Իտալացի քանդակագործները` Շուշիում
Շուշիի պատերազմից մնացած «վերքոտ» շենքերից խուլ լսվում է կիսակառույց պատկերասրահի բակում աշխատող քանդակագործների աշխատանքի աղմուկը: Եվ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Շուշիում, արդեն երկրորդ տարին է, տեղի է ունենում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային ամենամյա սիմպոզիումը, որի նախագահը Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Ամենամյա այս սիմպոզիումին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված քանդակագործներ, որոնց ստեղծագործությունները սիմպոզիումի ավարտից հետո մնում են ԼՂՀ-ում: «10 տարի անց Շուշին կզարդարի արվեստի 150 աշխատանք` այն վերածելով իրական թանգարանի բաց երկնքի տակ»,- ասում է սիմպոզիումի գաղափարի հեղինակը` Վիգեն Ավետիսը: Սիմպոզիումի այս տարվա մեկնարկը տրվել է հուլիսի 13-ին, և կավարտվի հուլիսի 31-ին: Երկու սիմպոզիումների արդյունքում` արդեն 25 քանդակներ են ստեղծվել, որոնք տեղադրվելու են Շուշի քաղաքում: Սիմպոզիումի շրջանակներում անցկացվում են նաև դիզայնի դասընթացներ, որոնք վարում են Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի հայ ուսանողները: Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերենով, իտալերենով ու անգլերենով ներկայացվող ծավալուն կատալոգի մեջ` արվեստի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:
Ստեղծագործական ողջ ընթացքը վավերացնելու է իտալական «Ստուդիո կալին» (Studio Quagli)` վավերագրական ֆիլմի մեջ, որում նաև անդրադարձ է լինելու Հայաստանի, Արցախի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» (Rai 1) հեռուստատեսությամբ:
Մեր այցելության պահին Շուշիի կիսակառույց պատկերասրահի բակում, կապույտ հովանոցների տակ, քարի վրա աշխատում էին Ճապոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Բելառուսից ժամանած քանդակագործները: Մասնակիցներ կան նաև Արցախից և Հայաստանից: Ընդ որում` այս տարի ստեղծվելու են նաև գեղանկարներ և որմնանկարներ: Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Ջուզեպպե Դել Դեբիոն արդեն երկրորդ անգամ է այցելում Շուշի: Ինչպես Ջուզեպպե Դել Դեբիոն է նշում` Շուշիում գտել է իր մանկության բույրը, ինչպես նաև այն արժեքները, որոնք բացակայում են մերօրյա Եվրոպայում: «Առաջին հանգամանքը, որ ուզում եմ շեշտել, այն է, որ Շուշիի կլիման լավ ազդեցություն ունեցավ իմ առողջության վրա: Շուշիում օդը մաքուր է: Շատ հավանեցի նաև հայկական խոհանոցը, և ամենակարևորը` մարդկանց, որոնք շատ բարի են: Երեխաների մանկական ավյունը շատ ընդգծված է»,- նշեց քանդակագործը, ում կարծիքով` իր հայրենի Լուկա քաղաքն ու Շուշին շատ նման են իրար. երկուսն էլ պարսպապատ են, և դա է պատճառը, որ նա ցանկություն ունի պաշտոնապես քույր-քաղաքների կարգավիճակ հաղորդել երկու քաղաքներին: Այս տարի Ջ. Դել Դեբիոն աշխատում է «Հրեշտակների» քանդակի վրա: Մեր հարցին, թե ինչո՞ւ է որոշել հրեշտակներ պատկերել, Դել Դեբիոն պատասխանեց. «Շուշիում շատ ուժեղ է հավատքը, իսկ հրեշտակը մեր հավատքով կապված է Մարիամ Աստվածածնի հետ»: Ջ. Դել Դեբիոյի փոխանցմամբ` ինքը սովոր է աշխատել բրոնզի վրա, բայց Հայաստանում աշխատում է քարի վրա: Նա նշեց, որ հայաստանյան քարերն ավելի ամուր են, քան իտալական քարերը: Քանդակագործը ապագայի նկատմամբ մտավախություններից մեկը համարում է իր ծերությունը, ինչի պատճառով վստահ չէ` արդյո՞ք հաջորդ անգամ կարող է մասնակցել այս սիմպոզիումին: «Ժամանակը շատ արագ է անցնում: Իմ ներսում ես շատ երիտասարդ եմ զգում ինձ: Ամբողջ կյանքս անցկացրել եմ երիտասարդների հետ: Առաջին ամիսներից, երբ Վիգենը եկավ Ֆլորենցիա, և ծանոթացանք` մենք ընկերացանք: Եվ գլխավոր պատճառներից մեկը, որ ես հիմա գտնվում եմ Հայաստանում, Վիգենն է: Երբ Վիգենն ուսանող էր, մեծացրեց իմ քանդակներից մեկը: Պետք է հպարտ լինեք, որ Վիգենի պես հայրենակից ունեք: Նա շատ տաղանդավոր քանդակագործ է և լավ մարդ»,- նկատեց Ջ. Դել Դեբիոն` հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս կմասնակցի սիմպոզիումին, բայց այդ անգամ, թերևս, Շուշի կգա իր տիկնոջ հետ:
Շուշի-Երևան
Լուսանկարները` Գերման Ավագյանի