Ազատության հրապարակում առաջնորդներ չկան. Նիկոլ Փաշինյանին ետ են կանչում

Այսօր առավոտից քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ շենք տանող՝ Խորենացի փողոց, իսկ մտնողներին մինչ այս պահը (ժամը 21:25-ի դրությամբ) բերման են ենթարկում: Այսօր հանրահավաքը նախատեսված էր ժամը 19:00-ին:

Ոստիկաններն իրավական հիմքեր չեն ներկայացնում, որոշ մարդկանց միայն ասել են, որ տանում են պատնեշից այն կողմ՝ պարզելու՝ հավաքի մասնակի՞ց է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ոստիկանությունը ցույցերի կազմակերպիչներից պահանջել էր փոխել հանրահավաքների վայրը, սակայն մերժում էր ստացել:

Այս պահին մարդիկ հավաքված են Ազատության հրապարակում։
168.am-ի լրագրողը հրապարակից հաղորդում է, որ քիչ առաջ այնտեղ էր եկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում ներկաների մի մասը պահանջել էր հեռանալ Ազատության հրապարակից։

Հրապարակվում հավաքված են նաև ոստիկանական ուժեր, այնտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով օրեր առաջ էր «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից ազատ արձակվել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից, որտեղ նա պատանդառված էր։

Քիչ առաջ ելույթ ունեցավ Հրաչիկ Միրզոյանը, ով նշեց, որ համաժողովրդական այս ընդվզումը ղեկավարելու համար եղել է քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է եղել՝ ձևակերպել այն պահանջները, որոնք ժողովրդի անունից պետք է ներկայացվեին իշխանություններին։

«Մեր գերագույն նպատակը մենք համարել ենք նախևառաջ՝ առանց արյունահեղության դուրս գալ ճգնաժամից։ Սա է եղել մեր գերագույն նպատակը։ Մեր գերագույն մյուս նպատակն է եղել՝ լեգիտիմացնել տղաների պահանջները»,- ասաց նա։

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանն իր ելույթը սկսեց առանց մեգաֆոնի կամ բարձրախոսի՝ հայտարարելով, որ դրանք առգրավվել են, նաև նախաձեռնող խմբի անդամներին՝ բացառությամբ 3 հոգու, բերման են ենթարկել, իսկ իրենք խուսափել են, որպեսզի գան հրապարակ, պարզաբանեն իրավիճակը:

Թե հետո ինչ կլինի, հայտնի չէ: Ա. Բաղդասարյանը նշեց, որ, երբ «Սասնա ծռերի» տղաներն այս քայլն արեցին, այլ ելք չկար, և ամբողջ մամուլն ու պետական հեռուստաեթերը լցվել էր «ահաբեկիչ» պիտակավորումով, բայց ամբողջ երկիրը համոզվեց, որ նրանք տեռորիստ չեն, այլ հեղափոխություն են անում: Նա հավաքվածներին կոչ արեց՝ ավելի խելոք լինել, սադրանքներին չտրվել ու Ղարաբաղը հանձնելու ծրագիրը խափանել: Նա նաև կոչ արեց, որ անկախ նրանից՝ վաղն իրենց ևս ձերբակալա՞ծ կլինեն, թե՞ ոչ, կրկին հավաքվել Ազատության հրապարակում, ստեղծել կառավարման խորհուրդ:

Ա. Բաղդասարյանը հարց ուղղեց հավաքվածներին՝ առաջնորդելու պատասխանատվություն վերցնող երիտասարդ կա՞ հրապարակում, և հրավիրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը գան, միանան իրենց. «Ժողովուրդը կարիք ունի անկեղծ միավորման, կարևոր չէ, թե ով է կանգնած այստեղ»:

Նրա խոսքով՝ այս ֆաշիստական տոտալիտար համակարգը Սերժ Սարգսյանը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից, նա էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, և պետք է պայքարել՝ թագավորների փոփոխվելուց հետո կրկին ստրուկ չմնալու համար:

Ա. Բաղդասարյանը կրկին հնչեցրեց «Սասնա ծռերի» պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, որից հետո պետք է ձևավորել ժամանակավոր կառավարություն, նոր Սահմանադրությունը չեղյալ հայտարարել, ազատ ընտրություններ անցկացնել: Նա կոչ արեց սոցիալական խնդիրների վրա չկենտրոնանալ, լուծել քաղաքական խնդիր:

Տեսանյութեր

Լրահոս