ՏՏ ոլորտը համախմբվել է՝ Հայաստանի սպառազինության մակարդակը բարձրացնելու նպատակով

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հիմնական սպառողը պետք է լինի հայկական բանակը: Վերջին տարիներին ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի հետ մեկտեղ՝ ավելանում են այս գաղափարի շուրջ քննարկումները: Ապրիլի 2-4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե մեր զինվորները կռվում են 80-ականների զենքերով, էլ ավելի թեժացրեցին նման քննարկումները: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան ասուլիսներով, հայտարարություններով, առաջարկեցին նաև անվճար աշխատել հայկական բանակին օգնելու համար: Սոցիալական ցանցերում սկսվել էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների լայնամասշտաբ քննարկումները: Գրեթե բոլորն առաջարկում էին համախմբվել, աշխատել միասնաբար և գտնել ամենաօպտիմալ լուծումները:

«Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ, ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հազարավոր ծրագրավորողներ դիմել են, որպեսզի անվճար աշխատեն հայկական սահմանը պաշտպանող նախագծերի վրա, բայց կազմակերպող չկա։

Vahram Miraqyan«Կան պատասխանատուներ, որոնք տապալել են ՊՆ-ՏՏ համագործակցությունը, ու նրանք մասամբ պատասխանատու են վերջին երեք-չորս տարիներին մեր զոհերի մի մասի համար»,- նշում է Վահրամ Միրաքյանը:

Լուծումներ գտնելու համար ՏՏ ոլորտը համախմբվել է: Այս մասին 168-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները միավորվել են և օրերս նամակ են ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Խնդրել են պատասխանատու երկու անձանց նշանակել ոլորտի մասնագետների և ՊՆ-ի հետ համագործակցության համար: Ոլորտի ներկայացուցիչներն առանձնացրել են տարբեր սեկցիաներ, որտեղ մասնագետները քննարկումներ են իրականացնում ու փնտրում են լուծումներ: «Նամակով խնդրել ենք տրամադրել 2 պատասխանատուներ. մեկը՝ մարդ, ով կկապի ՏՏ մասնագետներին վարչությունների հետ՝ ոլորտի խնդիրներն ավելի ճշգրտելու համար: Այս պատասխանատուն պետք է ոլորտի ներկայացուցիչներին կապի ՊԲ-ի և ՊՆ-ի հետ: Նշվել է նաև, որ ՏՏ ոլորտի մասնագետներին պետք է հրամանատար, որպեսզի համապատասխան լուծումները մշակելուց հետո հնարավոր լինի դրանք փորձարկել մարտի դաշտում: Այս մարդը պետք է նաև ապահովի հարաբերությունները բանակի ստորաբաժանումների հետ»:

Karen VardanyanԿարեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Պաշտպանության բանակի ներկայացուցիչների այն միտքը, թե բարձր տեխնոլոգիական միջոցները չեն կարող գործել սահմանային լարվածության նման մակարդակում, ի պատասխան՝ նշեց, որ ոլորտի մասին պետք է խոսեն մասնագետները: Ըստ նրա՝ նույն այդ մարդիկ տարիներ առաջ խոսում էին նաև այսօրվա զենքերի մասին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք ոչ միայն կիրառելի են, այլև անհրաժեշտ:

Հարց է առաջանում, թե, ի վերջո, ի՞նչ կարող է տալ հայկական ՏՏ ոլորտը բանակին, և արդյո՞ք ներհայաստանյան արտադրանքը, լոկալիզացված պրոդուկտներն ու մշակված համակարգերը կարող են բավարարել հայկական բանակին:

168.am-ի հետ զրույցում ՏՏ ոլորտում ավելի քան 20 տարի աշխատող, «Մենթոր Գրաֆիկս» ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը նշում է, որ Հայաստանում ամեն ինչ արտադրել չեն կարող, սակայն քիչ չեն սպառազինության միջոցները, որ հայկական ՏՏ ոլորտը կարող է առաջարկել բանակին:

Լևոն Հարությունյանը տեղեկացրեց, որ հայաստանյան ՏՏ ոլորտը հիմա բանակին կարող է առաջարկել անօդաչու սարքերով սպառազինություն՝ հետախուզական, հարձակողական ու պաշտպանական: Կարող է առաջարկել դիպուկահարների դեմ սարքավորում, որ ավտոմատ կերպով կգտնի դիպուկահարին կրակելուց: Եթե սարքի վրա ամրացված լինի զենք, ապա այն կարող է միանգամից ոչնչացնել դիպուկահարին: Հակառակ դեպքում՝ կարող է նշել դիպուկահարի տեղը: Բացի այդ, ՏՏ-ն կարող է առաջարկել բազմաֆունկցիոնալ սենսորային համակարգեր, որոնք բաց չեն թողնի հակառակորդի ոչ մի շարժ:

«Ապագայում, եթե Հայաստանն ունենա արբանյակ, ապա ավելի լուրջ սարքեր կարելի է ստեղծել, որոնցով, օրինակ, հնարավոր կլինի խոցել սմերչները, գրադները և այլն»,- նշում է Լևոն Հարությունյանը:

Մեր զրուցակիցը չի հասկանում ՊՆ-ի այժմյան գործելաոճը, քանի որ շատ բարձր եկամուտ ունեցող մասնագետներ ցանկանում են անվճար աշխատել, սակայն ՊՆ-ի կողմից չկա որևէ արձագանք. «Ամբողջ աշխարհը հիմա ներդրումներ է անում գիտության մեջ, մասնավորապես՝ ՏՏ համակարգերով խելացի զենքերի մեջ: Այսօր աշխարհում ամենաթանկ բանը մարդկային ռեսուրսն է՝ որակով ռեսուրսը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի ուզում այդ ռեսուրսն օգտագործել»:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ արդեն սկսել են աշխատանքները և Պաշտպանության նախարարության հետ համագարծակցության արդյունքում կաող են հայկական բանակի սպառազինությունը հասցնել ամենաբարձր մակարդակի:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս