
Ստամբուլում հայը թուրք է սպանել՝ փրկելով ընկերուհու պատիվը

Ստամբուլի Քումքափըը շրջանի Շեհսուվար թաղամասում հայազգի 33-ամյա Գրիգոր Իշխանյանը սպանել է 49-ամյա թուրք Ջեմալ Թեզելին: Նրանց ձերբակալած ոստիկանությանը Գրիգորը հայտնել է, որ արարքը կատարել է իր ընկերուհու`20-ամյա Սեդա Բեգինյանի հանդեպ սպանվածի` սեռական բռնության փորձ կատարելու պատճառով: Բակում երկար վիճելուց հետո երկհարկանի տան առաջին հարկում Գրիգորը դանակով հարվածել է թուրքին ու տեղում սպանել: Հայերն այդ թուրքի տանն էին բնակվում` որպես վարձակալ: Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:30-ի սահմաններում: Թուրքական Habermonitor, Sabah, Haberdar և այլ լրատվական կայքեր` անդրադառնալով այս միջադեպին, հատկապես նշում են, որ հիշյալ հայերը Ստամբուլում ժամանակավոր են բնակվել և եկել են Հայաստանից: Դա նույնիսկ նշված է որոշ հոդվածների վերնագրում: Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայ զույգն այդ տանն ապրել է 4 ամիս և իբր ինչ-որ մաքսանենգ գործարքների մեջ է եղել թուրք տանտիրոջ հետ: Հարևաններն աղմուկ լսելով` ոստիկանություն են կանչել: Ոստիկանությունն, իբր, հայերին բռնել է դեպքի վայրից փախուստի փորձ կատարելիս: