամանակ: Այս հանդիպման ընթացքում, որքան ինձ հայտնի է, քննարկվել են հայ-ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունների բոլոր հանգուցային խնդիրները: Օրակարգում են նշված հարցերի հետագա քննարկումը և լուծումը, այդ թվում և վարկերի հարցն ու գազի գինը: Բոլոր այս հարցերը, հանդիպման ընթացքում քննարկվածին գումարվելով, դառնում են երկու նախագահների աշխատանքի առարկա: Չի բացառվում, որ հետագայում բանակցությունների արդյունքում կստեղծվի հայ-ռուսական հանձնաժողով, սակայն ոչ թե կառավարության, այլ նախագահների մակարդակով: Բոլոր այս տարիներին գոյություն է ունեցել ռուս-հայկական կառավարական հանձնաժողով, այժմ միտք կա դրա մակարդակի բարձրացման, այն նախագահական ղեկավարության հանձնելու:

– Քաղաքական առումով ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել առաջիկայում տարածաշրջանում:

– Քաղաքական առումով մեր հարաբերությունները հիմնվում են ստորագրված համաձայնագրերի վրա: Իհարկե, կա օբյեկտիվ դժվարություն` կապված Եվրասիական միության նման կառույցներին Հայաստանի անդամակցության հետ, քանի որ մենք չունենք ընդհանուր սահման: Եվրասիական միությունն իրականում մաքսային միություն է: Այդուհանդերձ, Հայաստանը հետևում է գործընթացների զարգացմանը, իմ տպավորությամբ` ցանկություն կա նաև հետագայում զարգացնել ու խորացնել տնտեսական համագործակցությունը: Եթե խոսենք քաղաքական համագործակցության մասին, կարծում եմ` ոչ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանի և Ադրբեջանի յուրահատուկ հարաբերությունների փաստը: Այն պարզապես իրողություն է Կովկասով հետաքրքրվող ցանկացած անձի համար: Նույն կերպ կասկած չպետք է հարուցի Հայաստանի և Ռուսաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունների առկայությունը: Ցանկություն ունենալով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու` մենք միևնույն ժամանակ առանձնացնում ենք հարաբերությունները Հայաստանի հետ` որպես Կովկասի մեր գործընկերոջ, որը չի մասնակցում ինչ-ինչ ծրագրերի` կապված Իրանի և այլնի հետ: Հայաստանն այս դեպքում առաջնորդվում է որոշակի արտաքին քաղաքական գծով, որը շատ բանով համընկնում է այն քաղաքականության հետ, որ փորձում է վարել Ռուսաստանը: Մենք չենք ցանկանում Հարավում` Կովկասում, ինչ-որ բարդություններ, հակամարտություն տեսնել: Ես սա ասում եմ այս օրերին, երբ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի չորրորդ տարին: Այն տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ Վրաստանը հարձակվեց Օսիայի վրա, և Ռուսաստանը ստիպված էր պաշտպանել իր հայրենակիցներին: Եթե այսօր պատկերացնենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա կարող ենք պնդել. դա հարաբերություն է երկու երկրների միջև, որոնք հավասարապես շահագրգիռ են Կովկասում խաղաղության պահպանման մեջ:


Տեսանյութեր

Լրահոս