Բաժիններ՝

Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում հիմնականում կանանց ու տարեց տղամարդկանց

Այսօր Խորենացի փողոցի ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդ տանող հատվածում ոստիկանական ուժերը քաղաքացիներին բերման էին ենթարկում: Բերման ենթարկվողները հիմնականում կանայք էին ու տարեց տղամարդիկ: Ոստիկանները լրագրողների ներկայությամբ քաղաքացիներին զգուշացնում էին՝ լքել տարածքը, չենթարկվելու դեպքում՝ բերման էին ենթարկում: Պատճառաբանությունը մեկն էր՝ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն քաղաքացիներից քչերն էին ծանոթ դրան: Այսինքն՝ առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման էին ենթարկում: Այնինչ, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում. «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին»:

Տարօրինակ էր նաև այն, որ բերման էին ենթարկվում հիմնականում կանայք:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկում հիմնականում կանանց, տարեց տղամարդկանց, ոստիկաններից մեկը պատասխանեց. «Դուք ստում եք»:

Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում կանանց, իսկ այգում հավաքված տղամարդիկ հանգիստ նստած են նստարաններին: Փորձեցինք դա էլ պարզել, բայց ոստիկաններից բավարար պատասխան այդպես էլ չստացանք: Այնուհետև հավաքված տղամարդիկ սկսեցին վիճել միմյանց հետ, ինչին ոստիկանները դարձյալ չարձագանքեցին: Ամենայն հավանականությամբ՝ տղամարդկանց այդ խումբը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոնք տեսնելով, որ արդեն բոլոր լրատվամիջոցների տեսախցիկներն են իրենց ֆիքսում, հեռացան տարածքից: Նրանց՝ տարածքից հեռանալը կարելի էր բացատրել նաև այն հանգամանքով, որ այլևս մարդ չէր մնացել, ում կարելի էր բերման ենթարկել:

Այդ ընթացքում մի քանի ավտոբուսով ու միկրոավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնանում Խորենացի փողոցում՝ ոստիկանական պատնեշից ներս:

Ինչպես հայտնի է՝ ոստիկաններն այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրներին և աջակիցներին թույլ չտվեցին Խորենացի փողոցում անցկացնել ժամը 19:00-ի հանրահավաքը: Նշված ժամին մոտ կազմակերպիչները հայտարարեցին այն Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Ազատության հրապարակում որոշ անկազմակերպ և ինքնաբուխ ելույթներից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Խորենացի փողոց, որտեղ ոստիկանները մի քանի շարքով կանգնած՝ փակել են ճանապարհները: cuyc0202

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս