Բաժիններ՝

Կամո Արեյանը՝ 29 մլն դրամով գնված կոնյակի ու արծաթյա բաժակների մասին

Երևանի քաղաքապետարանի կողմից երթուղային գծերի համար կազմակերպվող մրցույթների ու քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ ամենասպառիչ պատասխանը տվել է ուսումնասիրությունն իրականացրած ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Մարդը տվել է սպառիչ, հասկանալի պատասխան: Ասել է, որ խոսքը քաղաքապետարանին չի վերաբերում, խոսքը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքապետարանում մրցույթները կազմակերպվել են օրենքների համապատասխան, գնումների ընթացակարգին համապատասխան: Եվ պարոն Շաբոյանը հրապարակավ հայտարարեց, որ իր տեղեկանքը չի վերաբերել Երևանի քաղաքապետարանին, Երևանի քաղաքապետարանը իր ֆունկցիոնալ առումով այդտեղ իր քննության օբյեկտը չէր, ինքը ի նկատի է ունեցել տնտեսվարող սուբյեկտներին և ինքը զբաղվում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծով: Երևանի քաղաքապետարանին ֆունկցիոնալ առումով ինքը  նկատի չի ունեցել: Սա ես կրկնեցի պարոն Շաբոյանի ասածը»,- հայտարարեց Կ.Արեյանը:

Հարցին, թե քաղաքապետարանի բոլոր ծախսերը հիմնավորվա՞ծ են, Կ.Արեյանը դրական պատասխանեց. «Քաղաքապետարանի ծախսերը տնտեսագիտորեն հիմնավորված են, անհրաժեշտությունը, ծավալը՝ հիմնավորված են, մի մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմում են աչքաչափով: Քաղաքապետարանում նստած են պրոֆեսիոնալ մարդիկ, որ բյուջեն կազմում եմ բյուջետային գործընթացին ու դասակարգմանը համապատասխան»:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից մոտ 29 մլն դրամով գնված կոնյակին ու արծաթյա բաժակներին՝ փոխքաղաքապետը հայտարարեց, թե կրնկակոխ չի հետևել, թե ով է խմել կոնյակը, իսկ բաժակները նվիրել են տարբեր պատվիրակությունների. «Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից, Երևան քաղաքը գավառական մտածելակերպով չի տառապում, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Երևանցուն էլ ենք արժանավայել ծառայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս