Բաժիններ՝

Դավիթ Հարությունյանը՝ ՀԷՑ-ի ղեկավարի «Լեքսուս» մեքենայի մասին. «Պե՞տք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ»

Հայաստանի էլեկտրացանցերում գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի, պետք է վճարի սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի իր սպառած էլեկտրէներգիայի համար, եթե սակավաջուր տարի է և օբյեկտիվ գործոններ կան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ գողության փաստով քրեական գործ կհարուցվի, միայն եթե հաղորդում տան դրա մասին. «Գողության մասին խոսելիս՝ պետք է բացել փակագծերը՝ յուրաքանչյուր նման կազմակերպությունում կան առևտրային կորուստներ: Գողությունը սեփականատիրոջ գրպանից է կատարվում, թող առաջինը սեփականատերը մտածի: Իսկ եթե դուք էլ ունեք փաստ, խնդրեմ, տվեք հաղորդում»:

Դ. Հարությունյանի խոսքով՝ գերկորուստները երբևէ սակագնի մեջ չեն արտահայտվել, քանի որ մեր օրենսդրությամբ թույլատրելիից ավելի կորուստները գնում են սեփականատիրոջ գրպանից:

Թե ինչո՞ւ պետք է նման ծանր վիճակում ՀԷՑ-ի ղեկավարը «Լեքսուս» մեքենա գնի, Հարությունյանը հակադարձեց՝ «պե՞տք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ»: Ըստ նրա՝ դա ընկերության ծախսերի մեջ է մտնում. «Եթե ուզում է քշել «Լեքսուս», թող քշի, իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկում է նույն ստանդարտով, որ ընդունված է պետական կառավարման համակարգում և ստանդարտ մեքենայի չափով կհաշվարկի, օրինակ 12 հազարով՝ 100 հազարի փոխարեն: Դրանով է պայմանավորված հայտի ու հաստատված սակագնի տարբերությունը»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ՀԷՑ-ի ղեկավարությանը փոխել հնարավո՞ր է, չէ՞ որ այսքան տարի խոսվում է վատ մենեջմենթից, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Սեփականատերը պետք է մտածի: Որոշակի քննարկումներ կան, մանրամասներ չեմ կարող ասել: Սեփականտերը կարող է հրաժարվել իր սեփականությունից, կարող է փոխել կառավարչին: Տեսականորեն կարող ենք ազգայնացնել ընկերությունը, բայց վատ կառավարման պատճառով չենք կարող, վատ կառավարումն ազդում է շահութաբերության վրա»:

Մեր դիտարկմանը, որ փաստորեն, սեփականատիրոջը չի մտահոգում, որ ՀԷՑ-ի նախկին տնօրեն Գլադունչիկը ճամպրուկով փորձում էր հեռանալ երկրից, այժմ էլ ղեկավարում է այլ ընկերություն, ու սեփականատերը չի անհանգստանում իր ընկերության գործունեությամբ ՀՀ-ում, այս դեպքում ի՞նչ կարող է անել ՀՀ կառավարությունը, Դ.Հարությունյանը պատասխանեց, թե հենց սեփականատերը խախտի ՀՀ օրենսդրությունը, կառավարությունն օրենսդրությամբ նախատեսված կարգով նրան պատասխանատվության կենթարկի:

Ըստ նրա՝ բազմաթիվ ընկերություններ կան, որ լավ են կառավարվում, բազմաթիվը՝ վատ. «Հանրային ծառայությունների տեսանկյունից ունենք պահանջներ և եթե դրանք խախտում են, մենք ունենք միջամտելու իրավունք՝ սկսած նախազգուշացումից և տուգանքից, ընդհուպ մինչև լիցենզիայի վերացում: Հանրությունը միշտ իրավունք ունի ներկայացնել իր դիրքորշումը: Սակագները կարող են աճել, յուրաքանչյուր ծառայութան գին աճում է, այլ խնդիր է, եթե այն աճում է անարդար, այստեղ բողոքի ալիքը կլինի շատ ավելի մեծ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս