Բիբս տեսնի վնասդ

Շատ, չափազանց հետաքրքիր բաներ են պարզվում, երբ ուսումնասիրում ես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսները։
Ինչպես հայտնի է` ընկերությունը ցանկանում է բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, քանի որ իրենց գործերը վատ են: Վա՞տ են արդյոք ընկերության գործերը։ Երբ նայում ես ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունը, որը հրապարակված է ընկերության պաշտոնական կայքում (www.ena.am), ապա ընկերության վիճակն իրոք վատ է։ Լացելու աստիճանի վատ։

Ընկերության հասույթն աճել է` 2013թ. 132.1 միլիարդից 2014թ. հասնելով 157.9 մլրդ դրամի։ Սակայն ծախսերն ավելի շատ են աճել, և ընկերությունը 2014-ը փակել է 9,8 մլրդ դրամի վնասով։ 2013-ին ՀԷՑ-ը նույնպես վնասով էր աշխատել, վնասի չափը կազմում էր 9.5 մլրդ դրամ։

Ինչպես երևում է ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունից, վնասը գոյացել է ֆինանսական ծախսերի պատճառով (վարկերի և տոկոսավճարների մարումներ)։ 2013թ. ընկերության ֆինանսական ծախսերը կազմել են 6,4 մլրդ դրամ, 2014-ին` 12 մլրդ դրամ։

ՀԷՑ-ի ֆինանսական պարտքը` ներգրավված վարկերի և փոխառությունների մեծությունը, 2014-ի վերջին կազմել է 94.8 մլրդ դրամ։ 2013թ. վերջին այս ցուցանիշը կազմում էր 88,1 մլրդ դրամ։ Այսինքն` պարտավորությունների ծավալը տարվա ընթացքում աճել է 6,7 մլրդ դրամով կամ 7,6%-ով։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ ՀԷՑ-ի պարտքն աճել է նաև մատակարարների գծով։ Այսպես, 2014թ. վերջին ընթացիկ առևտրային և կրեդիտորական պարտքերի մեծությունը կազմել է 36.1 մլրդ` 2013թ. վերջի 27,6 մլրդի դիմաց։

Եվ վերջապես, ևս մեկ կարևոր ցուցանիշ` ՀԷՑ-ի հաշվետվությունից։ 2014-ին ընկերությունը 4,2 միլիարդ դրամ է վճարել` որպես ներգրավված վարկերի դիմաց տոկոս։ Բացի այդ, տարվա ընթացքում ընկերությունը փոխառություններից ունեցել է 95 մլրդ դրամի մուտքեր, և կատարել է փոխառությունների մարում` 90 մլրդ դրամի չափով։ Սա նշանակում է, որ ՀԷՑ-ը պարտքով պարտք է փակել։ Կարճ ասած, հաշվետվությունից երևում է, որ ՀԷՑ-ի վիճակը տխուր է` ընկերությունը մնացել է «տոկոսի տակ»։

Բայց կան նաև այլ տվյալներ` նույն ՀԷՑ-ի մասին, որոնք այլ բանի մասին են վկայում ու տրամագծորեն այլ պատկեր են ներկայացնում։
Հայաստանի էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, որը նույնպես իր պաշտոնական կայքում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունները։

Հաշվետվության մեջ «Հայաստան» սեգմենտը ներկայացված է առանձին, որտեղ տվյալներն ամենևին տխուր չեն։

RAO-achet

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանում ունի 2 խոշոր օբյեկտ` մեկը Հայաստանի էլեկտրական ցանցերն են, մյուսը` Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը (Հրազդանի ՋԷԿ-ը)։ Հրազդանի ՋԷԿ-ը, ի դեպ, ապահովում է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի 12%-ը։

Էլեկտրաէներգիայի մատակարարման անկում ՀԷՑ-ը չի ունեցել։ 2014-ին մատակարարել է 5382 մլն կՎտժ էլեկտրաէներգիա (գրեթե նույնքան, որքան 2013-ին)։ Բաժանորդների թիվն աճել է։ Սակայն ամենահետաքրքիրը շահույթի ցուցանիշն է։ Այն աճել է, ընդ որում, զգալի չափով։

EBITDA ցուցանիշը, որը ցույց է տալիս շահույթը` մինչև հարկումը և ամորտազիացիոն ծախսերը հանելը (Earnings before interest, taxes, depreciation and amortization), 2014թ. արդյունքներով կազմել է 712 մլն ռուբլի (շուրջ 6 միլիարդ դրամ)։ 2013-ին EBIDTA-ն կազմել էր 184 մլն ռուբլի։ Այսինքն, պարզվում է` ՀԷՑ-ը ոչ միայն շահույթով է աշխատել 2013 և 2014-ին, այլև շահույթը 2014թ. ավելացել է 528 մլն ռուբլով կամ 3.9 անգամ։
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հաշվետվության մեջ բառացիորեն նշվում է. «Սեգմենտում (նկատի ունի հայաստանյան ընկերությունները.- Բ.Թ.) EBIDTA ցուցանիշի աճը կազմել է 644 մլն ռուբլի, այդ թվում` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գծով` 528 մլն ռուբլի։ Ցուցանիշի աճը պայմանավորված էլեկտրաէներգայի փոխանցման սակագների առաջանցիկ աճով` էլեկտրաէներգիայի գնման գների և հզորությունների դիմաց վճարների նկատմամբ»:

Այսինքն` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն իր հաշվետվության մեջ անկեղծորեն խոստովանում է, որ` ա) 2013-ին աշխատել է շահույթով, և բ) որ 2014 թ., էլէներգիայի սակագնի 10,1%-անոց թանկացման շնորհիվ իրենց շահույթը բազմապատկվել է։
Ինչպես տեսնում եք` ոչ մի խոսք` վնասների, պարտքերի կամ դժվարությունների մասին։ Ընդ որում, 2014թ. ֆինանսական հաշվետվությունը հրապարակվում է 2015թ. ապրիլին։ Ու այդ պահին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դեռ չգիտեր, որ, եթե սակագինը Հայաստանում չբարձրացնեն, ապա ընկերությունը նորմալ չի կարողանա աշխատել։ Սա պարզապես անհավատալի է։

Ավելին ասենք, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հաշվետվության` Հայաստանին վերաբերող հատվածն ավարտվում է մի փոքր պարբերությամբ, որը վերնագրված է «Զարգացման հեռանկարներ»։ Այստեղ նույնպես ոչ մի խոսք չկա խնդիրների մասին։
Այնպիսի տպավորություն է, որ ՀԷՑ-ի ֆինանսական ողբերգության մասին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ում մինչ օրս էլ չգիտեն։ Այդ մասին գիտեն միայն ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Գիտեն ու փորձում են դրանում համոզել ՀՀ ազգաբնակչությանը։

Ի դեպ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի բիզնես կարգախոսը հետևյալն է` «Энергия без границ»: Հայաստանի էլեկտրական ցանցերը, եթե չենք սխալվում, կարգախոս չունի։
Կարծում ենք` վատ չէր լինի, եթե ՀԷՑ-ը վերցներ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կարգախոսն ու մեկ բառ փոխելով` ստեղծեր իրենցը։ Օրինակ` «Электрические сети Армении. Фантазия без границ»: Կամ` «наглость»: Ըստ ճաշակի։

Տեսանյութեր

Լրահոս