Բաժիններ՝

«Այս հարցը, կարծում եմ՝ պետք է ուղղել ոչ թե՝ ինձ, այլ նախարարությանը կամ վերլուծական կենտրոններին՝ հասկանալու համար, թե ինչ դաս նրանք քաղեցին այս պիլոտային ծրագրից». Մովսես Ձավարյան

Օրեր առաջ «Օձուն» տեղեկատվական կենտրոնը  համացանցում տեղեկություն էր  տարածել  այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող  Սբ. Հովհաննես (Սբ.  Աստվածածին) եկեղեցու վերակառուցման բարերար Մովսես Ձավարյանի վերջին հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում Մշակույթի նախարարությունը սրբատեղիի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել ՀՀ մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով: Հայտարարության մեջ նշված էր՝  նամակ-խնդրագրի տակ, որն ուղարկվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, իրենց ստորագրությունն են դրել մոտ 5000 լոռեցիներ:

Տեղեկացնենք, որ մեզ հայտարարության հեղինակ կողմ  հանդիսացող «Օձուն» տեղեկատվական կենտրոնի մասին պաշտոնական  որևէ ինֆորմացիա ճշտել  չհաջողվեց:   Մենք կապ հաստատեցինք Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ «Օձուն» տեղեկատվական կենտրոնի մասին որևէ բան չի լսել, և, ըստ նրա փոխանցած ինֆորմացիայի՝ նման կենտրոն պաշտոնապես  գրանցված չէ և գոյություն չունի:

168.am-ը կապ հաստատեց մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանի հետ, պարզելու՝ որքանո՞վ  է այս հայտարությունը առնչվում  նրա բարեգործական  գործունեության հետ և թե ի՞նչ կարծիքի է նա այս ամենի վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում Մովսես Ձավարյանն ասաց, որ առաջին անգամ  է լսում այդ կազմակերպության մասին: Ստորև ներկայացնում ենք Մովսես Ձավարյանի հետ մեր զրույցի մանրամասները.

– Պարոն Ձավարյան, «Օձուն» տեղեկատվական կենտրոնի ակտիվիստները՝ հիմք ունենալով Ձեր վերջին հարցազրույցը, որտեղ Դուք  Օձունի եկեղեցու վերականգնման հետ կապված դժգոհություն եք հայտնում ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությունից,  ստորագրահավաք են սկսել և պահանջում են նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Արև Սամուելյանի հրաժարականները: Ստորագրահավաքի տակ, ինչպես իրենք են նշել հայտարարության մեջ, արդեն կա 5000  ստորագրություն: Դուք տեղյա՞կ եք այս մասին:

– Ոչ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել, ինչպես նաև՝ այդ խմբի մասին, որ նախաձեռնել է ստորագրահավաքը: Եթե նրանք կարող են 5000  ձայն հավաքել հրաժարականի պահանջի համար, ապա  երևի թե կարող էին այդքանով օգնության ձեռք մեկնել  պատմական եկեղեցու վերականգնման  աշխատանքների ընթացքում: Ուզում եմ ընդգծել, որ Լոռու բնակիչները  խիստ պասիվ դիրք էին գրավել վերականգնողական աշխատանքների ողջ ընթացքում, այս առումով հավատ չի ներշնչում, որ նրանք կարող էին 5000  ձայն հավաքել հրաժարականի պահանջի համար: Եվ հետո, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ հեռացնել նախարարին: Համակարգը դրանից հո չի՞ փոխվի: Լավ կլիներ՝ այդ  5000 հոգուց 5-ը նախաձեռնություն հայտնեն միանալու եկեղեցու և հարակից տարածքի մաքրման աշխատանքներին:

– Դուք ամբողջությամբ ֆինանսավորեցիք Սբ. Հովհաննես (Սբ.  Աստվածածին) եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Ի՞նչ փուլում է հիմա վերականգնման գործընթացքը:

– Մենք ամեն ինչ արեցինք, որ եկեղեցին դեռ երկար կանգուն մնա: Իրավիճակը շատ պարզ է՝ վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են:

– Դուք մեկ ամիս առաջ մամուլում  դժգոհություն էիք հայտնել Մշակույթի նախարարության հետ համագործակցության ընթացքից: Ըստ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ նա հանդիպել և զրուցել է Ձեզ հետ այդ թեմայի շուրջ: Գո՞հ եք հանդիպումից, խնդիրը լուծվա՞ծ է:

– Ես իր հետ շատ  վաղուց եմ հանդիպել՝  Հուշագրի ստորագրումից առաջ և այդ օրը: Այդ ժամանակ վերականգնման աշխատանքները  դեռևս սկսված չէին, և մենք չէինք կարող այդ մասին որևէ բան քննարկել:

– Այսինքն՝ սա նշանակում է, որ  վերջերս մամուլում Ձեր հնչեցրած մտահոգության հետ կապված հանդիպում նրա հետ չի՞ եղել:

– Մշակույթի նախարարությունից ես առնչվել եմ տիկին Սամուելյանի հետ: Նա ամեն ինչ արեց, որ նախագիծը հաջող ընթացք ունենա: Առանց նրա  ջանքերի՝ հիմա մենք կլինեինք այնտեղ, որտեղից սկսել էինք վերականգնման աշխատանքները: Դրա համար ես նրան շնորհակալ եմ: Այս նախարարության հետ կապված՝  եթե նույնիսկ այլ շփումներ էլ եղել են ինձ հետ, ապա դրանք զուտ  պատահական բնույթ են կրել, գուցե եղել են նախարարական մարդիկ, բայց ես չեմ իմացել այդ մասին:

– Որքանով տեղյակ եմ, եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են պիլոտային ծրագրի շրջանակներում: Ձեր մասնակցությամբ եկեղեցիների  հետագա վերականգնման  ծրագիրը շարունակություն կունենա՞:

– Պիլոտային ծրագիր ասվածն  ուղղված էր ոչ թե՝ ինձ, այլ՝   նախարարությանը, Եկեղեցուն և հասարակությանը: Հետևաբար՝ այս հարցը, կարծում եմ, պետք է ուղղել ոչ թե՝ ինձ, այլ նախարարությանը կամ  (ВААЦ  Ассоциация Аналитических Центр) վերլուծական կենտրոններին՝  հասկանալու համար, թե ի՞նչ դաս նրանք քաղեցին այս պիլոտային ծրագրից:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս