Ինչ հաշվի չի առել Կենտրոնական բանկը

Ինչպես արդեն նշել ենք` ՀՀ տնտեսությունն ակտիվանում է` ի հեճուկս բոլոր միջազգային կառույցների հոռետեսական կանխատեսումների և այլ «չար լեզուների»։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,7%-ով։

Տնտեսական ակտիվության աճը գրանցվել է (կամ` վիճակագիրները գրանցել են) հիմնականում 2 ոլորտների շնորհիվ` արդյունաբերության և գյուղատնտեսության։
Արդյունաբերությունը հունվար-մայիսին ունեցել է 4,5% աճ, ինչի մասին հպարտությամբ հայտարարում են մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները։ Սակայն ուրախանալու բան առանձնապես չկա, քանի որ այդ աճը գրանցվել է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի 32,5%-անոց աճի արդյունքում։ Իսկ, օրինակ, մշակող արդյունաբերությունը նվազել է 1,3%-ով։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այստեղ աճն ավելի տպավորիչ է եղել` 6%։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` գյուղատնտեսական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 5 ամիսներին կազմել է 174 մլրդ դրամ։ Այդ թվում` բուսաբուծության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 37,4 մլրդ դրամ (աճը` 10,5%), իսկ անասնաբուծության ոլորտինը` 136,6 մլրդ դրամ (աճը` 4,9%)։
Վատ ցուցանիշներ չեն, այնպես չէ՞։ Ավելին ասենք, եթե գյուղատնտեսության հետ միասին դիտարկում ենք նաև ձկնորսությունը, ապա ոլորտի ընդհանուր աճը 6%-ի փոխարեն` կազմում է 7,7% (միայն ձկնորսության ոլորտն աճել է 30,6%-ով և հասել 13,2 մլրդ դրամի)։

Մենք դեռ նախկինում էլ կարծիք էինք հայտնել, որ տնտեսական աճի ցանկալի ցուցանիշ ապահովելու համար ակտիվորեն օգտագործվելու է հենց գյուղատնտեսությունը. անհրաժեշտության դեպքում այստեղ կարող են անգամ երկնիշ աճ գրել, որը գործնականում ստուգման ենթակա չի լինի։
Սակայն ունենք այն, ինչ ունենք։ Այլընտրանքային վիճակագրություն չկա, և տնտեսական ոլորտի պատասխանատուներն ու առանձին կառույցները ստիպված են հիմնվել այս ցուցանիշների վրա։

Պաշտոնական վիճակագրության ցուցանիշները, բնականաբար, հիմք է ընդունում նաև ՀՀ Կենտրոնական բանկը` դրամավարկային քաղաքականություն իրականացնելու համար։

ՀՀ ԿԲ խորհրդի` 2015 թվականի հունիսի 23-ի նիստի արձանագրության մեջ մասնավորապես նշված է. «2015 թ. անցած հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7%-ով, որը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսվածին և գնահատվում է 4.9 ընդլայնող: Երկրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման միտումները` սակայն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով»:

Մի խոսքով` ԿԲ-ն տեքստային տարբերակով վերաշարադրել է պաշտոնական վիճակագրության չոր թվերն ու որոշ մեկնաբանություններ և եզրահանգումներ արել դրանց հիման վրա։

Եզրակացություններից մեկն էլ այն է, որ գյուղմթերքների գները կարող են նվազել։ «Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ»,- նշվում է Կենտրոնական բանկի` վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ:

Պարզ ասած` գյուղատնտեսության ոլորտի աճը նշանակում է գյուղմթերքի առաջարկի ավելացում։ Իսկ երբ առաջարկն ավելանում է, գները սովորաբար նվազում են։ Իհարկե, կարելի էր մտածել, որ գյուղմթերքի գները չեն նվազի, քանի որ մենք կարող ենք նորմալ գնով այդ արտադրանքն արտահանել ԵՏՄ-ի 170 միլիոնանոց տպավորիչ շուկա։ Սակայն ԿԲ-ն այս գործոնը չի դիտարկել։ Կարճ ասած, այնպիսի տպավորություն է, որ միրգն ու բանջարեղենը «ջրի գնով» են վաճառվելու Հայաստանում։ Ու քանի որ գյուղմթերքը սպառողական զամբյուղի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, այլ լուրջ գնաճային ճնշումներ էլ չկան (ներքին ու արտաքին), կարելի էր ենթադրել, որ գների ընդհանուր մակարդակը կարող է տարվա ընթացքում իջնել։
Սակայն` ոչ։ Ու լավ է, որ ոչ։ Տնտեսագիտության մեջ հայտնի բան է` ոչ չափից դուրս բարձր գնաճն է ցանկալի, ոչ գնանկումը (դրա համար էլ Կենտրոնական բանկը թիրախավորում է գնաճի ոչ միայն վերին սահմանը, այլ նաև ներքին)։ Ու ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ նշվում է, որ գները ոչ միայն չեն նվազի, այլև կգտնվեն թույլատրելի միջակայքի վերին հատվածում` 5.5%-ին մոտ։

Հիմա գանք ամենահետաքրքիր մասին։ Գիտե՞ք ինչով է Կենտրոնական բանկը հիմնավորում իր այս պնդումը. «Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում` 2016-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»:

Պա՞րզ է` ինչ է ասում Կենտրոնական բանկը։ Ասում է` գյուղմթերքի մասով գների մակարդակն ավելի ցածր կլինի, այսինքն` թույլատրելիից ավելի բարձր գնաճ չենք ունենա։ Սակայն մյուս կողմից` չենք ունենա նաև ցանկալի մակարդակից ցածր գնաճ, որովհետև էլեկտրաէներգիան թանկանում է և կոմպենսացնում գնանկումային ճնշումները։

Կարճ ասած` ստացվում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը նպաստում է գների կայունությանը։ Բայց, կա մի մեծ «բայց»` էլեկտրաէներգիան չի թանկանալու։ Չէ, իհարկե, ՀԷՑ-ին վճարվելու է ավելի բարձր գին` մատակարարվող էլեկտրաէներգիայի համար։ Սակայն սպառողները չեն վճարելու այդ տարբերությունը։ Այսինքն` բնակչության համախառն ծախսումների վրա էլեկտրաէներգիայի թանկացումը չի ազդելու։ Մյուս կողմից, ինչպես նշել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դա բյուջեի հաշվին էլ չի վճարվելու (այլ ինչ-որ անհասկանալի պետական աղբյուրներից)։ Այսինքն` հոսանքի թանկացումը պետբյուջեի ընթացիկ ծախսերի վրա էլ չի անդրադառնալու։

Սուբսիդավորման այս մեխանիզմը պետք է գործի մինչև ՀԷՑ-ում միջազգային աուդիտի ավարտը։ Իսկ դա կարող է տևել մի քանի ամիս։ Այսինքն` ամենայն հավանականությամբ, ՀՀ սպառողները մինչև տարեվերջ հոսանքի համար ավելին չեն վճարի։

Այս ամենը նշանակում է, որ էլեկտրաէներգիայի գնի տարբերությունը ԿԲ-ի նշած համատեքստում գնաճի վրա ազդեցություն չպետք է ունենա։ Կարճ ասած, այն հակակշռող գնաճային ազդեցությունը, որը պետք է ունենար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, այլևս կորցնում է իր դերը։ Ստացվում է, որ գնանկմանը հակակշռող միակ գործոն մնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Իհարկե, այս եզրահանգումներն անելու ժամանակ ԿԲ-ում դեռ չգիտեին, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու։ ԿԲ խորհրդի նիստը գումարվել է հունիսի 23-ին, իսկ երկրի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը (որի ժամանակ հայտարարվեց էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման մասին), տեղի է ունեցել հունիսի 27-ին։

Սակայն ԿԲ-ն այս եզրահանգումները հրապարակել է հուլիսի 3-ին։ Դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ եզրահանգումների տրամաբանությունն այլևս խախտված է։ Հղում է արված մի գործոնի, որը կորցրել է իր դերը։ Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա օրերին ԿԲ-ն կրկին նիստ գումարի և վերանայի վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին իր եզրահանգումները։

Տեսանյութեր

Լրահոս