Ֆրանսիան այլևս միակողմանի չի փակի սահմանները Շենգենյան գոտու մեջ

Ֆրանսիան այլևս չի պատրաստվում միակողմանի փակել իր սահմանները Շենգենյան գոտու մեջ, ինչը սպառնում էր իրականացնել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. գրում է Euromag-ը: Տարեսկզբին ընթացող նախընտրական մրցարշավի ժամանակ Սարկոզին բազմիցս հայտարարել էր, որ կդադարեցնի երկրի անդամակցությունը շենգենյան համաձայնագրին, եթե 1 տարվա ընթացքում բոլոր անդամ երկրներն ընդհանուր հայտարարի չգան ներգաղթի, արտաքին սահմանների հսկողության և շենգենյան գոտու նախագահի ընտրման հարցերում:

«Ինձ համար անչափ կարևոր է ազատ տեղաշարժի սկզբունքը, ուստի ակնդետ հետևելու եմ ձեռք բերված շենգենյան համաձայնագրի հետագա պահպանմանը: Ես հրաժարվում եմ սահմանները միակողմանի փակելու գաղափարից: Իսկ վերոհիշյալ համաձայնագրի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունի Եվրամիությունը` Եվրահանձնախմբի առաջարկով»,- ֆրանսիացի սենատորներին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը:

Նախարարը նաև նշել է, որ մտադիր է մեղմացնել ֆրանսիական քաղաքացիություն շնորհելու չափից դուրս խիստ պայմանները, որ մտցրել էր իր նախորդը՝ Կլոդ Գեանը:

Տեսանյութեր

Լրահոս