Բաժիններ՝

Բոլորին էլ ստուգում են

«Մամուլում շատ է շրջանառվում, որ մեր կազմակերպություններում ստուգումներ են իրականացվում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում: Տեղեկությունը հնացած է, ստուգումներ անցած տարի են եղել: Ընդ որում՝ այն կոնտեքստում, որ հարկային մարմինները տարեկան մոտ 1000 կազմակերպություններում ստուգումներ են իրականացնում, որոնցից մեկն էլ մեր կազմակերպությունն է եղել»,- 168.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» սեփականատեր Գարեգին Նուշիկյանը՝ պարզաբանելով կազմակերպությունում հարկային ստուգումների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ արտառոց ոչինչ չկա, որ կազմակերպությունում ստուգումներ են իրականացվում, այլ հարց է, թե այդ ստուգումների հիմքերն օբյեկտի՞վ են, թե՞ ոչ: Գ.Նուշիկյանը նշել է, որ, մասնավորապես, խոսք է գնացել 2 կազմակերպությունների մասին, որոնց գործերը գտնվում են դատարանում.

«Մարդիկ համաձայն չեն գրված ակտերի հետ, գտնում են, որ սուբյեկտիվ են գրվել, և բողոքարկել են դատարանում: Բայց երբ խոսքը գնում է հարկային ստուգումների արդյունքում գրված ակտերի կամ իրավախախտումների մասին, և եթե որևիցե կազմակերպության նկատմամբ ստուգումների արդյունքում կիրառվում են տույժեր ու տուգանքներ, դա բացարձակ չի նշանակում, որ այդ կազմակերպությունն օրինախախտ է, կամ կանխամտածված հարկեր է թաքցրել: Այդ խախտումները բազմատեսակ են լինում` անուշադրության, օրենքների հաճախակի փոփոխությունների արդյունքում հաշվապահի չիմացության, բացթողումների հետևանքով, և այլն:

Եվ այդ ակտերը չեն նշանակում, որ կազմակերպությունը չարաշահել է: Հարկային մարմինների մոտեցումը չի կարելի գնահատել, թե միտումնավոր ստուգում են իրականացրել և միտումնավոր տույժ-տուգանքներ են գրվել»:

Հարցին՝ հարկայինի դաշտը խստացվել է բոլորի՞ համար, և ո՞չ թե՝ միայն ոչ իշխանականների, Գ. Նուշիկյանը պատասխանել է. «Ի՞նչ նշանակություն ունի՝ իշխանակա՞ն թևի գործարարներ են, թե՞ ոչ: Եթե այդպես մոտենանք հարցին, ապա բոլոր գործարարներն էլ իշխանական թևի գործարարներն են: Եվ եթե այդպես լինի, ուրեմն ոչ մեկի մոտ պետք է ստուգումներ չիրականացվեն»:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս