
Պինոչետին կալանավորողը կպաշտպանի Ասանժին

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը դատարանում կգլխավորի Իսպանիայի Ազգային դատարանի պաշտոնաթող դատավոր Բալթասար Գարսոնը: Վերջինս հայտնի է նրանով, որ 1998 թվականին կայացրել է Չիլիի նախկին բռնապետ Պինոչետին կալանավորելու որոշում: Իսպանական El Pais-ի հետ զրույցում Ասանժը հաստատել է այդ տեղեկությունը: Վերջինս շարունակում է գտնվել Լոնդոնում` Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան ապաստան է տրամադրվել: Հիշեցնենք, որ անգլիական դատարանը որոշում էր կայացրել Ասանժին վերադարձնել Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրում են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Wikileaks-ը հիշեցրել է, որ Գարսոնը` Պինոչետին կալանավորելու որոշում կայացնելով, հսկայական ներդրում է ունեցել ամբողջ աշխարհում անօրինականության դեմ պայքարի գործում: Նշենք սակայն, որ Իսպանիան Գարսոնին 11 տարով զրկել է դատավոր աշխատելու հնարավորությունից` ամբաստանյալների` իրենց պաշտպանների հետ կայացած հեռախոսազրույցները գաղտնալսելու համար: