Կադրերի բացակայության պատճառով «Airbus» ինքնաթիռի «ավտոպիլոտի» ծրագիրը Հայաստանում չգրվեց
Ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը (Levon Bachdasarian): Նա արդեն մոտ 7 տարի աշխատում է Metris B.V. հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար (տես նաև`https://168.am/2012/07/26/109309.html):
168.am-ի թղթակիցը գիտնականի հետ զրուցել է հոլանդական գիտահետազոտական կենտրոնի բացահայտումների ու մշակումների, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) նրա ջանքերով ստեղծված ընկերության և այլ հարցերի շուրջ:
– Ընկերությունը, որտեղ աշխատում եք` հետաքրքիր ծրագրեր է մշակում՝ ազդանշանների վերլուծություն է կատարում և դրա հիման վրա՝ նաև կենդանիների և մարդկանց վարքն է վերլուծում: Կպատմե՞ք` ինչպե՞ս է դա իրականացվում:
– Մեր ընկերությունը բժշկական/դեղագործական մասնագիտացված համակարգերի մշակմամբ է զբաղվում, ինչպես նաև՝ մեծ ճշգրտություն ունեցող ծրագրերի նախագծմամբ, որոնց մեջ օգտագործվում են ազդանշանների մշակումը և ուսումնասիրումը, շարժական ու անշարժ առարկաների ճանաչումը: Ինքս ազդանշանների հայտնաբերման, ճանաչման և մշակման մասնագետ եմ, հիմնականում` թռչող օբյեկտների մասին է խոսքը: Բավական աշխատանքներ ունեի այդ ուղղությամբ, հատկապես՝ ռազմական ռադարային տեխնոլոգիաների ուղղությամբ: Ժամանակին ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ազդանշանի մշակման հատուկ ճյուղ կար, և այդ կարգի մասնագետները հիմնականում ռազմական նշանակության ուղղությամբ էին աշխատում, հետագայում, այդ պրակտիկան շարունակելով` ես այդ ճյուղը տեղափոխեցի բժշկության բնագավառ: Այսինքն՝ այն բոլոր աշխատանքները, որ արված էին ռազմական ռադարների համար` տեղափոխեցի բժշկության ոլորտ: Դեղագործական ընկերություններից մեկին հետաքրքրում էր` արդյո՞ք հնարավոր է ստեղծել մի այնպիսի սարքավորում, որը ավտոմատացված կգրանցի կենդանու վարքագիծը, ինչը հետագայում հնարավոր կլինի կիրառել նաև մարդու վարքագծի պարագայում: Այսինքն՝ անհրաժեշտ էր հասկանալ, որ երբ դեղը ներարկվում է օրգանիզմ, տվյալ օրգանիզմում էներգիայի ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվում, որի արդյունքում մենք տեսնում ենք վարքագծի փոփոխություն: Այսինքն՝ մեկը, որ արագաշարժ է` սկսում է դանդաղաշարժ դառնալ, և այլն (ակտիվացում և պասիվացում): Այսպիսով, պարզվեց, որ դեղորայքի ընդունումը բերում է վարքագծի փոփոխության: Արդյունքում՝ դեղորայք արտադրելիս անհրաժեշտ էր ըստ դրա որոշել` որքա՞ն դոզա է անհրաժեշտ, որպեսզի դեղորայքը բացասական ազդեցություն չունենա:
Արդեն 30 տարուց ավելի` կենդանու վարքագիծը կարևոր չափորոշիչ է հանդիսանում դեղորայքի արտադրության, հոգեբանության և հոգեվերլուծության, ինչպես նաև՝ ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունների համար: Metris B.V. ընկերությունն աշխարհում առաջին անգամ ստեղծեց մի սարք, որը կշեռքային սենսորների հիման վրա կարողանում էր գրանցել կենդանու վարքագիծը, այսինքն՝ կենդանու շարժումները վերածում էր էլեկտրոնային տատանումների, թվայնացնում էր այն, տալիս համակարգիչներին: Համակարգչի վրա գրվում է մաթեմատիկական ալգորիթմ, որը կարողանում է ավտոմատ կերպով ճանաչել կենդանու վարքագիծը: Կան մոտ 400 չափորոշիչներ (պարամետրեր), Մատրիցական անալիզի շնորհիվ միանգամից դիտարկում են կենդանու վարքագիծը և տալիս դրա վերլուծությունը և անալիզը (և ավտոմատացված ճանաչում կենդանու վարքագիծը): Մենք կենդանու տատանումները տեսնում ենք ազդանշանների տատանումների միջոցով. յուրաքանչյուր կենդանու վարքագիծ ունի իր յուրահատուկ ազգանշանը: Կենդանու բազմաթիվ վարքագծեր աչքով դժվար է տեսնել, իսկ այժմ այդ սարքի և ազդանշանի միջոցով այդ ամենն ակնառու է դարձել: Օրինակ՝ կենդանու տարբեր շարժումները, շնչառության փոփոխությունը` պառկած վիճակում, կենդանու շարժման ինտենսիվությունը (կենդանու քորելը, գլխով թափահարելը, մարմնային ցնցումները, ուտելը, հեղուկ խմելը, և այլն): Եթե սկզբում միայն տեսանելի հետազոտություններ էինք կարողանում իրականացնել, ապա այժմ հնարավոր է դարձել ավելի խորը և մանրակրկիտ ուսումնասիրություններ անել: Յուրաքանչյուր դեղամիջոցից հետո ամբողջովին փոխվում է օրգանիզմի վարքագիծը: Որևէ դեղորայքի ուսումնասիրման համար ստեղծվում են կենդանական մոդելներ, որոշվում է, թե որ կենդանական մոդելն է գենետիկորեն տվյալ հետազոտման համար ավելի մոտ մարդուն, ապա որոշում ենք, թե այդ կենդանական մոդելի ո՞ր վարքագծերն են ավելի մոտ մարդու վարքագծին: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, թե ինչպես է դեղորայքն անդրադառնում վարքագծի վրա՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և թե ինչպես էին տարիներ անց տոքսիկ էֆեկտներն անդրադառնում կենդանու վրա:
Որոշ ժամանակ անց հետազոտությունների մեկ այլ ճյուղ ևս սկսեց զարգանալ` կապված էկոլոգիայի հետ՝ ինչպե՞ս են բնության և շրջակա միջավայրի փոփոխություններն ազդում կենդանու վարքագծի վրա: Այսինքն, երբ արտաքին միջավայրի պարամետրերը՝ ջերմաստիճանը, օդի հարաբերական խոնավությունը, ձայնային աղմուկը, և այլն, փոխվում են, դա ևս ազդում է կենդանու վարքագծի վրա: Ուստի այս պարագայում դեղի ազդեցությունը նույնպես կարող է տարբեր լինել: Վարքագիծը հետաքրքիր էր ուսումնասիրել ոչ միայն դեղագործների համար, այլև էկոլոգներին էր դա հետաքրքրում՝ շրջակա միջավայրի ազդեցության ուսումնասիրությունների համար: Այս ամենի արդյունքում՝ մենք մի ֆորմուլա ստեղծեցինք. Այն, որ օրգանիզմի վարքագիծը ֆունկցիա է՝ արտաքին և ներքին պայմաններից կախված: Գիտության զարգացումը բերեց նրան, որ հետզհետե ավելի շատ վարքագծեր կարողացանք ուսումնասիրել և ճանաչել: Մինչ օրս մենք ընդամենը մեկ սարքի միջոցով ճանաչում ենք 18 վարքագծեր: Սարքը կոչվում է Լաբորաս (Laboras), այն ստեղծվել է 1998թ.-ին, ժամանակի ընթացքում կատարելագործվել է և նոր վարքագծեր է սկսել ճանաչել: 2005թ.-ին ստեղծվեց Սոնոտրեք (Sonotrack) սարքը, որն ավտոմատ ձևով գրանցում և ճանաչում է կենդանուց առաջացած ուլտրաձայնը (15kHz-125 KHz):
– Այսինքն՝ սարքի միջոցով հնարավոր է հասկանալ, թե ի՞նչ է ասում կենդանին:
– Սարքն աշխատում է 15 կիլոհերցից մինչև 125 կիլոհերց հաճախային տիրույթում: Ուլտրաձայնային այդ տիրույթը մարդու համար անլսելի էր, և այդ սարքը հնարավորություն տվեց առաջինը գրանցել` կա՞ ուլտրաձայն, թե՞ ոչ, ապա ճանաչել այդ ուլտրաձայնը, և որոշել`ի՞նչ էր ասում կենդանին: Երբ կենդանին ցավ է ապրում, դա կարող է արտահայտվել ոչ միայն վարքագծի փոփոխմամբ, այլև ձայնով, բայց քանի որ մարդը չի կարողանում ճանաչել 15 կիլոհերցից բարձր հաճախությունը, որոշվեց ստեղծել մի սարք, որը կգրանցի ուլտրաձայնը: Այն ձայնը, որը մարդկային ականջի թմբկաթաղանթը չի կարող ընկալել, լսել: Ստեղծեցինք ուլտրաձայնային SONOTRACK սարքը, որը հնարավոություն տվեց մարդկային ականջի համար անլսելի ուլտրաձայնային տիրույթի ձայնը ճանաչել և հասկանալ, թե ի՞նչ էր ասում կենդանին, կամ, օրինակ՝ ուսումնասիրել սեռական հարաբերության ընթացքը, մայր-երեխա հարաբերության կապերը կենդանիների միջև, ցավի ազդեցության և այլ դեպքերում: Ուսումնասիրություններ են կատարվել հարյուր-հազարավոր կենդանիների վրա, որից հետո կարողացանք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ձայնային ինֆորմացիան, գտնել, թե ձայնի որ հաճախականությունը, ձայնի որ ուժգնությունը ինչ է նշանակում: Այսինքն՝ կարողացանք հասկանալ կենդանիների լեզուն: Սկսեցինք ուսումնասիրել նաև կենդանիների քունը, քնի էտապները Սլիփսայն (Sleepsign) և DSI -Telemetry սարքերի միջոցով սկսեցինք որոշել և ուսումնասիրել կենդանու քունը, քանի որ հնարավոր է՝ կենդանու պասիվությունը կախված է ոչ միայն դեղամիջոցից, այլև նրա քնի պակասից, ֆիզիոլոգիական պարամետրերի տատանումից: Հնարավոր դարձավ ուսումնասիրել կենդանուն 24 ժամ շարունակ՝ քնած և արթուն: Այսպիսով, ինտեգրելով սարքավորումները՝ Laboras-ը, Sonotrack-ը, DSI-ն և Sleepsign-ը, մեկ ուսումնասիրության մեջ մենք նկատում և հետազոտում ենք կենդանու ուղեղի աշխատանքի փոփոխությունը, սրտի աշխատանքը, ճնշումը , օրգանիզմի ջերմաստիճանը տարբեր կետերում, վարքային և ձայնային ազդանշաններն ու կենդանիների միջև հարաբերությունը, կապը և ֆիզիոլոգիան:
Վարքագիծը ներքին և արտաքին պայմանների արտացոլումն է: Օրինակ՝ հիվանդը լսելով որոշակի հաճախականության երաժշտություն՝ կարող է հանգիստ և հավասարակշռված վիճակի բերվել, իսկ նյարդային համակարգը կարող է փոխել վարքագիծը, կարող է փոխել ֆիզիոլոգիան՝ այսինքն՝ ճնշում, ջերմաստիճանի փոփոխություն օրգանիզմում, և այլն: Կամայական հիվանդության դեպքում օրգանիզմը պետք է բերել հավասարակշռված վիճակի, հետո նոր տեսնել, թե այդ օրգանիզմն ինչպես է աշխատում: Վերոնշյալ բոլոր սարքավորումները ճանաչելիության են բերում այնպիսի երևույթներ, որոնք մինչ այդ աննկատ էին, իսկ այս ամենը բերում է նոր հետազոտությունների հնարավորությունների: Օրինակ՝ այն, որ վարքագծի փոփոխությունները կախված են ոչ միայն արտաքին փոփոխություններից, այլև տիեզերական շարժումներից:
– Ձեր ջանքերով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հոլանդական Metris B.V. ընկերության Metris IT Solutions ընկերությունը, որն ալգորիթմներ է մշակում կենդանիների վարքագծերի ճանաչման, դրանց գրանցման և դրանց մասին վիճակագրական տվյալների հավաքագրման համար: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ամենը:
– Երբ ես ընտրվեցի հոլանդական Metris B.V. ընկերության տեխնիկական ղեկավարի պաշտոնում, որոշեցի ծրագրավորման մասը տեղափոխել Հայաստան կամ Արցախ: 2005թ.-ին Արցախում գրանցեցինք Metris IT Solutions ընկերությունը, այդպիսով հոլանդական ընկերության ծրագրավորման ամբողջ որոշումները տեղի էին ունենալու Արցախում: Քանի որ Ստեփանակերտն այդ ժամանակ վերակառուցման գործընթացում էր գտնվում, գրանցեցինք ընկերությունն Արցախում, որպեսզի այդպիսով օգնեինք Արցախին: Տարբեր առումներով Արցախի չճանաչված լինելու հանգամանքը բազմաթիվ արգելքներ է առաջացնում: Բազմաթիվ գիտաժողովներում, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի գիտաժողովում արցախյան մեր ընկերության անունից ելույթներ ունենալիս կամ սուբսիդավորման նախագծերի մասնակցելիս, ինչպես նաև աջակցության ծրագրեր կատարելիս` մեծ խոչընդոտներ են առաջանում:
Ցավոք, Արցախում և Հայաստանում համապատասխան մասնագետների որոշակի խնդիր կա: Իսկապես լավ կադրերի հարցը լուրջ խնդիր է, քանի որ, ովքեր պրոֆեսիոնալ են, բազմաթիվ՝ ազդանշանի մշակման մասնագետներ և ծրագրավորողներ, նրանք հիմնականում տարիների ընթացքում կապեր են հաստատել դրսի ընկերությունների հետ կամ լավ աշխատավարձով աշխատում են արտասահմանյան ընկերությունների համար, և կամ` արտասահման են տեղափոխվել ընտանիքներով: Օրինակ՝ մենք ցանկանում էինք «Airbus» ինքնաթիռի «ավտոպիլոտի» ծրագիրը գրել Արցախում և Հայաստանում, բայց քանի որ ծրագիրը Oracle ընկերության ծրագրավորման բազայի հիման վրա էր գրվում, այդ պահին նմանատիպ մասնագետներ չգտանք (2004-2005թթ.) այստեղ` նախագիծը չբերեցինք: Կամ, օրինակ, քաղցկեղի տարածումը որոշող ավտոկառավարման սարքի ստեղծման աշխատանքների ուղղությամբ Հայաստանում մասնագետներ չգտնելով`մենք սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ սարքը հնարավորություն է տալու չվնասելով առողջ, ոչ քաղցկեղածին հյուսվածքները՝ դեղն ուղղել միայն հիվանդության ուղղությամբ: Այսօրվա դրությամբ՝ մենք հնարավորություն ունենք Հայաստան բերել մոտ 25-30-ից ավելի նախագծեր, բայց այս պահին Հայաստանում զբաղվում ենք ընդամենը երկու նախագծերով: Հայաստանի և Արցախի հետ կապված ապագայի ծրագրերը շատ բազմազան են, բայց, ցավոք սրտի, չենք կարողանում լրիվ իրականացնել` համապատասխան կադրերի բացակայության պատճառով: Աշխատանք կա, աշխատող լավ համապատասխան կադրեր չկան:
Ապագայի ծրագրերի մեջ մի շարք կարևոր նախագծեր ենք ընդգրկել: Օրինակ` Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված միջազգային առողջապահական կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում 2015թ.: Միջազգային «Stress and Behavior» ամենամյա կոնֆերանսը, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, համաձայնեցվել է 2015թ. տեղափոխել Երևան: Կոնֆերանսի հիմնական թեման է լինելու ցեղասպանության ազդեցությունը գենետիկայի, ինչպես նաև՝ շրջապատող միջավայրի, երկրագնդի վրա: Ինչպես նաև` ցեղասպանությունների հասցրած առողջական վնասներն ու շարունակական բնույթը: Ի դեպ, այն բոլոր անհատները կամ կազմակերպությունները, ովքեր կցանկանան աջակցել այս նախագծին, կարող են գրել ինձ [email protected] հասցեով:
Ցեղասպանություններն առաջացնում են պոստրոմատիկ սթրեսներ, բժշկական տերմինով` Post-Traumatic Stress Disorder (PTSD): Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PTSD դիագնոզն ազդեցություն է ունենում մոլեկուլյար գենետիկայի վրա և տեղափոխվում ցեղասպանություն տեսած-ապրածների հաջորդ սերնդի վրա: Այնուհետև հաջորդ սերունդն էլ, իր հերթին, գեների միջոցով այն փոխանցում է իրեն հաջորդող սերնդին: Շարունակությունը շատ երկար է տևում, և այդ սթրեսը բացարձակ չի անհետանում նույնիսկ 7-րդ սերնդից հետո: Այս առթիվ հետազոտությունները դեռ շարունակվում են Յուտայի համալսարանի գենետիկայի բաժնում (University of Utah, USA, Canada), Հոլանդիայի Universiteit van Utrecht և այլ համալսարաններում: Հետազոտության մեջ օգտագործվում է Metris BV-ի Laboras սարքը`«Feer conditioning Protocol»-ի հետազոտման համար: