Հաշմանդամ կինը երեխաների հետ կարող է դրսում հայտնվել (տեսանյութ, լուսանկարներ)
Վաղ առավոտյան Կապանի Ձորք թաղամասի փոսաշատ ճանապարհներին լսվում է Մարինեի ցախավելի քստքստոցը: Մարինեն երկրորդ կարգի հաշմանդամ է: Թաղամասում գրեթե բոլորը ճանաչում են նրան: Նա բարեհամբույր է նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր կատարած աշխատանքի դիմաց ամսական 100 դրամը չեն վճարում:
Մարինեն երեք անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից Սվետլանան սովորում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում, որտեղ նաև ապրում է: Սվետլանան միայն շաբաթ-կիրակի օրերին է այցելում ընտանիքին: Մարինեն ամուսնացել է 10 տարի առաջ: Նրա ամուսինը՝ Ռոման, հայտնի է իր «տաչկայով»: Օրվա մեջ տարբեր ժամերի Ռոմային կարելի է տեսնել քաղաքի տարբեր անկյուններում՝ ալյումին, պղինձ, շիշ հավաքելիս:
Ռոմայի խոսքով՝ օրական հազիվ 300 դրամ է աշխատում, որը չգիտի՝ ընտանիքի ո՞ր հոգսի համար ծախսի: Ռոման երրորդ կարգի հաշմանդամ է և ապրում է իր հայրական տանը: Մարինեն պատմում էր, որ Ռոմայի մայրը իրեն և երեխաներին չի թույլատրում ապրել այդ տանը: «Հիմնականում ապրում եմ մամայիս մոտ՝ Տնային կառավարչության շենքում: Սկեսուրիս տան մի պատը փլվել ա: Խոխեքին հետ քնում ենք կուխնյայում, որի մի պատը չկա ու անընդհատ ջուր է լցվում: Առավոտը որ վեր եմ կենում, սաղ դոշակս ջուր դառած է լինում: Էնքան ջրի մեջ պըրանած ըմ, մեջքս ցավում ա: Սաղ օրը յորղանի տակին կոչ ըմ լա կյամ, խոխեքին հավաքում, որ մըրսին վեչ: Դե, սկեսուրիս հետ էլ անընդհատ կռվում ենք: Ինքը չի թողնում, որ ես էդ տանը մնամ»,- ասում է Մարինեն՝ սև, թավ հոնքերի տակ թաքնված կանաչ աչքերն աննկատ ճպճպացնելով: «Սաղ օրը սկեսուրս ասում ա՝ տնից տուս եկեք: Երկու ղըզղան ենք դնում մի տան մեջ՝ ինքն ու ամուսինս առանձին են հաց ուտում, ես ու երեխաներս՝ առանձին: Հիմա տա դառնում ա ընտանի՞ք: Սկեսուրս չի ուզում, որ մենք իրա հետ ապրենք: Դե, ես ալ խոխեքին հավաքում եմ, գալիս մամայիս մոտ: Էստեղ ենք մնում, ճաշ ուտում: Սկեսուրիս ասում եմ՝ Սվետա, հո էս երեք խոխեքին հորս տնի՞ց չեմ բերել: Երեք խոխեքս ալ իմ ազգանունով են գրվում»,- Տնային կառավարչության մեծ սրահի փայտյա նստարանին նստած՝ պատմում է Մարինեն՝ ուշադիր նայելով իր շուրջը հավաքված երեք երեխաներին: «Բայց սա տոն չի, սա տնային կառավարչություն ա»,- մանկական պարզամտությամբ՝ մոր խոսքն ընդհատում է երեխաներից Անդրանիկը, ով առաջին կարգի հաշմանդամ է:
«Անդո, ջանա, ոչինչ»,- մայրական քնքշությամբ երեխային պատասխանում է Մարինեն: Այն սրահը, որտեղ նրանք հիմա բնակվում են` թաղամասի հանդիսությունների դահլիճն է, իսկ Մարինեի ընտանիքի համար՝ իրենց տունը: Ընտանիքին այսօր մտահոգում է այն փաստը, որ առաջիկայում այդ սրահը պետք է վերանորոգվի և բացառապես օգտագործվի՝ որպես հանդիսությունների սրահ: «Դե, եթե ըտենց բան անին, մըզ ալ տըղ չի լինելու գնալու: Լա գոնե մի անկյուն տան` մնանք»,- Մոնիկայի խորազնին աչքերին նայելով՝ շարունակում է խոսել ընտանիքի մայրը: Մարինեի ընտանիքի մասին այսօր հոգ է տանում Մարինեի մայրը, ում ասելով՝ իրենց, նույնիսկ վարձակալությամ, որևէ անկյուն չեն տալիս, որովհետև իմանում են, որ իր աղջիկն ու թոռը հաշմանդամ են: Ինքն էլ չի կարողանում գտնել այդ վերաբերմունքի կամ վախի պատճառը: «Մըր մասին սաղ սուս ըն մնում: Էսքան վախտ ոչ մի լրագրող, ոչ մի թերթ կըրած չըն մըր մասին: Ես իմ մասին էլ մտածում չըմ, որովհետև սաղ կյանքս ներդրել եմ Մարինեի ընտանիքին պահելու վրա: Միակ բանը, որ վախենում եմ՝ մըզ ստեղից՝ Տնային կառավարչության էս անկյունից հանելն ա, ու մեկ էլ էն, որ ես ալ արդեն փոքր չեմ ու չգիտեմ՝ իմ չլինելուց հետո ո՞վ կպահի Մարինեին ու նրա երեխաներին»,- աչքերի անկյուններում կախված արցունքները սրբելով՝ ասում է Մարինեի մայրը՝ տիկին Անահիտը: «Բայց դե, էս մըր պրոբլեմներն են, ո՞վ պիտի մըզ լսի: Եկեք գոնե մի բաժակ սուրճ հյուրասիրենք…»,- սյունեցուն հատուկ հյուրասիրությամբ՝ թաց աչքերը թաքցնելով՝ ասում է տիկին Անահիտը
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: