Հայաստանին պետք է չեզոքություն, ոչ թե «քոմփլեմենթարիզմ»

ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանին այսօր մտահոգում է ոչ թե Հայաստանի լավ կամ վատ լինելու հարցը, այլ՝ լինել կամ չլինելու հարցը։
Վերջին օրերին բավական ակտիվ քննարկվում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը։ Ըստ որոշ մեկնաբանների՝ ռուսները Հայաստանից պահանջում են վերջնականապես կողմնորոշվել՝ իրենց հե՞տ ենք (անդամակցում ենք Եվրասիական միությանը), թե՞ ոչ։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցը դիտարկվում է հենց այդ համատեքստում։
168.am-ն այդ հարցի շուրջ զրուցեց ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ՝ ո՞րն է Հայաստանի համար ավելի ձեռտնու՝ անդամակցե՞լ այդ միությանը, թե՞ ոչ։ Եվ արդյո՞ք այդ անդամակցությունը չի խանգարում եվրոպական համայնքին Հայաստանի անդամակցությանը։
Հր. Բագրատյանը, սակայն, հարցի նման դրվածքն ի սկզբանե չի ընդունում։ Այսինքն՝ չի կարելի անզգուշություն ցուցաբերել և ընտրել միայն մեկ ուղղություն՝ լինի դա Արևմուտք թե Ռուսաստան։ «Չի կարելի Հայաստանում առճակատում ստեղծել Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Մեգաէկոնոմիկայի տեսությունից ելնելով՝ Հայաստանը պետք է պահպանի չեզոքություն»,- ասում է Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է ինտեգրվի իր հարևաններին և կամուրջ դառնա մուսուլմանական և քրիստոնյա աշխարհների միջև։
Համագործակցությանը տարբեր կառույցների հետ նախկին վարչապետը դեմ չէ։ Սակայն, վերջինիս խոսքերով, նախ՝ պետք է ծանոթանալ կոնկրետ պայմաններին և հետո նոր որոշել այդ համագործակցության մասշտաբներն ու խորությունը։
«Օրինակ, Եվրասիական միության դեպքում, եթե խոսքը վերաբերում է ազատ առևտրի համաձայնագրին՝ ես դրան կողմնակից եմ։ Սակայն, եթե ավելի խորը հարաբերությունների մասին է խոսքը, օրինակ՝ մաքսային միության, ապա պետք է շատ զգուշավոր լինել և, նախևառաջ, մանրամասն դիտարկել այդ տիպի համագործակցության կոնկրետ պայմանները, մաքսային տարիֆների չափերը, սահմանափակումները, և այլն։ Եթե նման միությունը մեզ պետք է խանգարի ինտեգրվել այլ կառույցներին կամ համագործակցել այլ երկրների հետ, ապա մեզ նման միություն պետք չէ»։
Խոսքը չի վերաբերում միայն Եվրասիական միությանը։ Օրինակ, Հրանտ Բագրատյանը չի ողջունում նաև Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալը, քանի որ «այնտեղ կատարյալ վակխանալիա է տիրում»։ Նույնը՝ ՆԱՏՕ-ի մասով։
Իսկ նշված բևեռներից ոչ մեկին չանդամակցելու և լիարժեք չեզոքություն պահպանելու արդյունքում՝ Հայաստանը չի՞ հայտնվի մեկուսացման մեջ և չի՞ տուժի դրանից։ «Ոչ, ես չեմ տեսել, որ Շվեյցարիան տուժի։ Ես չեմ ասում՝ թշնամանանք որևէ մեկի հետ։ Ես ասում եմ՝ պետք է ծանրութեթև անենք բոլոր պայմանները, հակասություններ չստեղծենք և լինենք առավելագույնս չեզոք»,- ասում է Հրանտ Բագրատյանը՝ հատուկ շեշտելով, որ ինքը խոսում է ոչ թե «քոմփլեմենթարության» մասին, այլ՝ մտածված և կշռադատված չեզոքության։
«Չպետք է չնկատել, որ այսօրվա քաղաքական աշխարհի օրակարգում հակասությունների երկու հզոր շերտ է հասունանում։ Առաջինը բուն մահմեդական աշխարհի մեջ է. սուննիների ու շիաների միջև։ «Արաբական գարնան» առանձնահատկությունններից մեկն էլ (բնավ՝ ոչ միակ) սուննիների հակամարտությունն է շիաների հետ։ Ենթադրում եմ, որ այս խնդիրը լուծվելուց հետո (դրան զուգահեռ) հասունանալու է հիմնախնդիրը քրիստոնյաների և մահմեդականների միջև։ Աշխարհը կանգնած է տարածքային ու ռեսուրսային վերաձևակերպումների անհրաժեշտության առաջ։ Այս պայմաններում մահմեդական աշխարհին մոտիկ կանգնած պետությունները (զորօրինակ՝ Հայաստանը) կարող են մանրադրամ դառնալ ու կործանվել։ Դրանից խուսափելու համար մեզ չեզոքություն է պետք։ Ընդ որում, այս պահի դրությամբ՝ մենք պետք է հարգենք և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը։ Բայց հարաբերությունների խորացմանը պետք է գնալ միայն այն դեպքում, երբ ցանկացած նոր քայլ խնդիր չի դառնում այլ պետությունների ու քաղաքակրթությունների հետ մեր հարաբերությունների մասով»,- ասում է ՀՀ նախկին վարչապետը։
Վերջինիս խոսքերով՝ սա շատ լուրջ հարց է, և հարկավոր է առավելագույնս զգույշ լինել։ «Սակայն, հաշվի առնելով այն, որ այսօրվա իշխանությունը զուրկ է անալիտիկ ռազմավարական մտածելակերպից՝ ինձ մտահոգում է ոչ թե Հայաստանի լավ կամ վատ լինելու հարցը, այլ՝ լինել կամ չլինելու հարցը»,- ասում է նախկին վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս