Հովհաննես Սահակյանը չի ստորագրել Գ.Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը

«Բավականին բարդ խնդիր է, հատկապես երբ նման հատկանիշներով մեղադրանք են մարդուն ներկայացնում, մի քիչ բարդ է որևէ եզրակացություն անել: 73-ամյա կնոջը սպանության փորձում մեղադրել և ձերբակալելը բավականին լուրջ գործընթաց է, հետևաբար, բացառապես իրավապահ համակարգը պետք է տա գնահատականներ և պարզաբանումներ: Չէի ուզենա քաղաքական առումով ինչ-որ ակնարկ կատարել, որովհետև դրա միտումն էլ չկա: Նույն քաղաքական թիմի մեջ գտնվող երկու անձի խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության մասին:

Նա նշեց, որ չի ստորագրել պատգամավորների միջնորդությունը՝ Գ.Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու վերաբերյալ. «Կիսում եմ բոլոր մտահոգությունները, մոտեցումները, բայց չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ պետք է տեսակետ հայտնենք: Ես ինքս կցանկանամ, որ նա ազատության մեջ լինի և, կարծում եմ, որ 73-ամյա վատառողջ կնոջ հանդեպ պետք է վերպահումներ անեն»: Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը երեկ ձերբակալվել է ԲՀԿ-ական գործարար Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով:

Տեսանյութեր

Լրահոս