«Եթե ես այս պաշտոնը չզբաղեցնեի, բանի տեղ չէի դնի՝ ով ինչ է խոսում». ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան

Երեկ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը համացանցում տեղեկություն էր տարածել այն մասին, որ Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ՀՀ Մշակույթի նախարարությունն ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում սրբատեղիի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել նախարար Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով: Հայտարարության մեջ նշված էր՝ նամակ-խնդրագրի տակ, որն ուղարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ստորագրել են մոտ 5000 լոռեցիներ:

168.am-ը տարածված հայտարարության հետքերով հանդիպեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, ֆեյսբուքյան զրույց ունեցավ նաև հայտնի բարերար Մովսես Ձավարյանի հետ, իսկ հայտարարության հեղինակ կողմ հանդիսացող «Օձուն» տեղեկատվական կենտրոնի մասին պաշտոնական որևէ ինֆորմացիա ճշտել չհաջողվեց: Մենք կապ հաստատեցինք Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ «Օձուն» տեղեկատվական կենտրոնի մասին որևէ բան չի լսել, և, ըստ նրա փոխանցած ինֆորմացիայի, նման կենտրոն պաշտոնապես գոյություն չունի:

168.am-ը ներկայացնում է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցու վերակառուցման խնդրի շուրջ առաջացած հրաժարականների պահանջի մասին Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ զրույցը:

– Տիկին Սամուելյան, ովքե՞ր են պահանջում Ձեր և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականը և ինչո՞վ են հիմնավորում իրենց այդ պահանջը:

Կարդացեք նաև

– Ես պաշտոնական եղանակով փորձել եմ պարզել, թե ովքե՞ր են նրանք, և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում «Օձուն» տեղեկատվական կենտրոնը, որ, այսպես ասած՝ պահանջում է իմ և նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականները: Համենայն դեպս, նման հայտարարությամբ են հանդես եկել, բայց և´ Լոռու մարզպետը, և´ համայնքապետը պաշտոնապես ասացին, որ իրենց մարզում պաշտոնապես նման կազմակերպություն կամ կենտրոն չկա գրանցված:

– Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանը վերջերս, ըստ Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնի, հայտարարել էր, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Օձունի բարեկարգման աշխատանքների համար: Թեև մեզ հետ երեկ տեղի ունեցած զրույցում պարոն Ձավարյանն ասաց, որ խնդիրները հարթվել են, և նա գոհ է նախարարության հետ համագործակցությունից, այնուամենայնիվ կասե՞ք՝ ի՞նչ արհեստական խնդիրների մասին է եղել խոսքը:

– Իրականում, եթե ես այս պաշտոնը չզբաղեցնեի, բանի տեղ չէի դնի՝ ով ինչ է խոսում, և այլն, բայց, քանի որ ես հարգում եմ իմ պաշտոնը և, առավել ևս՝ գերատեսչության ղեկավարի պաշտոնը, ապա անհրաժեշտություն է նաև լրատվամիջոցների միջոցով հանրությանը հասցնել մեր տեսակետը: Մենք՝ նախարարությունը և կոնկրետ ես, շատ բարձր ենք գնահատում եկեղեցու վերականգնման շուրջ կայացած այս համագործակցությունը: Ասեմ, որ համատեղ ծրագիր անելու նախաձեռնությունը համընկել է, այսինքն՝ Օձունի վերականգման ծրագիրն ի սկզբանե մտած էր պետական բյուջե: Ես մշտապես և հիմա էլ շարունակում եմ բոլոր հասանելի միջոցներով այս նպատակների համար բարերարներ փնտրել, որովհետև գաղտնիք չէ, որ պետական բյուջեն այս տարի, օրինակ, չնչին ավելացումներից հետո նույնիսկ ընդհանուր գումարով կազմել է 300.000.000 մլն դրամ: Հիշեցնեմ, որ Օձունի վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է մոտ այդքան գումար: Այսինքն, առանց մասնավորի, բարերարի աջակցության (այդ թվում նաև Օձունի բարերարի)՝ Մշակույթի նախարարությունը չի կարող միայնակ լուծել պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման խնդիրները: Այս պարագայում էլ՝ Օձունի վերականգման աշխատանքներում ներգրավված բարերար Մովսես Ձավարյանն իմ անձնական ծանոթների միջոցով գտած տարբերակն է:

– Այսինքն՝ Մովսես Ձավարյանին՝ որպես բարերարի, Դուք անձնապե՞ս եք առաջարկել այս ծրագրի հանձնառումը:

– Այո: Պարզապես համագործակցության գաղափարը համընկավ, որովհետև ինքն էլ ցանկություն ուներ մասնակցելու նման ծրագրի: Վերակառուցման երեք տարիների ընթացքում իրենց կողմից շատ մեծ աշխատանք է տարվել, ստեղծվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը, որի հիմնական ֆինանսավորողը Մովսես Ձավարյանն էր: Դրան զուգահեռ՝ կրկին իմ անձնական նախաձեռնությամբ, կնքվել է եռակողմ համաձայնագիր՝ Մշակույթի նախարարության, վերոհիշյալ հիմնադրամի և եկեղեցու միջև, որտեղ Օձունի վերականգնման ծրագիրը ներկայանում էր՝ որպես պիլոտային ծրագիր:

– Մեր տեղեկություններով՝ Մովսես Ձավարյանն ինչ-որ պահից սկսած՝ խզել է կապերն այդ հիմնադրամի հետ:

– Այո, ես տեղյակ եմ այդ մասին, նաև պատճառների մասին, բայց լավ կլինի այդ մասին իրենց կարծիքը հարցնեք, ես ինձ իրավասու չեմ համարում այդ թեմայի շուրջ հարցերի պատասխանել, մանավանդ, որ կարծում եմ՝ իմ կողմից բանսարկություն կդիտվի ասել՝ ինչի համար է տեղի ունեցել այդ խզումը (նշենք, որ մեր ունեցած տվյալներով՝ բարերար Ձավարյանի կապը «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի հետ խզվել է՝ այնտեղ աուդիտ անցկացնելու փաստով պայմանավորված.- Ն.Մ.):

– Տիկին Սամուելյան, Դուք, ի վերջո, չպատասխանեցիք իմ հարցին՝ ՀՀ մշակույթի նախարարությունն ի՞նչ արհեստական խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման ծրագրի շրջանակներում, որի մասին բարձրաձայնել էր բարերարը՝ Մովսես Ձավարյանը:

– Ես չգիտեմ, չեմ հասկանում պատճառը: Երկրորդ անգամ շինարարական աշխատանքների համար մրցույթ հայտարարվեց, որտեղ ներգրավված էր պետական շինարարական մի կազմակերպություն, որի մասնակցությանը՝ վերականգնման աշխատանքներին, պարոն Ձավարյանը դեմ արտահայտվեց: Նախարարն անձամբ հեռախոսազրույց ունեցավ նրա հետ, ես ներկա եմ եղել այդ խոսակցությանը: Պարզվեց, որ Ձավարյանը չի վստահում պետական շինարարական կազմակերպությանը, և նրա նախընտրությամբ շինարարական աշխատանքները հանձնարարվեցին մասնավոր «Լևբուկ» ընկերությանը, ինչպես ինքն էր ցանկացել: Կարծում եմ՝ սա էր խնդիրը, բայց ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ համար է հանկարծ պարոն Ձավարյանը հիմա «քնից արթնացել» և արդյունքում՝ հուլիսյան իր հայտնի հարցազրույցը մեջբերելով՝ երեկ այս աղմուկն են բարձրացրել, թե՝ պահանջում են մեր հրաժարականները: Ի վերջո, շինարարական կազմակերպության հետ կապված այդ անհամաձայնությունը մի քանի տարվա վաղեմություն ունի: Եվ հետո, կարծում եմ, խնդիրների պատճառը միայն Ձավարյանով չէր պայմանավորված՝ մեզ մոտ և´ ճարտարապետն էր «ցնդո», և´ գյուղապետն էր «ցնդո»: Գիտե՞ք՝ ինձ համար ի՛նչն է «օբիդնի» այս ամենի մեջ, որ մենք մի 3-4 հոգով նոքյարի նման այս նախագիծը վերջացրեցինք, որ մարդուն չքաշենք (նկատի ունի Ձավարյանին.- Ն.Մ.), որ անուն դուրս չգա, թե պետական վատ ծրագիր էր մշակված: Ի վերջո, ես որևէ նախագծի նման անձնական վերահսկողությամբ չեմ հետևում, որքան Օձունին: Անձնապես գնում-հասնում եմ այնտեղ, բարձրանում եմ վերակառուցվող եկեղեցու «խառաչոների» վրա, որ սեփական աչքով տեսնեմ արդյունքն ու վերջնական կատարողականը ստորագրեմ: Եվ, ի դեպ, հարցնում եմ բարերարին՝ Մովսես, որակի հետ կապված խնդիր ունե՞ս, ասում է՝ չէ, չունեմ, ասում եմ՝ ես էլ չունեմ… Ախր Օձունին զուգահեռ՝ մենք Վարագավանք ենք վերականգնում ու էլի նմանատիպ պատմամշակութային հուշարձանների ու, հատկապես, եկեղեցիների վերականգնման ոլորտում մեծածավալ նախագծեր ունենք:

– Իսկ ինչո՞ւ հատկապես Օձունի դեպքը նման աղմուկ բարձրացրեց:

– Որովհետև բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք… Ու հիմա, չգիտես՝ որտեղի՞ց, 5000 հոգի նամակ են ստորագրել, թե դժգոհ են, ու դա՝ այն դեպքում, երբ ես այսօր առավոտյան զրուցել եմ համայնքապետի հետ, և նա ինձ ասում է, որ իր համայնքում այդքան մարդ անգամ չի ապրում: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք այդ հայտարարությունը, կամ ո՞վ է այն տարածողը:

– Ինչի՞ց են բողոքում գյուղացիները:

– Որ եկեղեցու աշխատանքներն անավարտ են մնացել:

– Իսկապե՞ս անավարտ են մնացել:

– Անավարտ կարող է մնալ ամեն ինչ ու միշտ: Էն, ինչ ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, ավարտված է: Մենք միասին կարող ենք նայել բոլոր կատարողականները՝ հաստատված նախահաշվով:

– Տիկին Սամուելյան, վաղուց արդեն հայտնի է, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը, կարծեմ, Մշակույթի նախարարության ամենաքննադատված և ամենաթույլ կողմերից է։ Դուք համաձայն չե՞ք:

– Որովհետև դա աշխատանքի երևացող մասն է: Երբևէ, մինչև հիմա վերականգնման նման մեծ թափ չի եղել:

– Բայց Ձեր բերած փաստարկը վկայում է այն մասին, որ արձագանքները պետք է որ միայն դրական լինեին՝ նման լայնածավալ աշխատանքների պարագայում:

– Մարդիկ բողոքում են, որ վերականգնողական աշխատանքները երկար են տևում:

– Կարծում եք՝ միայն դա՞ է բողոքի նման ալիք բարձրացնելու պատճառը:

– Այո: Կարող է լրագրողը գալ այնպիսի պահի, որ բանվորը մի քարը դրել է ու գնացել, ասենք, ընդմիջման: Տեսախցիկներով բարձրանում են եկեղեցու գմբեթի վրա, լուսանկարներ անում ու տարածում իրենց լրատվամիջոցներով, ինչպես դա արեց, ասենք, «ՍիվիլՆեթի» լրագրողն ու հայտարարեց, որ աշխատանքներ չեն կատարվում, և այլն: Բանը հասավ նրան, որ ես անձամբ հրապարակեցի լուսանկարներ, որտեղ պարզ երևում էր, թե ինչ ծավալի վերականգնողական աշխատանքներ են տարվել տվյալ եկեղեցու պարագայում, և դրանից հետո արգելել եմ՝ առանց նախապես թույլտվության՝ լրագրողների նկարահանումները վերակառուցման ընթացքի մեջ գտնվող եկեղեցիների շրջանում, բայց դա էլ ստացվում է գրաքննություն: Հիմա էլ ասում են՝ Դուք նպաստում եք գրաքննության տարածմանը: Որոշեցինք լրագրողների հետ տարին մեկ անգամ շրջայց կատարել այն վայրերով, որտեղ վերականգնման աշխատանքներ են կատարվում, բայց ես չեմ կարող նախարարության հաշվին ամեն անգամ նման ծախսեր թույլ տալ, որ լրագրողները գոհ մնան ու մի ամիս պոզիտիվ նյութեր հրապարակեն: Դրա համար անհրաժեշտ է տրանսպորտ, ցերեկը մեկ անգամ հաց ուտել, էլի եսիմ ինչեր….

– Կարծում եք՝ դա մե՞ծ գումար է նման դեպքերի համար:

– Այո, մեզ համար մեծ գումար է:

– Տիկին Սամուելյան, ինչո՞ւ եք մատնանշում միայն տեխնիկական վրիպումների դեպքերը: Ես հիշում եմ տարիներ առաջ մեծ աղմուկ հանած պատմամշակութային կոթողներին կից տեղեկատվական վահանակներում առկա կոպիտ սխալները, դրանցից մեկում նույնիսկ՝ Հաղարծինի վանական համալիրի տեղեկատվական վահանակում, Սայաթ-Նովան ներկայացվել էր՝ որպես ադրբեջանական թագավորության համար դիվանագիտական միսիա կատարած պատմական անձ։ Ինչի՞ արդյունք էին այդ վրիպումները, որ համատարած բնույթ ունեին։ 

– Տեղեկատվական ցուցատախտակների հետ կապված այդ դեպքերն արվել են 2000-ական թթ. սկզբին, կոնկրետ տարեթիվը հիմա չեմ հիշում, ու հատուկ շեշտեմ, որ արվել է մինչև իմ և նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատելու ժամանակահատվածը (փոխնախարարի համար հատուկ հիշեցում՝ տեղեկատվական ցուցատախտակների տեղադրումն իրականացվել է 2011-12թթ.: Ըստ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տվյալների՝ Հասմիկ Պողոսյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 2008թ., Արև Սամուելյանը՝ 2009 թվականի հուլիսի 21-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ.- Ն.Մ.) : Բայց այդ ցուցատախտակները հանվել են, ու առաջինը հենց ապամոնտաժվեց Ձեր նշած տարածքի ցուցատախտակը: Մեր օրոք տեքստերը մենք ենք գրում, ընդհուպ՝ մինչև տեքստի դիզայնով ենք մենք զբաղվում:

– Իսկ խեղաթյուրված ինֆորմացիաներով այդ ցուցատախտակների հեղինակներն ովքե՞ր էին, պարզեցի՞ք:

– Տեքստերի հեղինակն AMAP ընկերությունն էր:

– Կոնկրետ գիտեի՞ք՝ ո՞ւմ էին հանձնարարում գրել այդ տեքստերը, որովհետև այդ տարիներին նաև խոսակցություններ կային, որ թուրքական կազմակերպություն էր ներգրավված այդ գործում:

– Չէ, AMAP-ն ամերիկյան կազմակերպություն էր, իսկ նախկին տեքստերի հեղինակները հայտնի չեն, որովհետև կոնկրետ մարդ չկար, կարծեմ՝ ոլորտի մասնագետներին էին հանձնարարել՝ Պատմության ինստիտուտ, և այլն…

– Կարծում եք՝ դիմել էին հայկական կողմին, ու գտնվել էին, այսպես ասած, մասնագետներ, ովքեր, օրինակ, հաստատել էին, որ Սայաթ-Նովան ադրբեջանական թագավորության համար դիվանագիտական միսիա կատարած պատմական ա՞նձ է եղել:

– Եկեք էդ թեման տենց բան չանենք հիմա, հա՞… Ինչևէ, դրանք արագ հանվեցին: Գուցե նոր վահանակները մի քիչ ուշացումով տեղադրվեցին, բայց կարծում եմ՝ կարևորը սխալ ինֆորմացիա պարունակող ցուցատախտակների արագ հեռացումն էր, ինչն արվեց, չնայած AMAP-ը վայնասունը գցել էր, թե՝ ծախս ենք արել էդքան…

– Կարծում եք՝ դրանք պատահակա՞ն վրիպումներ էին:

– Այո: Դիտավորյալ ոչինչ չկար, կարծում եմ՝ չիմացության արդյունք էր:

– Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ կլռե՞ն քննադատությունները՝ ուղղված այս նախարարության հասցեին և, հատկապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման աշխատանքների ուղղությամբ, որն ի պաշտոնե, կարծեմ, հենց Ձեր վերահսկողության տակ է:

– Գիտեք, ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և սիրով եմ անում: 2020թ. կնշվի Հայաստանում հուշարձանների վերականգնման ոլորտի 100-ամյակը: Արդեն սկսել ենք նախապատրաստվել: Ես հույս ունեմ, որ մինչ այդ մենք լուրջ պատրաստություն կտեսնենք այդ ուղղությամբ:

– Այսինքն՝ Դուք հույս ունեք, որ մինչև 2020թ. մնալո՞ւ եք այս պաշտոնում:

– Ես նման բան չասացի: Իմ ամենանորմալ կարգավիճակն այն է, երբ ես աշխատում եմ իմ գործով և երբևէ պաշտոնական դիրքեր զբաղեցնելու ձգտում չեմ ունեցել: Ոնց նշանակել են՝ տենց էլ մի օր կհանեն, դրան հանգիստ եմ նայում: Սա էլ երեկվա տարածած հայտարարության վերաբերյալ եմ ասում, որով պահանջում են մեր հրաժարականները:

– Տիկին Սամուելյան, Դուք «Վարդանանց ասպետներ» մասոնական օթյակի անդա՞մ եք:

– Ինչ ա՞…

– Հարցնում եմ՝ Դուք «Վարդանանց ասպետներ» մասոնական օթյակի անդա՞մ եք:

– Էդ ո՞վ է ասում:

– Լսել եմ, կուզենայի Ձեզնից իմանալ՝ հավաստի՞ են մեր լսած տեղեկությունները:

– Ես առաջին անգամ եմ լսում, բայց դուրս եկավ, անգամ, եթե լինեի՝ դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ես բավականին պրագմատիկ մարդ եմ:

– Առաջա՞րկ էլ չի եղել՝ երբևէ անդամակցելու այդ կառույցին:

– Չէ, Դուք հիմա առաջարկո՞ւմ եք:

– Ոչ, ընդամենը ես լրագրող եմ և եկել եմ ինձ հասած ինֆորմացիան Ձեզանից ճշտելու:

– Հետաքրքիր էր Ձեզ հասած ինֆորմացիան, ամեն դեպքում…

 

Տեսանյութեր

Լրահոս