Նարիշկին. Ինտեգրացիան հնարավոր է միայն խաղաղության դեպքում
Հարավային Կովկասում նշանակալի ինտեգրացիոն նախագծերի իրականացումը հնարավոր կլինի միայն տարածաշրջանում խաղաղության պահպանման դեպքում: Ուստի առավելագույն ջանքեր պետք է գործադրել փոխզիջումների հասնելու համար այնպիսի մի ձգձգված ու բարդ հակամարտության մեջ, ինչպիսին Ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Մենք դեմ ենք ԼՂ հակամարտության լուծմանը` պատրաստի բանաձևերով: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծվի, եթե երկու կողմերի շահերը բավարարվեն: Ռուսաստանը պատրաստ է նման համաձայնության երաշխավորը դառնալ: Սակայն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդների վրա»,- ասել է նա:
“Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների գործադրած միջնորդական ջանքերն ուղղված են նրան, որ արդեն իսկ մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները և մերձեցման առաջին լուրջ քայլը կատարեն”,- ասել է Նարիշկինը: Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է փոխզիջումներ գտնելու և ամուր խաղաղության հաստատմանն աջակցելու իր պատրաստակամությունը: Նաև նշել է`մենք ամուր կանգնած ենք այս դիրքորոշման վրա և հույս ունենք, որ մոտ ապագայում դրական տեղաշարժեր կլինեն բանակցային գործընթացում: ՌԴ Պետդումայի նախագահը ռուսական կողմի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս միջնորդական ջանքեր գործադրել` հակամարտությանը փոխընդունելի քաղաքական լուծում գտնելու համար:
Նարիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 10 անգամ:
«Այդ հանդիպումները չի կարելի բացարձակ անարդյունավետ համարել: Դրանք թույլ են տվել բացահայտել կողմերի դիրքորոշումը` հակամարտության լուծման ճանապարհին»,- ասել է նա:
«Մենք միշտ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը` ուժի կիրառման և սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ այդ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա»,- ասել է Նարիշկինը:
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երեւանում հետաքրքիր հայտարարություն է արել Եվրասիական միության հետ կապված: Անդրադառնալով Եվրասիական միության ստեղծման գաղափարին՝ Նարիշկինն ասել է, թե պետք չէ հակադրել Եվրամիության եւ Եվրասիական միության գաղափարները, քանի որ Եվրասիական միությունն ընդամենը ուժեղացնելու է իր անդամների եվրոպական կողմնորոշումը եւ նպատակ ունի հասնել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տարածքի ձեւավորման: