Դիլիջանի համայնքային կենտրոնին կից գործող երգչախումբը ելույթ ունեցավ Թբիլիսիում

Թբիլիսիի Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական  կենտրոնում մայիսի 21-ին տեղի ունեցավ Դիլիջանի համայնքային կենտրոնին կից գործող երգչախմբի համերգը:

Սա  դիլիջանյան երգչախմբի առաջին հյուրախաղն էր:  Թբիլիսյան համերգի ընթացքում փոքրիկ երգիչները, խմբավար Սերինե Խաչատրյանի ղեկավարությամբ եւ Մարգարիտա Ոսկանյանի նվագակցությամբ,  կատարեցին հայ եւ ռուս կոմպոզիտորների մանկական ստեղծագործություններ: Համերգի ընթացքում երեխաները վրացերենով կատարեցին նաեւ «Լեգենդ Թբիլիսիի մասին» երգը: Երգի հեղինակ, կոմպոզիտոր Նունու Գաբունիան, ով նույնպես ներկա էր համերգին,  բարձր գնահատեց երեխաների կատարումն ու ընդգծեց նման նախաձեռնությունների կարեւորությունը հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Համերգը եզրափակվեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգով, որը փոքրիկ երգիչները կատարեցին «Հայարտան» Սբ Ներսես Շնորհալու անվան երգչախմբի հետ միասին:

Համերգին ներկա էին Վրաստանի հայ համայնքի ու Վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները, Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, հայ համայնքի, «Հայարտուն» մշակութային կենտրոնի ու Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչներ եւ այլ հրավիրյալներ:

Վիրահայոց թեմի անունից ելույթ ունեցավ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով նշեց, որ այս երգչախումբը IDeA հիմնադրամի այլ ծրագրերի կողքին իր  յուրահատուկ տեղն ունի, քանի որ այն երեխաների համար բարին ստեղծելու խթան է դառնում:

Դիլիջանցի փոքրիկ երգիչները տպավորված էին նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական առաջնորդանիստ տաճար այցելությունից, որտեղ Տեր Ղեւոնդ քահանա Թոփաշյանը երեխաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը եւ խոսեց վերջերս IDeA հիմնադրամի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքների մասին, իսկ երեխաները շարականներ կատարեցին:

Դիլիջանցի երգիչներին ընդունեց նաև Հավլաբարում գտնվող տիկնիկագործ Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն»-ը, ուր վարպետի այրին՝ Ժաննա Դավթյանը նրանց համար տիկնիկային ներկայացում եւ փոքրիկ հուշանվերներ էր պատրաստել, երեխաներն էլ  «Տիկնիկների տան» հուշագրքում կիսվեցին տպավորություններով ու Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կատարելով՝ շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար:

«Թբիլիսյան համերգը շատ կարեւոր էր երեխաների համար: Երեւի այս ուղեւրությունը դեռ երկար ժամանակ կմնա դիլիջանցի փոքրիկ երգիչների հիշողության մեջ եւ կհարստացնի նրանց հոգեւոր աշխարհը եւս մեկ վառ գույնով»,- նշեց IDeA  հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Էլեոնորա Մալխասյանը:

Դիլիջանի համայնքային կենտրոնը (Dilijan Community Center), որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի ծրագրերից է, իրականացնում է քաղաքում մշակութային կյանքի ակտիվացմանը նպաստող ծրագրեր, որոնցից մեկն էլ եղել է մանկապատանեկան երգչախմբի ստեղծումը, որն արդեն գործում է երկու տարի:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս