«Ներողության շեշտադրմամբ Ռուսաստանին ուղղված նամակը միայն Էրդողանի քայլը չէր»

Թուրքիան, ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված, հայտնվել է ծանր վիճակում: Արդյունքում, Անկարան ոչ միայն չի կարողանում հասնել իր նպատակին, այլև ստեղծված իրավիճակով պայմանավորված` թուլանում են այդ երկրի դիրքերը: Եվ պատահական չէ, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման միաժամանակյա գործընթաց սկսեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ներողության շեշտադրմամբ Ռուսաստանին ուղղված նամակը միայն Էրդողանի քայլը չէր, դա դիվանագիտական խողովակներով քննարկվել է ռուսների հետ: Այսինքն` ռուսները նույնպես ցանկություն ունեն Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները: Պատահական չեմ համարում նախորդ տարվա վերջին Ռուսաստանի «Խնայբանկ»-ի կառավարիչ Գերման Գրեֆի հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Դա պատահական հայտարարություն չէր»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին քայլն արված է, բայց ինչպես նշեց Ռ. Սաֆրաստյանը՝  այստեղ շատ կարևոր է երկու առաջնորդների դեմքը պահպանելը, որովհետև երկուսն էլ հանդես եկան շատ սուր հայտարարություններով: Ի՞նչ է ենթադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`դա կապված է տնտեսական գործընթացների հետ:

«Առաջին հերթին երկուսն էլ շահագրգռված են տնտեսական առումով համագործակցության հարցում, որովհետև թե Թուրքիան, թե Ռուսաստանը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, վնաս են կրում: Ասեմ, որ չնայած տնտեսական առումով երկու երկրները շահագրգռված են համագործակցել, միևնույն է, կարծում եմ, որ աշխարհառազմավարական առումով մնում են հակառակորդներ: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը չեն համընկնում թե Հարավային Կովկասում, թե Սիրիայում»,-ասաց թուրքագետը:

Ի՞նչ ազդեցություն կթողնի երկու երկրների հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի վրա: Ըստ թուրքագետի` նախորդ փորձը հաշվի առնելով, էական ազդեցություն չի թողնի:

«Երբ ռուս-թուրքական հարաբերությունները բավական լավ վիճակում էին, դա առանձնապես չէր անդրադառնում Արցախի հիմնահարցում ՌԴ-ի քաղաքականության վրա: Եթե հարաբերությունների կարգավորումը սկսվի, դա առանձնապես սկզբունքային ազդեցություն չի ունենա Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Երկու երկրներն աշխարհառազմավարական առումով մրցակիցներ են, նրանց շահերը չեն համընկնում»,-հավելեց թուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս