ՌԴ-ում ձերբակալել են 3 սպանության մեջ կասկածվող հայի

Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող անձը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վոլգոգրադյան շրջանի ՌԴ ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Անտոն Կորնաուխովը: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում եւ Գերմանիայում 2003 թվականին հրատարկվել էին «Red Notice» ծանուցումներ:
«Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել», – պատմել է Կորնաուխովը: Ըստ նրա` խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր:
Հայաստանի իրավապահ մարմինները Երեմյանին փնտրում են 2003 թվականին երեք մարդու սպանության կասկածանքով: Երեմյանը եւ Երեւանում նրա համախոհները կրակել էին «Վոլգա» մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ: 2003 թվականի հունիսի 25-ին ցերեկը ժամը 12-ին Երեւանի Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշի մեքենայի վրա: Մահացել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներ` Հայաստանի պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արկադի Գեւորգյանը: Արկադիի եղբայր Արտեմ Գեւորգյանն էլ ստացել էր ծանր վնասվածքներ:

Տեսանյութեր

Լրահոս