«Մեկ տարի անց կփարատվեն Ռոբերտ Քոչարյանի բոլոր մտահոգությունները»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կարծիքի եք Ռոբերտ Քոչարյանի արտահայտած գնահատականների ու դիտարկումների վերաբերյալ:

– Բնականաբար, ես չեմ կարող համաձայնվել այդ գնահատականների հետ և, եթե հիշում եք, 2012թ., երբ ԲՀԿ երկու ճանաչված անդամներ՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, երկու դրույթների շուրջ՝ 100% համամասնական և անցում պառլամենտական համակարգին, սկսեցին քաղաքական կոնուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, դա նախագահական ընտրություններից առաջ էր, որը ողջունեց Ռոբերտ Քոչարյանը: Ինչևիցե: Յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս ճանաչված քաղաքական գործիչ, իրավունք ունի տալու իր գնահատականները, անելու իր դատողությունները և մենք իրավունք ունենք համաձայնվել կամ չհամաձայնվել դրա հետ: Եվ նոր նաև հայտարարություն տարածվեց Վիկտոր Սողոմոնյանի կողմից, որ Ռ.Քոչարյանը չի բացառում, որ 2017 թ. ընտրություններին առաջնորդի կարգավիճակով չգիտեմ որ քաղաքական ուժի, հնարավոր է, որ մասնակցություն ունենա:

– Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժին կարող է առաջնորդել Քոչարյանը:

Կարդացեք նաև

– Չգիտեմ, կարող է նոր ուժ լինի, դա իրենք պետք է որոշեն: Համենայն դեպս, ես ողջունում եմ այդ քայլը և դեռ ամիսներ առաջ, երբ խոսք գնաց Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին, ես, իհարկե, իմ գնահատականների մեջ ասացի, որ մենք որևէ մեկ անգամ չենք ասում, որ Ռ.Քոչարյանը հեռացել է ակտիվ քաղաքականությունից և դրա հետ կապված այս սահմանադրական փոփոխությունները տալիս են լայն հնարավորություն, որպեսզի մասնակցեն պառլամենտական ընտրություններին, այդտեղ հաջողության հասնելու դեպքում տվյալ քաղաքական ուժը անմիջապես ձևավորում է կառավարություն, ընտրում է իր նախագահին և սա իշխանափոխության լավագույն տարբերակն է: Իսկ ինչ մնում է մնացած գնահատականներին, մենք որևէ մեկ անգամ՝ ո՛չ 1995, ո՛չ 2005 թվականների Սահմանադրություններով այսպիսի լայն հնարավորություններ չենք ստեղծել ոչ իշխանական քաղաքական ուժերի համար:

Նախկինում, երբ որևէ քաղաքական ուժի հովանավորության ներքո ընտրվում էր ՀՀ նախագահ, կարծես 5 տարի մնացած քաղաքական ուժերը անելիքներ չունեին և եթե ուշադրություն եք դարձրել, բոլոր նախագահական ընտրություններից հետո մեծ աղմուկ է եղել, բավականին քաշքշուկներ, դատական պրոցեսներ, որովհետև բոլոր քաղաքական ուժերը հասկանում էին, որ 5 տարի իրենց անելիքները դադարել են: Իսկ այս սահմանադրական փոփոխություններով ոչ իշխանական քաղաքական ուժերին և քաղաքական փոքրամասնություններին այնպիսի լայն հնարավորություններ են տրված, որ 5 տարի նրանք կարող են կայանալ և ավելի ակտիվ շարունակել իրենց գործունեությունը, և ակտվ մասնակցություն ունենալ երկրի առաջընթացին:

– Բայց եթե բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները մեկ կուսակցության ձեռքում են, մյուսների հնարավորությունները զրոյացվում են ըստ էության:

– Մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, ոչ իշխանական քաղաքական ուժերը թմբկահարում են, որ կա դժգոհություն ժողովրդի մեջ, որ չեն վստահում ՀՀԿ-ին և հետևենք արդեն ընտրություններին, երբ համայնքապետերի, գյուղապետերի ընտրությունների ժամանակ տեսնում ենք, որ այդ քաղաքական ուժերից ներկայուցուցիչներ չկան, որ կառուցեն իրենց բուրգը և իրենց նպատակների հետագան կարողանան իրականացնել: Դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենք, քանի որ մարդկային ռեսուրսներ չունեն, իրենք ևս չեն ուզում ընտրությունների մասնակցել: Այսինքն՝ վստահության խնդիր է, եթե կա իրենց վստահությունը, սահմանադրական փոփոխություններով այդ հնարավորությունը տրված է, կարող են մասնակցել ընտրություններին և, ժողովրդի ու հանրության քվեն վաստակելով, ձևավորել իրենց կառավարությունը և երկրի ղեկը վերցնել:

Սահմանադրական փոփոխություններով տրված է լայն հնարավորություն: Եթե մի ժամանակ առաջին տարբերակում գրված էր, որ միայն առավելագույն ձայներ հավաքած ուժը կարող է կազմել կոալիցիա, ապա այդ դրույթը նույնպես փոխվել է, այսինքն՝ երկրորդ քաղաքական ուժը նույնպես կարող է կազմել կոալիցիա: ԱԺ-ում արդեն սահմանադրական բարեփոխումների արդյունքում փոխնախագահը կարող է լինել ընդդիամդիր ընկերներից, քննիչ հանձնաժողովներն են աշխատելու, և այս կարևորագույն ընտրությունները, որ ԱԺ-ում են լինելու՝ գլխավոր դատախազ, ԿԲ, ՎՊ նախագահներ, ՄԻՊ և այլն, ընդունվելու են 3/5-ով, ընտրիչների ինստիտուտը վերացվել է, ՀՀ նախագահն ընտրվելու է ԱԺ կողմից:

Ռոբերտ Քոչարյանը կարող է ունի մտավախություններ, բայց ես վստահ եմ, որ մեկ տարի անց կփարատվեն նրա բոլոր մտահոգությունները, եթե, իհարկե, հանրաքվեի ժամանակ լինի ժողովրդի քվեն:

– Փաստորեն, Քոչարյանը զուտ անձնական շահագրգռվածությա՞մբ է առաջնորդում՝ հույս ունենալով կրկին դառնալ ՀՀ ղեկավար:

– Ես չեմ կարող նման գնահատական տալ, բայց ողջունում եմ այդ հայտարարությունը և այս գնահատականներից հետո իր մամլո խոսնակի ցանկությունը, որ չի բացառվում, որ 2017-ին մասնակցի ԱԺ ընտրություններին: Այսինքն՝ այս փոփոխություններն այդքան կործանարար չեն, այլապես չէր մասնակցի, իսկ եթե մասնակցելու է, ուրեմն ապագա տեսնում է:

– Վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն ԽՄԿԿ չի դառնա:

– 5 ամիս առաջ լրիվ այլ պատկեր էր՝ ասում էին՝ Սերժ Սարգսյանն այս փոփոխություններն անում է, որ դառնա վարչապետ, հետո հերքվեց, հետո նոր մտածելակերպ եկավ, որ ԱԺ լիազորությունները մեծացնում է, որ դառնա ԱԺ նախագահ, և ամբողջ քաղաքական դաշտը վերցնի իր ձեռքը: Հիմա ի՞նչ է, Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ առաջնորդն է, պետք ՀՀԿ-ից էլ հրաժարվի՞, ընդհանրապես քաղաքական դաշտում չլինի՞: Բնականաբար, դրանք զուտ մտահոգություններ են, ենթադրություններ են: Եվ ինչո՞ւ են այդպես անհանգստացած Սերժ Սարգսյանի ՀՀԿ առաջնորդ լինելուց: Այսինքն՝ երևի գնահատում են ուժերը այդ մարդու և ընդհանուր առմամբ, ես ուրախ եմ, որ գնահատում են ՀՀԿ ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս