ՓՄՁ-ների ներկայացուցիչները ամեն օր բողոքի ակցիա են անելու, իսկ փետրվարի 1-ին՝ համընդհանուր գործադուլ (տեսանյութ)
Այսօր Կառավարության շենքի դիմաց մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ շարունակում էին երեկ սկսած բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, որը գործելու է փետրվարի 1-ից:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը պետք է շրջանառության մեջ մտներ դեռևս 2014 թվականի հոկտեմբեր ամսից, սակայն ձեռներեցների բողոքի ալիքի բարձրացման արդյունքում՝ այն հետաձգվեց մինչև 2015 թվականի փետրվար ամիս:
Նշենք նաև, որ օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
ՓՄՁ-ների ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվանից կրկնում են, որ իրենք ավելի լավ է 3.5 տոկոս հարկ վճարեն, քան կատարեն նախատեսվող փաստաթղթավորումը: Նրանք նշում են, որ չեն կարող այդքան շատ թղթաբանությամբ զբաղվել, բացի այդ՝ շատ հաճախ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները իրենց փաստաթուղթ չեն տալիս.
«Անցյալ անգամ ասացին, որ տոնավաճառի տնօրենների հետ կպայմանավորվեն, 20-30 հոգով կնստեն, իրենց մասնագետներից կգան, մեզ կբացատրեն, որ սա իբր լավ է մեր համար: Մենք էլ ասացինք՝ եթե իրոք գան, բացատրեն, մենք էլ հասկանանք, որ լավ է մեզ համար, կգանք ձեզնից ներողություն կխնդրենք: Բայց ոչինչ էլ չարեցին, հիմա բռնել իրենց ուղին են տանում: Իրենք, որ բանավոր խոսում են, շատ հանգիստ է ամեն ինչ, բայց երբ մտնում ենք գործի մեջ, չգիտենք՝ ոնց անենք: Իրենք պետք է օրենքն ընդունեն՝ ոչ թե մեծահարուստների ասելով, այլ արևի, անձրևի տակ կանգանծ մարդու»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
168.am-ի հետ զրույցում ձեռներեցներից մեկն ասաց, որ եթե իրենց պահանջը չիրականացվի, իրենք նստացույց և հացադուլ են սկսելու:
Բողոքող քաղաքացիների հետ, ինչպես երեկ, այսօր էլ հանդիման եկավ կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը տեղեկացրեց, որ այդ պահին վարչապետը կառավարությունում չէ, գնացել է աշխատանքային քննարկման: Նա նաև ասաց, որ եթե վարչապետը որոշի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ, ինքը կտեղեկացնի:
Ցուցարարները գոհ չմնացին կառավարության ներկայացուցչի պատասխանից: Նրանք որոշեցին գրեթե ամեն օր գալ և բողոքի ակցիա իրականացնել, իսկ փետրվարի 1-ը հայտարարեցին համընդհանուր գործադուլ, այսինքն՝ տոնավաճառները, առևտրի կենտրոնները փետրվարի 1-ին չեն աշխատելու: Քանի որ վաղը՝ հունվարի 28-ին, տոնական և ոչ աշխատանքային օր է, ձեռներեցները և գործարարները որոշեցին, որ հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա փետրվարի 29-ին՝ առավոտյան ժամը 11-ին.
«Մենք միահամուռ ենք և վճռական ենք տրամադրված: Եթե պառակտվենք՝ ոչնչի չենք հասնի: Դրա համար պետք է միասնական լինենք»,- հայտարարեցին ցուցարարները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: